

Սյունաց երկիր
Սեպտեմբերի 10-ին` Քաջարանի կոմբինատի բաց հանքը բարձունքից դիտարկելիս, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մաքսիմի միջեւ տեղի է ունեցել խոսակցություն` Քաջարան գյուղի ապագայի առնչությամբ: Խոսակցության սեղմագիրը` ստորեւ:
Վարչապետ. - Էն ի՞նչ բնակավայր է հեռվում:
Մաքսիմ. – Քաջարան գյուղն ա:
Վարչապետ. – Հա՜, էն որ բողոքո՞ւմ են:
Մարզպետ. - Էլ չեն բողոքում:
Մաքսիմ. – Չէ, էլ չեն բողոքում, իրանց ոչ մի վնաս չի լինելու, եթե լինի, ես հարյուրապատիկ կփոխհատուցեմ:
Վարչապետ. - Եթե խնդիր չկա, բա ինչո՞ւ են բողոքում:
Մարզպետ. - Դիմումը հետ են վերցրել, էլ չեն բողոքում:
Մաքսիմ. – Սխալ էին հասկացել մարդիկ…
Սեպտեմբերի 12-ին այդ առիթով հեռախոսազրույց ունեցանք Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ, ով մասնավորապես ասաց. «Մենք ճիշտ էլ հասկացել ենք կառավարության որոշման կործանարար իմաստը, մենք հետ չենք վերցրել մեր դիմումը եւ շարունակում ենք բողոքել… Մոտ օրերս` Մաքսիմի նախաձեռնությամբ, տեղի կունենա իմ եւ տնօրենի հանդիպումը, կքննարկենք խնդիրը»:
Փոքրիկ այս զրույցից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը սահմանային Քաջարան գյուղի ճակատագրի հարցում սեփական կարծիք չունի, այլապես կարող էր, օրինակ, մի քանի հարց տալ զրուցակիցներին` ի՞նչ ասել է` «Դիմումը հետ են վերցրել», ի՞նչ ասել է` «Սխալ են հասկացել», ի՞նչ ասել է` «Էլ չեն բողոքում»: Կարող էր նաեւ Մաքսիմին հարցնել` «Էդ ի՞նչ շահույթ եք ակնկալում Քաջարան գյուղի ընդերքից, որ պատրաստ եք հարյուրապատիկ փոխհատուցել վնասը»: Բայց վարչապետը լուռումունջ լսել է նրանց պատասխանները եւ թեմայի քննարկումն ավարտված համարել:
Փոքրիկ այս դիպվածը հուշում է, որ Քաջարան գյուղի բնակիչները պետք է ընտրեն գյուղը պաշտպանելու նոր մարտավարություն, եթե, իսկապես, կամենում են գյուղը չջնջել քարտեզի երեսից:
Հոկտեմբեր 20, 2011 at 12:42
