

ԷկոԼուր
Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «Սագամար» ընկերության լեռնահարստացուցիչ կոմբինատի բացումը: Միջոցառմանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կոմբինատում հարստացվելու է Արմանիսի ոսկու հանքավայրի հանքանյութը: Շահագործման արտոնագիրը ռուսաստանյան «Նեւա Ռուս» ընկերությանն է: Ընկերության ներդրումային պորտֆելում բացի «Սագամար» ՓԲԸ-ից նաեւ «Մոլիբդենի աշխարհ» ՓԲԸ-ն է, որը շահագործում է Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը, «Էլվի Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Լիչքվազ Թեյի ոսկու հանքավայրը: Սա պաշտոնական տեղեկատվությունն է: Բայց ոչ պաշտոնականն այն է, որ արդեն մի քանի տարի ԶԼՄ-ները, Ստեփանավանի հասարակական կազմակերպությունները չեն կարողանում «Սագամար»-ի ղեկավարությունից բոլորին հուզող հարցերի պատասխանները ստանալ: «Սագամար» ընկերության գործունեության գոտին մասնակիորեն մտնում է Ստեփանավան քաղաքի` Հայաստանի ամենասիրելի առողջարաններից մեկի վարչական տարածքի մեջ: Այսինքն, մարդիկ հանքարդյունաբերության վտանգավոր օբյեկտներից` բացհանքից, կոմբինատից, պոչամբարից ընդամենը 2-2,5 կմ հեռավորության վրա են ապրում: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում տեղական «Լոռե ակումբ» էկոլոգիական հասարակական կազմակերպության նախագահ Մանյա Մելիքջանյանն ասաց. «Մարդիկ գալիս են մեզ մոտ եւ բողոքում, որ իրենց տներում հանքի պայթեցումներից ճաքեր են առաջացել: Նրանք վախենալով են օգտագործում Ձորագետ գետի ջուրը, ասում են, որ գետը փոխել է իր գույնը, աղտոտված է հանքի թափոններով: Իսկ չէ՞ որ այդ գետն անդրսահմանային նշանակություն ունի, մտնում է Քուռ-Արաքս գետերի ավազանի մեջ: Մարդկանց անհանգստացնում են հնարավոր ռադիացիոն վտանգները: Մենք հարցրեցինք Բնապահպանության նախարարությանը, մեզ ասացին. «Մի զբաղվեք ապատեղեկատվության տարածմամբ, որտեղի՞ց գիտեք` կա այնտեղ ուրան, թե չկա»: Մենք չգիտենք էլ, բայց ուզում ենք իմանալ: Իսկ նրանք, ովքեր ապրում են մոտակայքում, ասում են, որ պայթեցումներից առաջացած փոշու հետեւանքով գլխացավեր են ունենում»: Բայց ամենամեծ վտանգը, նրա կարծիքով, ներկայացնում են ծանր մետաղներ եւ տոքսիկ տարրեր պարունակող թափոնները եւ լցակույտերը: «Թե որտեղ են նրանք հավաքվում, ինչպես են պահպանվում, մենք չգիտենք: Քանի անգամ, թե նամակով, թե բանավոր խնդրել ենք թողնել մեզ ձեռնարկության տարածք եւ ցույց տալ, թե որտեղ են այդ թափոնները: Մեզ կամ չեն պատասխանել, կամ պատասխանել են շատ կոպիտ: Սպառնացել են նաեւ խնդիրը լուսաբանող լրագրողներին»,- ասում է «Լոռե ակումբ»-ի նախագահը:
«Սագամար» ընկերությունը փակ է ձեռնարկության ազդեցության գոտում ապրող մարդկանց համար: Մեր կողմից հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունը եւ երկի կողմից վավերացված կոնվենցիաները` մասնավորապես Օրհուսի կոնվենցիան, պահանջում են ընկերությունից ոչ միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ բաց տեղեկատվություն, այլեւ հասարակության եւ տեղի բնակչության մասնակցությունը շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներին: Սա նշանակում է, որ ընկերության կողմից հանդիպումների եւ էկոլոգիական նշանակության տեղեկատվության տրամադրման մերժումները կարող են դիտարկվել որպես երկրի օրենսդրության խախտումներ: Նաեւ ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` ընդերքը ժողովրդի սեփականությունն է, այլ ոչ առանձին ընկերության, նույնիսկ եթե այդ ընկերությունn օգտվում է բարձր հովանավորությունից:
Բացվեց «Սագամար» լեռնահարստացուցիչ կոմբինատը
Tert.am
Ստեփանավանի Արամիս թաղամասում նախագահը Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր բացվեց «Սագամար» ընկերության լեռնահարստացուցիչ կոմբինատը: Սերժ Սարգսյանը շրջեց կոմբինատում, ծանոթացավ ընկերության ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներին: Հանքը շահագործելու է ռուսաստանյան «Նևա Ռուս» ընկերությունը, որը Հայաստանում իր գործունեությունն է իրականացնում 2007 թվականից:
Միայն Սագամար հանքում կազմակերպությունը շուրջ 94 մլն դոլարի ներդրում է կատարել: Նախագահին ծանոթացրել են ֆաբրիկայի ներկայիս հզորություններին: Առաջին 3 տարին հանքը շահագործվելու է բաց եղանակով և հանքաքարի տարեկան վերամշակման ծավալը կկազմի 5-6 հազար տոննա: Հետագայում շահագործման կհանձնվի նաև ստորգետնյա հանքը և հանքաքարի վերամշակման ծավալը կաճի մինչև 8 հազար տոննա տարեկան: Հայաստանում «Նևա Ռուսը» ցինկի, պղնձի և կապարի վերամշակմամբ է զբաղվում:
«Նևա-Ռուս» ընկերության ներդրումային գծով տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով, առաջիկա երկու տարիների ընթացքում կազմակերպությունը հանքարդյունաբերության ոլորտում ևս 24 մլն դոլարի ներդրում կանի:
Կազմակերպությունը կարևորում է բնապահպանական տեսանկյունից անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը: «Սագամարում» առաջին անգամ կներդրվի չոր պոչերի տեխնոլոգիան` խտանյութը լվացվելուց հետո ջրի վնասակար նյութերն ու ծանր մետաղները ֆիլտրվելու են, իսկ ջուրը վերադառնալու է հանք կրկին օգտագործման: Հայաստանյան մետաղները ձուլվելու են Չինաստանում և Եվրոպայում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերության նոր մշակույթ է ձևավորվում: «Մենք նշանակություն ենք տալիս ոչ թե շահույթ հետապնդելուն, այլ մաքուր տեխնոլոգիաներին»:
Նոյեմբեր 07, 2011 at 14:03
