Արթուր Ղազարյան. Բնապահպանության նախարարությունը միայն վնասում է բնությանը

Արթուր Ղազարյան. Բնապահպանության նախարարությունը միայն վնասում է բնությանը

PanARMENIAN.Net

ՀՀ ամբողջ հանքահումքը անխնա իրացվում է, արտահանվում, արդյունքում ստացված շահույթը մտնում է առանձին ընտանիքների գրպանները, իսկ պետությանը մնում են միայն թափոնները: Նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը. «Բացահայտ հանցագործություն է կատարվում` օրենքով սահմանված կարգով, քանի որ հանքարդյունաբերության թափոնների համար հարկ չեն վճարում»:

Նա նշեց, որ դրա պատճառն այն է, որ բոլոր բարձր պաշտոններ զբաղեցնողներն էլ հանքեր ունեն և մշակում ու ընդունում են իրենց ձեռնտու օրենքներ:

«Ոչ միայն հանքահորերն են վտանգավոր, այլ գետերը լցվող պոչհանքը, հանքարդյունաբերության չվերահսկվող թափոնները: ՀՀ քաղաքացին ոչ միայն թալանվում է, այլև զրկված է ապրելու իրավունքից»,- ասաց Սանասարյանը:

Եթե Հայաստանի 470 հանքերը պետբյուջե վճարեն տնտեսական վնասի վճարը, որը հիմա չի արվում, ապա ՀՀ բյուջեն մի քանի անգամ կբազմապատկվի:

Հանքարդյունաբերության ոլորտի իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ կառավարության որորշումների գերակա մասը բխում է ոչ թե ժողովուրդի, այլ հանքարդյունաբերողների շահերից: Որպես միակ ելք նա առաջարկում է ամբողջովին փոխել կառավարության կազմը. «Եթե բնապահպանության նախարարությունն ընդհանրապես չգործի, մեր բնությունը միայն կշահի, քանի որ այն միայն վնասում է բնությանը»:

Հանքարդյունաբերության ոլորտում բացահայտ հանցագործություններ են կատարվում. բնապահպան

Tert.am

«Պետականորեն ստեղծվել են նպաստավոր պայմաններ, որպեսզի Հայաստանի ամբողջ հանքարդյունաբերությունը սպառվի»,- նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ հավելելով, որ շահույթը գնում է առանձին անհատների գրպաններ, իսկ պետությանը մնում են թափոններ: «Հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենահիվանդոտ բնագավառն է, ուր բացահայտ հանցագործություններ են կատարվում»,- ասաց նա։

Սանասարյանի խոսքով` հանքարդյունաբերության թափոնները հանվել են հարկային դաշտից, ինչը հակապետական մոտեցում է: Ըստ Հակոբ Սանասարյանի` այդ ուղղությամբ բարձրացված բոլոր հարցերը, դիմում-բողոքներն անպատասխան են մնում նախևառաջ այն պատճառով, որ հենց ԱԺ-ում և կառավարությունում շատ պաշտոնյաներ ունեն բազմաթիվ հանքավայրեր` մեծամասամբ ուրիշների անուններով ձևակերպած, այդ պատճառով էլ նրանք ստեղծում են այնպիսի օրենքներ, որ իրենց ձեռնտու լինեն:

«Վարդան Այվազյանն, օրինակ, անուշադրության էր մատնում մեր աղաղակող փաստերը Թեղուտի մասին, որ անտառներ ու գետեր են ոչնչանում։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե Թեղուտի գործով տնտեսական վնասը գնահատում են 2 մլրդ դրամ կամ մեկ տանձենին գնահատում են 1000 դրամ: «Վալեքս» գրուպի տնօրեն Վալերի Մեժլումյանն ունի 40 հանք շահագործելու արտոնագիր։ Եթե այսպես շարունակվի, հանքավայրերը սպառվելու են Հայաստանում, պոչանքները լցվելու են գետերի հուները, քաղաքացին էլ զրկվելու է առողջ ապրելու իրավունքից»,- ահազանգեց Հակոբ Սանասարյանը:

Նա հայտնեց, որ Հայաստանում, պաշտոնական տվյալներով, գործում է 470 հանքավայր, որոնցից 20-ը` մետաղ արդյունահանող, և տնտեսական վնասի համար հանքարդյունաբերողները պետք է հարկ վճարեն:

«Քաջարանը տարեկան շահագործում է 16 մլն տոննա հանքաքար։ Եթե թափոնների համար հարկվի, ապա տարեկան 760 մլրդ դրամ կմուտքագրվի պետության բյուջե։ Այսօր Հայաստանում հանքավայրերը չունեն բնապահպանական անձնագիր, որում նշված պետք է լինի պոչամբարի տված վնասի չափը»,- ասաց Հակոբ Սանասարյանը` հավելելով, որ պետությանն ավելի ձեռնտու է՝ ինքը զբաղվի հանքարդյունաբերությամբ, քան այն տա մասնավորին: Ըստ նրա՝ բնավճարները Կանադայում կազմում են 16 տոկոս, իսկ Հայաստանում աշխարհում ամենացածր ցուցանիշն է` 1,3 տոկոս:

«Մեզ մարդ չեն համարում, երբ մենք բարձրաձայնում ենք, որ պետք է հանքարդյունաբերությունը իր պոչանքներով գա հարկային դաշտ: Բնական ռեսուրսները մեր բոլորիս սեփականությունն են, ոչ թե առանձին ընտանիքների»,- ասաց Կանաչների միության նախագահը:

ՀՀ-ում ոչ մի պոչամբար չունի բնապահպանական անձնագիր և թունավորվածության աստիճան. Բնապահպան

1in.am

Հայաստանում հանքարդյունաբերության` նման տեմպերով զարգացման պարագայում բնությանը հասցվող անդառնալի վնասներն անխուսափելի են:

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց «Կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքով` ըստ վիճակագրության, Հայաստանում ներկայում 470 հանք է գործում: «Օրինակ` Քաջարանը տարեկան մշակում է 16 մլն տոննա հանքաքար: Եթե թափոնների համար հարկվող բոլոր գումարները կոնկրետ Քաջարանի մասով ճիշտ հավաքագրվեն, ապա պետբյուջե տարեկան մուտք կգործի 760 մլրդ դրամ: Հայաստանի բնությունն ավերող հանքարդյունաբերության վրա պետք է արգելանք դրվի: Հանքարդյունաբերությունը պետք է բերվի հարկային դաշտ»:

Ասուլիսին ներկա հանքարդյունաբերության ոլորտի իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանն իր հերթին նկատեց, որ հանքարդյունաբերության ներկա վիճակը ձեռնտու է միայն հանքատերերին, ոչ` ՀՀ շարքային քաղաքացուն կամ բնությանը:

«ՀՀ-ում ոչ մի պոչամբար չունի բնապահպանական անձնագիր և թունավորվածության աստիճան: Մինչդեռ կառավարությունը լիցենզիաների տրամադրման հարցում սատարում է հանքարդյունաբերողներին: Համոզված եմ, որ մինչև հիմա տրամադրված բոլոր լիցենզիաները օրենքին չեն համապատասխանում, այստեղից էլ` կոռուպցիոն ռիսկերը: Եթե բնապահպանության նախարարությունը չգործի կամ վերաձևավորման փուլում գտնվի, մեր բնությունը դրանից կշահի»:

Բնապահպանները դեմ են «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխություններին

 Նաիրա Բուլղադարյան, www.azatutyun.am

Բնապահպաններից շատերը դեմ են «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխություններին: Նրանք կարծում են, որ եթե փոփոխություններն ընդունվեն, ապա Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում խնդիրներն ավելի կշատանան:

Կառավարության հեղինակած փոփոխություններով օրինագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում: Այն արդեն անցել է երկրորդ ընթերցումը` մինչ այդ դրական եզրակացության արժանանալով ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանն ասում է, որ իրենք օրինագծի քննարկումը բոյկոտել են` չցանկանալով մասնակցել շրջակա միջավայրի համար սպառնալիքներ ներկայացնող դրույթների կյանքի կոչմանը:

«Այդ օրենքով ավելի է վատթարանում վիճակը: Եթե մի օրենքում թափոնների հետ կապված ավելի շատ բարդություններ են առաջանում, պարզ չէ՞, որ ավելի է վատթարանում վիճակը», - ասաց Ղազարյանը:

Էկոլոգիական իրավունքի մասնագետը նկատում է` հանքարդյունաբերողները, սակայն, մեծ խանդավառությամբ են ընդունել օրենքում կատարվող փոփոխությունները:

«Մենք բոյկոտել ենք նոր օրենքի նախագծի քննարկումը, 
որովհետեւ երբ քննարկումների ժամանակ խոսում ենք հանքադյունաբերողների հետ, իրենք մեծ ուրախությամբ, խանդավառությամբ են ընդունում այդ չարաբաստիկ օրենքի հաստատումը: Եթե հանքարդյունաբերությունը խախտումներով է իրականացվում, ապա այսօր օրենքով են ամրապնդվում այդ խախտումները», - ասաց Ղազարյանը:

Ղազարյանը պնդում է, որ կառավարությունը նոր օրինագծում չի սահմանել լեռնարդյունաբերության թափոններ հասկացությունը: Դրա փոխարեն կա արտադրական լցակույտեր հասկացությունը, որը, ըստ բնապահպանների, ոչինչ չասող, անորոշ հասկացություն է, ու որի համար հանքարյունաբերողը որեւէ գումար չի վճարելու պետբյուջե: Գործող օրենքով եւս հանքարդյունաբերողը պոչամբարի համար հարկ չի վճարում:

Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը մտահոգ է:

«Որեւէ օրենքում հանքարդյունաբերության թափոնները չկան, այսինքն մոտավորապես 12-13 տարի է, որ մեր հանքերը մասնավոր ընկերություններն են շահագործում, նրանք կարծես թե Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդն են: Ոչ մի կոպեկ պետական գանձարան չեն մուծում», - ասաց Սանասարյանը:

Թափոնների կուտակման վայրերը, դրանք օգտագործելուց հետո, թողնվում են պետության տնօրինությանը` դրանով հանքարդյունաբերողին ազատելով պատասխանատվությունից`  թափոնների կառավարման ու նաեւ շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության համար գումարների վճարումից: Սանասարյանը հիշատակում է 2008 թվականը, երբ Ազգային ժողովը տապալեց իր առաջարկը:

«2008-ին այս հարցով դիմում գրվեց վարչապետին, վարչապետը կառավարության երկու նիստում քննության դրեց այդ հարցը, եւ արձանագրությամբ նշվեց` քննել Կանաչների միության առաջարկը եւ հանքարդյունաբերության թափոնները բերել հանքային դաշտ: Հետո էլի քննեցին, բնապահպանության նախարարությունը 1 տոննա թափոնի համար առաջարկեց 3 դրամ վճարել` 48 հազար դրամի փոխարեն, բայց երբ որ կառավարության այդ փաստաթուղթը մտավ ԱԺ` որպեսզի հաստատվի, հենց Վարդան Այվազյանի հանձնաժողովում այդ 3 դրամը դարձավ 1 դրամ եւ տապալվեց», - ասաց Սանասարյանը:

Սանասարյանն էլ եկել է այն եզրահանգման, որ Հայաստանում պետք է վերջ դրվի հանքարդյունաբերությանը, եթե իշխանություններն ուզում են ապագայում Հայաստանը տեսնել առանց էկոլոգիական լուրջ խնդիրների:

«Առաջին հերթին հիմա պետք է արգելանք դրվի հանքարդյունաբերության վրա: Եթե հանքարդյունաբերությունը բերվի հարկային դաշտ, հավատացած եղեք, որ այն հանքավայրերը, որոնք այսօր շահագործվում են, եւ հազարավոր, միլիոնավոր տարիներ այդ թափոնները մնում են Հայաստանում,  չեն շահագործվի, քանի որ տնտեսական վնասը ավելի մեծ կլինի, քան օգուտը», - ասաց բնապահպանը:

Բնապահպանների տվյալներով` Հայաստանում 30 պոչամբար կա:

Նոյեմբեր 15, 2011 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր