Պայքար հանուն տարածքի. փոքր գյուղի բնակիչներն ընդդեմ հսկա կոմբինատի (որտեղ նաև աշխատում են)

Պայքար հանուն տարածքի. փոքր գյուղի բնակիչներն ընդդեմ հսկա կոմբինատի (որտեղ նաև աշխատում են)

Սիրանույշ Գեւորգյան,«ԱրմենիաՆաու»

Հայաստանում մեկնարկել է մեկ այլ բնապահպանական շարժում` «SOS Քաջարան» անվանումով: Բնապահպաններն այժմ պայքարում են, որ հարավային Սյունիքի մարզում գտնվող փոքր Քաջարան գյուղի վարչական տարածքին պատկանող հողերը չհանձնվեն Հայաստանի հանքարդյունաբերության հսկաներից մեկին` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, հանքի ընդլայնման ծրագրի շրջանակներում:

Այս տարվա ապրիլի կառավարության որոշմամբ` այս տարածքների ձեռքբերող է հանդիսանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը: Հողերի կատեգորիան դարձել է «արդյունաբերական, ընդերքoգտագործման և այլ արտադրական» նշանակության:

Քաջարան համայնքի 270 բնակիչները թերևս միակն են, որ համախմբված, միահամուռ ուժերով ընդդիմանում են կառավարության այս որոշմանը: Նրանք մի քանի անգամ կանգնել են գյուղ մտած տեխնիկայի դեմ ու կասեցրել աշխատանքները: Կառավարության որոշմամբ գյուղի 181 հա-ից 27 հա-ը որպես գերակա հանրային շահ հանձվում է կոմբինատին: Քաջարանցիները պնդում են, որ չեն ուզում ծանր մետաղներով աղտոտել իրենց այգիները:

Բանն այն է, որ թեև համայնքը գտնվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ, սակայն նրանից վերև գտնվելու շնորհիվ այստեղի հողերը չեն աղտոտվում հանքարդյունաբերական թափոններով, և Քաջարանի գյուղմթերքը շուկայում ավելի մեծ պահանջարկ ունի, քան մյուս գյուղերինը, որոնք այս կամ այն կերպ հայտնվել են կոմբինատի ազդեցության գոտում:

Կառավարությունն այս որոշումը հիմնավորում է նրանով, որ «ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն, դրա իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ և մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը»:

Քաջարանի բնակիչները, որոնց մեծ մասը, ի դեպ, նաև Զանգեզուրի կոմբինատում է աշխատում, պնդում են, որ իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստել, իրենց կարծիքը չեն հարցրել այս որոշումը կայացնելիս, և իրենք կտրականապես դեմ են, որ իրենց գյուղի տարածքը, որի մեջ մտնում է նաև գերեզմանատունը, վերածվի բաց հանքի: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում չկարողացավ թաքցնել իր զայրույթն ու ասաց, որ իշխանությունները գյուղի արհեստական տեղահանման որոշում են կայացրել:

«Փոխհատուցման մասին ոչ մի կոնկրետ խոսք չեն ասում, Քաջարանը սահմանամերձ գյուղ է, գյուղից մինչև Նախիջևանի սահմանը 4 կմ է, մենք չենք ուզում գնալ, ո՞ւր գնանք»,- հարցնում է Աթայանը:

Բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, «նվաճողական ծրագիր» բնորոշելով կառավարության որոշումը, ասում է` եթե նույնիսկ կառավարության որոշումը վերաբերեր 1 հա-ին, ապա դա կնշանակեր, որ «ամբողջ գյուղի տարածքն է շարքից դուրս գալու»:

«Իսկ այս գյուղը երևի միակն է, որ մաքուր է մնացել` վերևում գտնվելու իր դիրքի շնորհիվ»,- ասում է Զարաֆյանը:

«Էկոլուրը» բաց նամակ է հղել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 60 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր գերմանական Cronimet ընկերությանը:

«Գլխավոր ներդրողը` Cronimet ընկերությունը, իր էլեկտրոնային էջում ներկայացնում է սոցիալ-էկոլոգիական պատասխանատվության սկզբունքներ: Ելնելով հայտարարված սկզբունքներից` մենք դիմում ենք Cronimet-ի ղեկավարներին, որպեսզի ձեռնարկվեն բոլոր միջոցները` Քաջարան գյուղի հետ բանակցություններ իրականացնելու համար: Մենք խնդրում ենք ուղարկել Cronimet-ի պատասխանատու ներկայացուցչի, որպեսզի նա տեղում` Քաջարան համայնքում, ծանոթանա իրավիճակին, բնակիչների հետ քննարկի կառավարության որոշումից առաջացած խնդիրները, այլ չսահմանափակվի միայն տեղական վարչակազմի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարների հետ հանդիպումներով: Մենք հույս ունենք, որ բանակցությունների արդյունքում կգտնվեն լուծումներ, որոնք ընդունելի կլինեն ոչ միայն ԶՊՄԿ-ի և ներդրողների, այլև Քաջարան գյուղի բնակիչների համար»,- ասված է նամակում:

«Թույլ չենք տա, որ քարտեզից ջնջեն Քաջարան գյուղը»

Հասմիկ Հարությունյան, Ազգ

Գյուղացիներն ընդդեմ կառավարության եւ հսկայական կոմբինատի

Այս տարի ապրիլին կառավարությունը որոշում կայացրեց, համաձայն որի Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 181.7 հա հողից 27 հա-ն ճանաչվեց բացառիկ գերակա շահ: Կառավարությունն այդ տարածքը փոխանցեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին` հետագա արդյունահանման նպատակով: Համաձայն պաշտոնական հայտարարության` «ԶՊՄԿ»-ի գլխավոր սեփականատերն է գերմանական Cronimen Mining ընկերությունը, որին է պատկանում կազմակերպության 60 տոկոս բաժնեմասը: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն ամենահարուստներից է: Կոմբինատը տարեկան արդյունահանում է 16-17 մլն տոննա հանքանյութ: Նոր հողեր վերցնելով կոմբինատը ցանկանում է կրկնապատկել հանքաքարի ծավալները: Անցյալ տարի ընկերության եկամուտը կազմել է 21.5 միլիարդ դրամ:

Քաջարան գյուղում այսօր ապրում է 131 ընտանիք` 250 բնակիչ: Թեպետ գյուղը շատ մոտ է հանքավայրին, սակայն նրա տարածքը ի տարբերություն այլ գյուղերի, համարվում է մաքուր: Գյուղը բարձրադիր վայրում է տեղակայված եւ կոմբինատի հանքարդյունաբերական թափոնները չեն կեղտոտել գյուղի տարածքը: Սահմանամերձ գոտում բնակվող քաջարանցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Քաջարան գյուղի բնակիչները գարնանից պայքարում են բնակավայրի փրկության համար: Քաջարանցիները չեն ցանկանում, որ տարածքը, որն ընդգրկում է նաեւ գյուղի գերեզմանոցը, դառնա հանքարդյունաբերական կենտրոն: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազգ»-ի հետ զրույցում պատմում է, որ գյուղի բնակիչները մի քանի անգամ կանգնեցրել են գյուղ մտած տեխնիկան եւ կասեցրել աշխատանքները, սակայն օրենքն իրենց կողմից չի խոսում: «Գյուղի բոլոր բնակիչներն էլ դեմ են, որ իրենց այգիները ծանր մետաղներով կեղտոտվեն: Մենք ուզում ենք հանգիստ ապրենք: Չենք ուզում, որ մեր արոտավայրերը հանքարդյունաբերական թափոններով աղտոտվեն»:

Կառավարությունը որոշում կայացնելիս նշել էր , որ «ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարեւոր նշանակություն, դրա իրականացումը կապահովի հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ եւ մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը»: Գյուղապետը խոստովանում է, որ կառավարության որոշման մասին իմացել է պատահական: Սկզբում չի հավատացել, հետո փաստաթղթղեր են ցույց տվել: Քաջարանցիները դժգոհում են, որ պետությունն առանց իրենց կարծիքը հարցնելու իրենց բնակավայրից մի հատված տրամադրել է մասնավոր կազմակերպության: «Իշխանությունները գյուղի արհեստական տեղահանման ծրագիր են մշակել, բայց մենք թույլ չենք տա այն իրականացնել: Ի՞նչ պետք է անենք, ո՞ւր պետք է գնանք: Մենք ոչ մի տեղ էլ չենք ուզում գնալ, ուզում ենք ապրել մեր հողում, մեր տանն ու մեր այգիները մշակել: Իշխանությունները ցանկանում են այդ կերպ քարտեզից ջնջել Քաջարան գյուղը, բայց մենք միասնական ենք ու թույլ չենք տա մեր հողը զավթել», ասում է գյուղապետը:

Քաջարանցիները բազմաթիվ նամակներ են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, սակայն պատասխան մինչ օրս չեն ստացել:

Մաքսիմի դուդուկի տակ պարող կառավարությունը

Գալուստ Նանյան, Yerkir.am

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները արդեն 7 ամիս է պայքարում են հայրենի բնակավայրի փրկության համար: Պայքարը սկսվեց այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը 2011 թվականի ապրիլի 28-ին իր թիվ 627-Ն որոշմամբ, Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 181.7 հա հողերից 27 հա հողերի նկատմամբ ճանաչեց բացառիկ` գերակա հանրային շահ (այդ տարածքը, ըստ գյուղացիների, ընդգրկում է նաեւ գերեզմանոցի տարածքը - Գ. Ն.), փոխանցելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (ԶՊՄԿ) հետագայում հանքարդյունահանման համար:

Իշխանությունները ընդունում են մի որոշում, որով ցանկանում են ՀՀ վարչական քարտեզից ջնջել Քաջարան գյուղը, որը գոյություն է ունեցել դեռ բրոնզե դարից առաջ: Այդ ժամանակ մարդիկ այստեղ մետաղ են ձուլել:

Քաջարանցիները կառավարության որոշման հետ կապված այն կարծիքին են, որ վերջիններս ցանկանում են իրենցից խլել հողերը եւ փոխանցել մի ընկերության, որի սեփականատերերի անունները վերջին վեց տարիներին գաղտնի են պահվում գյուղացիներից: Ի դեպ, նշենք, որ պաշտոնական հայտարարությամբ «ԶՊՄԿ»-ի գլխավոր սեփականատերն ու ամենախոշոր ներդրողը 60 տոկոս բաժնեմասով համարվում է  գերմանական «Cronimen Mining»-ը, 15 տոկոսը պատկանում է «Մաքուր երկաթ» գործարանին, իսկ  ԶՊՄԿ-ին եւ «Արմենիա մոլիբդեն փրոդաքշըն»-ին են պատկանում յուրաքանչյուրըՙ 12,5 տոկոս բաժնեմասերով: Խոսակցությունների համաձայն, վերջին երեք ընկերությունների թիկունքում կագնած է «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով հայտնի է իր անակնկալներով:

Բոլորիս ցանկությունն է, որ մեր երկիրը հարստանա, այլ ոչ թե այդ հարստությունը հոսի մի քանի մարդկանց գրպանները, որոնցից մեկը հենց վերոհիշյալ անձնավորությունն է:

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը դասվում է ամենահարուստների շարքից, սակայն Քաջարանը 131 ընտանիք` 240 բնակչով, համարվելով հանքավայրի ամենամոտ, ինչպես նաեւ լեռնային եւ սահմանամերձ համայնք, այստեղ ապրողները օրվա հաց են վաստակում հողագործության, այգեգրծության եւ անասնապահության միջոցով: Եվ որքան էլ կոմբինատն իր  պաշտոնական կայքի միջոցով համացանցի օգտատերերին հաղորդի, թե ինչ սոցիալական ծրագրեր է իրականացնում եւ, որ իրենք մշտապես վերլուծում են իրենց գործունեության սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական արդյունքները, որպեսզի առավել օգտակար լինեն համայնքներին ու ընդհանուր տնտեսությանը` նվազեցնելով բացասական ազդեցությունը, այդպես չէ:

Քաջարան համայնքի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Երկիր»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ պնդեց, որ իրենց գյուղում ոչ մի սոցիալական ծրագիր չի իրականացվել:

Կառավարության որոշման մասին գյուղապետ Աթայանը իմացել է պատահական. «Ո՞ւր թողենք, գնանք: Այստեղ մեր պապերի, մեր ծնողների գերեզմաններն են, մեր հողն ու ջուրն է, մեր տունը»: Գյուղապետը նաեւ հայտնեց, որ բազմաթիվ նամակ-դիմումներ են գրել ՀՀ նախագահին, վարչապետին, մինչեւ  անգամ Ազգային ժողովին, սակայն` անպատասխան: «Միայն մեզ հայտնել են, որ հատուկ հանձնաժողով կկազմեն եւ կուղարկեն: Դե, մենք էլ սպասում ենք»,- ասաց գյուղապետը: Վերջինս հայտենց նաեւ, որ լարվածություն կա իրենց եւ կոմբինատի ղեկավարության միջեւ: Ավելին, զրուցակիցս նաեւ ասաց, որ կոմբինատի ներկայացուցիչները հանդիպել են իր հետ. «Ցանկանում են ճնշումներ գործադրել, սակայն մենք պարտվողներից չենք»:

Ի դեպ, Քաջարանում առկա են նաեւ հեթանոսական եւ քրիստոնեական մի քանի հնավայրեր, այդ թվում` Սբ Հակոբ եկեղեցին, որը ժամանակին կարեւոր դեր է ունեցել Դավիթ Բեկի, իսկ այնուհետեւ` Նժդեհի գլխավորած ազատագրական պայքարներում: ՀՀ մշակույթի նախարարությունը եւս աչքաթող անելով այս ամենը` լուռ հետեւում է, թե մի քանի փողատերեր ինչպես են «լուծում» հարցերը:

Նշենք, որ այս պահին կոմբիանտը տարեկան արդյունահանում է 16-17 մլն տոննա հանքանյութ, եւ այսքանից հետո ընկերությունը փորձում է նոր հողեր զավթել, որպեսզի կրկնապատի հանքաքարի եւ արդյունքում ստացված խտանյութի ծավալները: Իսկ, օրինակ, միայն 2010թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եկամուտը կազմել է  21,5 մլրդ դրամ (60 մլն դոլար): Այսպիսով, ընկերությունն ամեն կերպ ցանկանում է արագ տեմպերով քամել տարածաշրջանի ընդերքը:

Դեկտեմբեր 02, 2011 at 12:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր