

Սամվել Ալեքսանյան, Սյունաց երկիր
Սյունիքյան թեմաներ արծարծող հայտարարություններով հայաստանյան քաղաքական դաշտը սասանած Սիլվա Համբարձումյան անձնավորության եւ գործարարի ով լինելու հարցը շարունակում է հետաքրքրել շատերին: Արեւիքյան ծագումով (Տաշտուն գյուղից) տիկնոջն այս օրերին բոլոր լրատվամիջոցները ներկայացնում են մեկ բառով` գործարար: Իսկ թե այս պարագայում ինչ ասել է գործարար` ոչ ոք չի մանրամասնում: Դեռեւս մեկ տարի առաջ "Սյունյաց երկիրը" փորձեց պատասխանել այդ հարցին, մանավանդ որ մեր հրապարակումներից մեկում տիկինը ներկայացվել էր "ոմն Սիլվա" հորջորջումով, ինչն առաջ էր բերել գործարարի արդարացի դժգոհությունը, ինչին անդրադարձել էինք հետագայում: Սիլվա Համբարձումյանն այդ ժամանակ նպատակահարմար չգտավ զրուցել "Սյունյաց երկրի" հետ: Փոխարենը, նրա խորհրդով, զրուցեցինք "Սիփան1" ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (2009թ. հունիսի 1-ից այդ պաշտոնը վարող) Արմո Ադամյանի հետ: Ու թեեւ հարցազրույցում չխոսեցինք Սիլվա Համբարձումյանի մասին, բայց հանգամանալից քննարկեցինք ոսկու հանքավայրերում այդ ժամանակ տիրող վիճակի մասին: Հանքարդյունաբերության ոլորտում քառասուն տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմո Ադամյանն իր ուղեկցությամբ մեզ ծանոթացրեց նաեւ հանքավայրերում եւ ֆաբրիկայում աշխատող մարդկանց հետ (այդ հարցազրույցի տեքստը` "Մաքիավելիզմ. Մեղրու ոսկու հանքավայրի համար տուրուդմբոցը նոր փուլ է թեւակոխում" վերտառությամբ հոդվածում` "Սյունյաց երկրի" 2010թ. նոյեմբերի 10-ի համարում):
Վերջին օրերին տեղի ունեցածից հետո, բնականաբար, էլ ավելի է մեծացել հետաքրքրությունն այդ անձնավորության հանդեպ, որին բոլորը գործարար են անվանում: Եվ մեր հստակեցումների շնորհիվ ի հայտ եկան առնվազն երեք խումբ հարցեր (այդ մասին` ստորեւ), որոնց պարզաբանումն (իր իսկ օգնությամբ) օբյեկտիվ լույս կսփռեր տիկնոջ կերպարի վրա:
1. Ըստ Սյունիքի մարզպետարանի վարչության պետ Սեյրան Ավետիսյանի տրամադրած տեղեկությունների` Սիլվա Համբարձումյանը 2008թ. մոտ 13500հա հող է վարձակալել մարզի 12 համայնքում (Սրաշեն, Լեռնաձոր, Ներքին Հանդ, Ծավ, Շիկահող, Ճակատեն, Տաշտուն, Լիճք, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր, Լեռնաշեն), ինչպես եւ պետական պահուստային ֆոնդի (այն ժամանակ՝ մարզպետարանին ենթակա) հողերում` երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով: Սահմանամերձ այդ համայնքները, լինելով ֆինանսական կարիքի մեջ, համաձայնել են հողը մատչելի գնով` 1հա-ն 4-4.5 հազար դրամով, վարձակալության տալ Սիլվա Համբարձումյանին պատկանող "Գ.Արշակյան", "Լուլիար", "Հանքաբուրգ", ինչպես եւ "Թի էյ սի-սի Արմենիա" ՍՊ ընկերություններին: Սերվիտուտի պայմանագրի համաձայն Սիլվա Համբարձումյանի ընկերությունները նշված համայնքներին պետք է տարեկան վճարեին 47 մլն 746 հազար դրամ վարձավճար: Որոշ ժամանակ անց "Գ.Արշակյան" ՍՊԸ-ն այլեւս չի վճարել համայնքներին հասանելիք վարձավճարը: Եվ 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտքի գումարը (ներառյալ տույժեր եւ տուգանքներ) կազմել է 85 մլն 354 հազար դրամ: ՍՊ ընկերությունը տարբեր պատճառներով հրաժարվել է վճարել այդ պարտքերը: Եվ մի քանի համայնք` Ներքին Հանդ, Ծավ, Շիկահող, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր, Սրաշեն, ապառքների բռնագանձման հարցով 2010-ի նոյեմբերին դիմել են դատարան: Ըստ դատարանի վճիռների` "Գ.Արշակյան" ՍՊԸ-ն նշված համայնքներին պետք է վճարի մոտ 28 մլն դրամ: Դատարանի վճիռների մի մասը "Գ.Արշակյան" ՍՊԸ-ն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Վերջինիս 2011թ. հոկտեմբերի 19-ի եւ նոյեմբերի 11-ի վճիռներով առաջին ատյանի դատարանի վճիռները մնացել են օրինական ուժի մեջ, այսինքն` վերաքննիչ բողոքները մերժվել են: Միաժամանակ` Ներքին Հանդ համայնքի վերաբերյալ դատական գործը պետք է լսվեր ս.թ. նոյեմբերի 16-ին: "Գ.Արշակյան" ՍՊԸ-ն այդքանից հետո անգամ չի վճարել հողի վարձակալության վճարը (բացի Սրաշենի մասով): Ալվանք եւ Նռնաձոր համայնքներն այդ ամենից հետո ստիպված են եղել դատարանի վճիռների կատարումն ապահովելու համար դիմել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին, ում որոշմամբ էլ սկսվել է կատարողական վարույթ "Գ.Արշակյան" ՍՊԸ-ի նկատմամբ: Դրանից հետո նույնիսկ (նոյեմբերի 16-ի դրությամբ) նշված համայնքների օգտին գումար չի մուտքագրվել:
2. Դեռեւս 2008թ. Սիլվա Համբարձումյանին պատկանող "Գ.Արշակյան", "Լուլիար", "Հանքաբուրգ", "Թի էյ սի-սի Արմենիա" ՍՊ ընկերությունները ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից ստացել են լիցենզիաներ (ըստ Սյունիքի մարզպետարանի տեղեկության` վեց լիցենզիա)` Սյունիքի մարզի տարածքում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարելու համար: Ընդ որում` ընկերությունները լիցենզիա են ստացել այնպիսի հանքավայրերի շահագործման եւ հետազոտման համար, ինչպիսիք են Լեռնաշենի (Շենաթաղի) ոսկու, Խուստուփ-Ծավի պղինձ-մոլիբդենային եւ Մերձարաքսյան ոսկու հանքավայրերը: Շուտով, ըստ մարզպետարանի բաժնի պետ Մուշեղ Կոստանդյանի, Լեռնաշենի (Շենաթաղի) ոսկու հանքավայրի լիցենզիան ունեցող "Թի էյ սի-սի Արմենիա" ընկերությունը վաճառվել է հնդիկներին (ավելի ուշ այդ ՍՊԸ-ն այլ անուն է ստացել): Հայտնի է դարձել նաեւ, որ երկու այլ հանքավայր` Սիլվա Համբարձումյանին պատկանող ՍՊԸ-ները վաճառել են Դուբայի երկու շեյխի (այդ մասին գրել են մի շարք լրատվամիջոցներ` հիմք ընդունելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը): Հավանաբար դրանից ելնելով` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը 2010թ. ապրիլի 14-ի N40 հրամանով ուժը կորցրած է ճանաչել "Գ.Արշակյան" ՍՊԸ-ին 30.01.2008թ. տրամադրած N63 եւ 14.02.2008թ. տրամադրած N59 հատուկ լիցենզիաները (այդ լիցենզիաներով ուսումնասիրության ենթակա տարածքները գտնվում են Ներքին հանդ, Ծավ, Շիկահող, Ալվանք, Նռնաձոր, Լեռնաձոր, Շվանիձոր համայնքներում):
3. Մեկ հարց եւս, որի պատասխանը սյունիքյան հանրությունը ակնկալում է ստանալ: Խոսքը Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիան տնօրինող "Սիփան-1-ի" նախկին սեփականատիրոջ հետ տեղի ունեցածի մասին է: Հայաստանից նրան քշելուց հետո "Սիփան-1-ի" սեփականատեր դարձան Սիլվա Համբարձումյանն ու ինչ-որ հնդիկներ (վերջիններս նույնպես հետագայում դուրս մղվեցին "Սիփանից"): Ինչպե՞ս պատահեց այդ ամենը:
Այդ հարցերի պատասխանն ակնկալում ենք ստանալ Սիլվա Համբարձումյանից: Դրանց վերաբերյալ տիկնոջ պարզաբանումները, վստահ ենք, ինչ-որ չափով հստակություն կմտցնեն առկա բազմաթիվ տարակույսների մեջ:
Երկմտության տեղիք է տալիս նաեւ Սյունիքի մարզպետարանի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության խոնարհ խոլապարը Սիլվա Համբարձումյանի դուդուկի ներքո: Այդ ինչպե՞ս եղավ, որ տիկինը Սյունիքում վարձակալեց մոտ 14 հազար հա հողատարածք, այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը խորհրդային շրջանում Սյունիքում երեւակված լավագույն հանքատարածքների ուսումնասիրության լիցենզիան տվեց նրան, այդ ինչպե՞ս է "Գ.Արշակյան" ՍՊԸ-ն, դատական վճիռներից հետո անգամ, հանդգնում չվճարել սահմանամերձ գյուղերին հասանելիք վարձավճարը:
Ո՞վ է, ի վերջո, Սիլվա Համբարձումյանը…
Խլոց. ո՞ւմ է այս անգամ բաժին ընկել Մեղրու Լիճքվազ-Թեյի ոսկեհանքի շահագործման արտոնագիրը
Սամվել Ալեքսանյան, Սյունաց երկիր
Վերջին օրերին Հայաստանում մոլեգնող աղմուկ-աղաղակի առանցքը (որքան էլ տարբեր են աղմուկի դրսեւորումները, որքան էլ փորձենք հանրության ուշադրությունը շեղել) Մեղրու Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման արտոնագիրն է: Ուստիեւ կարեւոր է իմանալ, թե այս անգամ ում բաժին ընկավ հանքավայրի բանալին:
Առաջ անցնելով ասենք, որ մինչեւ հիմա (ավանդաբար) Լիճքվազ-Թեյի ու Տերտերասարի շահագործումը կատարվել է տնտեսավարող մեկ սուբյեկտի կողմից: Ներկայումս, սակայն, կռիվը մղվում է միայն Լիճքվազ-Թեյի համար: Դրանից մոտ 8կմ հեռավորության վրա գտնվող Տերտերասարի մասին, ինչպես տեսնում եք, խոսք չկա, քանի որ այնտեղ ոսկու պաշարները զգալիորեն քիչ են, եւ որեւէ տնտեսավարող այն` առանձին վերցրած, չի շահագործի: Ուրիշ երեւույթ է Լիճքվազ-Թեյը… Դա այն հանքավայրն է, որի ճակատագրով անկախության տարիներին քանի-քանի անգամ զբաղվել է իշխանության ամենաբարձր բուրգը: Այդ հանքավայրի ոսկու պաշարների վերաբերյալ տեղեկությունները տարբեր են: Ըստ շրջանառվող կարծիքի` այնտեղ առկա է մոտ 17տ ոսկու պաշար: Մամուլում, մինչդեռ, վերջերս տեղեկատվություն տարածվեց առ այն, որ Լիճքվազ-Թեյի ոսկու պաշարը` գումարային արտահայտությամբ, կազմում է մոտ 1 մլրդ դոլար:
Երկրաբանական-հետախուզական աշխատանքներն այդ հանքավայրում կատարվել էին խորհրդային օրերին, որոշ չափով շարունակվել հետխորհրդային շրջանում: Բայց այն ժամանակ դրա շահագործման մասին (ինչպես եւ բազմաթիվ այլ հանքավայրերի) խոսք չկար: Պարզվում է, որ "հանցագործ" կոմունիստներն այդ հանքավայրը նույնպես պահել են գալիք սերունդների համար: Հանքավայրի համար պայքարը սկսվեց անկախության առաջին օրերից: Այդ պայքարի` մինչեւ 1999թ. դրսեւորումների մասին Մեղրիում շատերը գիտեն: 1999-ին (որոշ տեղեկություններով` 2000-ին) այնտեղ հայտնվեց ավստրալական "Թամայա ռիսորսիզ" ընկերությունը` իր "Սիփան-1" ՍՊԸ-ով: 2005-ին "Սիփան-1-ը" ձեռք բերեց ավստրալական մեկ այլ ընկերություն` "Այբիրիան ռիսորսիզը", որի բաժնեմասերի 86.21 տոկոսն ավելի ուշ կրկին ձեռք բերեց "Թամայա ռիսորսիզը": Երկու այդ ընկերությունը կարճ ժամանակամիջոցում Հայաստանում ներդրեցին միլիոնավոր դոլարներ եւ խոստացան ներդրումների ծավալը հասցնել 65 մլն ԱՄՆ դոլարի: Հանքավայրերում աշխատողների թիվը հասավ 400-ի: Ակնկալվում էր, որ այդ թիվը կկրկնապատկվի: Եթե ավելի վաղ այնտեղ արտադրվում էր միայն խտանյութ, ապա վերջին շրջանում սկսեցին արտադրել ոսկի` ամսական մոտ 10կգ: "Թամայա ռիսորսիզի" ղեկավարները խոստանում էին այդ ցուցանիշը 2009-ի վերջին դարձնել օրական: Բայց… 2008-ի սեպտեմբերին "Թամայա ռիսորսիզ" ընկերությունն անսպասելիորեն հայտարարեց Մեղրիում ոսկու արդյունահանման նախագծի սառեցման մասին: Մինչ այդ` 2008թ. մարտի 13-ին, ըստ էության "Սիփան-1-ը" զրկվել էր ոսկու նշված հանքավայրի շահագործման լիցենզիայից եւ իր իրավունքների համար մղվող ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրել: Սեպտեմբերին "Թամայա ռիսորսիզը", հուսալքված ու հիասթափված, շատ արագ տեմպով սկսեց ձեռնարկության ունեցվածքի ապամոնտաժումն ու վաճառքը: Վաճառվեց այն, ինչ հնարավոր էր վաճառել: Մոտ 400-450 մարդ մեկ օրում դարձավ գործազուրկ: Սեփականատերը, բացի ֆաբրիկայից, ձեռք էր բերել ջարդման ժամանակակից արտադրամաս, ձուլարան, լաբորատորիա, օդամղիչ սարքավորումներ եւ այլն: Մարդիկ ժամանակակից հարմարություններով տնակներ էին կառուցել: Հանքարդյունահանման համար ստեղծվել էին գրեթե բոլոր ենթակառուցվածքները: Եվ կարճ ժամանակամիջոցում դրանց մեծ մասը փոշիացվեց…
"Թամայա ռիսորսիզի" հետ կապված այս պատմության վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը որեւէ բացատրություն չտվեցին, թեեւ, կրկնում ենք, խոսքը ռազմավարական բացառիկ նշանակության Մեղրու մասին էր, որտեղ միանգամից կրճատվեց 400-450 աշխատատեղ:
Եվ այդ ամենից հետո հանքավայրի շահագործման իրավունքը տրվեց այլեւս ոչ անհայտ Սիլվա Համբարձումյանին: Իմիջիայլոց, նա "Սիփան-1-ի" նորաբույս բաժնետերերից մեկն էր միայն: Գլխավոր փայատերը (բաժնեմասերի 51 տոկոսի չափով) հնդիկներն էին: Շատ շուտով, սակայն, հնդիկները նույնպես դուրս մղվեցին այնտեղից, եւ "Սիփան-1-ի" լիակատար տերը դարձավ Սիլվա Համբարձումյանը: Վերջինիս օրերում, թեեւ դանդաղորեն, վերականգնվում էին աշխատանքի երբեմնի ծավալները: 2010թ., օրինակ, ամսական արդյունահանվում էր 1200տ հանքաքար: Նպատակ էր դրվել հանքաքարի ամսական արդյունահանումը հասցնել 200 հազար տոննայի: 2010-ին այնտեղ արդեն աշխատում էր 80-90 հոգի: Արդյունահանվող հանքանյութը պահեստավորվում էր. դա պետք է մշակվեր կառուցվելիք ֆաբրիկայում, որի ուղղությամբ աշխատանքներ էին տարվում: Բայց… 2010 թվականին` օրերից մի օր, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ուժը կորցրած ճանաչեց "Սիփան-1-ի" արտոնագիրը: Եվ սկսվեց դատական "ռազբորկա", որի ավարտն առայսօր չի երեւում:
2010թ. դեկտեմբերի 3-ին կառավարության թիվ 1 մասնաշենքում տեղի ունեցավ Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի դասական աճուրդ: Ի թիվս այլ հանքավայրերի` աճուրդում ներկայացվեց նաեւ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: 198 մլն դրամով շահագործման իրավունքը շահեց "Սագամար" ՓԲԸ-ն: Աճուրդի տարօրինակությունն այն էր, որ "Սիփան-1-ին" լիզենզիայից վաղաժամ զրկելու մասին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հրամանը դատական վիճարկման փուլում էր, երբ տեղի ունեցավ աճուրդը: Եվ հանքավայրն աճուրդի հանելով` ըստ էության խախտվեց "Սիփան-1"-ի անմեղության կանխավարկածը:
Եվ այսպես` 2010թ. դեկտեմբերի 3-ին Լիճքվազ-Թեյի ոսկեհանքի շահագործման արտոնագիրը տրվեց "Սագամար" ՓԲ ընկերությանը, որի հանդեպ, բնականաբար, Սյունիքում որոշակի հետաքրքրություններ առաջացան: Իհարկե, մարզի հանքարդյունաբերության մասնագետներն ընդհանուր պատկերացում ունեն "Սագամարի" մասին: Այդուհանդերձ ավելորդ չենք համարում այդ ընկերության մասին որոշ տեղեկություններ ներկայացնել մեր ընթերցողին:
…Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործելու նպատակով 2001-ին ստեղծված այդ ընկերությունն առավել ակտիվ գործունեություն սկսեց 2007-ին: Այդ ժամանակ ընկերության բաժնետերերի թվում հայտնվեց "ծպՉՈ-ՀցրՖ" ռուսական ընկերությունը (բաժնետերերի անունները մեզ հայտնի չեն), որը Հայաստանում զբաղվում է ցինկի, պղնձի, ոսկու եւ կապարի արդյունահանմամբ: "ծպՉՈ-ՀցրՖ"-ի ներդրումային փաթեթում "Սագամարից" բացի նաեւ "Մոլիբդենի աշխարհ" ՓԲԸ-ն է, որը պետք է շահագործի Սիսիանի շրջանի Դաստակերտի` ժամանակին կոնսերվացված հանքավայրը, ինչպես եւ "Էլվի գոլդ մայնինգ" ՓԲԸ-ն, որը պետք է զբաղվի Լիճքվազ-Թեյի ոսկեհանքի շահագործմամբ: Թե ով է կանգնած "Սագամարի", "ծպՉՈ-ՀցրՖ"-ի եւ նրանց դուստր ձեռնարկությունների թիկունքում` միայն ենթադրություններ կարելի է անել: Բայց գործարար Սիլվա Համբարձումյանի նոյեմբերի 9-ի աղմկահարույց հարցազրույցի շնորհիվ որոշ չափով լույս սփռվեց "Սագամարի" դեմքին: Նախ` տիկինը հավաստեց, որ "Սագամար" ՓԲԸ-ն ամբողջապես ռուսների սեփականությունն է: Մինչ այդ, սակայն, "Սագամարում" բաժնեմաս է ունեցել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի երբեմնի խորհրդական, ներկայումս մանկապղծության մեջ մեղադրված Սերոբ Տեր-Պողոսյանը: Հետագայում` վերջինիս դեմ քրեական գործ հարուցելուց հետո, նրան ստիպել են հրաժարվել "Սագամար" ընկերության բաժնեմասից` փոխարենը տալով Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: Իսկ թե ինչու է Մեղրու ոսկու հանքավայրի շահագործման արտոնագիրը "Սիփան-1-ից" հապճեպորեն փոխանցվել "Սագամարին", ամբողջապես պարզ կդառնա ժամանակի ընթացքում: Մի հանգամանք, սակայն, արդեն ջրի երես է ելել: Բանն այն է, որ "Սագամարի" բաժնետերերից մեկը` Սերոբ Տեր-Պողոսյանի կինը (ըստ Սիլվա Համբարձումյանի ասուլիսի) տիրապետում է տեղեկությունների` Հոկտեմբերի 27-ի ոճրագործության վերաբերյալ (ավելի ուշ Սերոբ Տեր-Պողոսյանի կինն անհամաձայնություն է հայտնել Սիլվա Համբարձումյանի տարածած տեղեկատվության հետ):
"Սագամարի" սյունիքյան էության շուրջ խորհրդավորության մշուշն ավելի է թանձրանում, երբ իմանում ենք, որ Մեղրու ոսկու հանքավայրի աճուրդի հանձնաժողովի նախագահն անձամբ Տիգրան Սարգսյանն էր (թեեւ չէր մասնակցել աճուրդին), որ մեկ մլրդ դոլար (ըստ մամուլի) արժողությամբ ոսկու պաշար ունեցող հանքավայրի շահագործման իրավունքը "Սագամարին" վաճառվել է 198 մլն դրամով, որ աճուրդին "Սագամարից" բացի ուրիշ ոչ մի տնտեսավարող չի մասնակցել, որ բուն աճուրդը խիստ տարակուսելի ընթացք է ունեցել, որ…
Թե անցած շուրջ մեկ տարում ինչ աշխատանքներ են "Սագամարը" կամ "Էլվի գոլդ մայնինգը" (վերջինիս անունն օգտագործում ենք` հիմք ունենալով "Սագամար" ՓԲԸ-ի էլեկտրոնային կայքի տեղեկատվությունը) իրականացրել Մեղրիում, կփորձենք ներկայացնել մեր հետագա համարներում: Սակայն… Մեղրու ոսկու հանքավայրի շուրջ տեղի ունեցած պատմությունները հերթական անգամ ապացուցում են, որ մեզանում ընդերքի շահագործումն ու պետությունը (պետական շահը) իրարից օտարված հասկացողություններ են, որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում ըստ պատշաճի տնօրինել հանքարդյունաբերության ոլորտը: Այլապես կունենայինք բնագավառի տնօրինման շատ թե քիչ գործող մեխանիզմ, այլապես նման դյուրությամբ իրարից չէին փախցնի հանքավայրերը: Մյուս կողմից` համաշխարհային ֆինանսատնտեսական ոչ վաղ անցյալի ճգնաժամը երիցս հաստատեց, որ ոսկին եղել ու մնում է միակ կայուն վալյուտան: Ավելին, ոսկու գներն այդ ճգնաժամի օրերին զգալիորեն աճեցին: Իսկ համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգում վիճակն այսօր էլ անհանգստացնող է: Ուրեմն եւ` ոսկու համար պայքարը շարունակվում է, եւ ոչ ոք չգիտի, թե "Սագամարին" որքան ժամանակ կվիճակվի մնալ Լիճքվազ-Թեյում, մանավանդ որ երկրում, այդ ամենին զուգահեռ, նախընտրական վերադասավորումներ են տեղի ունենում:
Ամենաուշագրավ դիտարկումը` կատարված Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շուրջ տեղի ունեցող զարգացումների համապատկերի վրա, դա չէ սակայն: Դիտարժանն այն է, որ ամբողջ քարոզչամեքենան կարողացավ առանցքային հարցի` հանքավայրի շուրջ մղվող պայքարի վրա քող նետել, եւ կրակագիծ դուրս բերել Սուրեն Խաչատրյան-Սիլվա Համբարձումյան կռիվը: Արդյունքում` իրական գործող անձինք՝ ոսկու հանքավայրի տնօրինումն իրենց քիմքին հաճո վերաձեւողները, շահույթ ակնկալողները հերթական անգամ այդ խառնաշփոթից չոր դուրս պրծան…
Լուսանկարը` www.henaran.am կայքի
Դեկտեմբեր 06, 2011 at 18:04
