Հայաստանում հանքերը գրեթե անտերության են մատնված

Հայաստանում հանքերը գրեթե անտերության են մատնված

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

Իհարկե, սա պետք է հասկանալ զուտ պաշտոնապես կամ դե յուրե, քանի որ դժվար է պատկերացնել, թե ահռելի արժեք ունեցող հանքանյութի այդ շտեմարանները բարձրաստիճան համապատասխան չինովնիկների կողմից գործնականում էլ են անտերության մատնված:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կառուցվածքում մի շատ հետաքրքիր, ուշագրավ կառույց կա: Խոսքը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության մասին է, որը կազմավորվել է ՀՀ կառավարության 2008 թ. թիվ 1577-Ն որոշմամբ: Տեսչության կանոնադրական նպատակներից ու խնդիրներից են ընդերքօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնելու միջոցով ընդերքի արդյունավետ օգտագործման ապահովումը, Հայաստանի օրենսդրության պահանջների պահպանումը, ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտումը և կանխարգելումը, ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության լիարժեքության ու արժանահավատության ապահովումը:

Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրված լիցենզիաներով և համապատասխան կնքված պայմանագրերով սահմանված են մի շարք պարտավորություններ, որոնց կատարման նկատմամբ վերահսկողությունը, ՀՀ օրենսդրության ու տեսչության կանոնադրության համաձայն, պետք է իրականացվեր ու պետք է իրականացվի տեսչության կողմից: Սակայն, ինչպես պարզել է ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ), ընդերքի պետական տեսչության իրականացրած ստուգումներում ընդերքօգտագործող ընկերությունների ընդգրկվածության ցուցանիշը շատ ցածր է. 2009 թ. ընթացքում գործել է մետաղական հանքավայրերի համար տրված 82 լիցենզիա: Այնուհանդերձ, ստուգումներ են իրականացվել ընդերքօգտագործող խիստ սակավաթիվ կազմակերպություններում, որոնց տրված լիցենզիաների քանակը եղել է ընդամենը 8-ը (լիցենզիաների ընդհանուր թվի 9,7%-ը), իսկ 2010 թ. մետաղական հանքավայրերի համար տրված ու գործող 64 լիցենզիա ունեցող կազմակերպություններից ստուգումներ են իրականացվել ընդամենը 12 լիցենզիա ունեցող ընդերքօգտագործող կազմակերպություններում, որը կազմել է ընդհանուր թվի 18,7%-ը: Հետո էլ ոմանք զարմանում կամ նեղանում են, երբ ասում ենք Հայաստանում հանքերը գրեթե անտերության են մատնված:

Ավելին. 2009 թ. հանքարդյունահանում իրականացնող թվով 3 ընկերություններում («Մեգո Գոլդ», «Գեո Պրո Մայնինգ» ՍՊԸ-ներ և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի համապատասխան հանձնարարագրերով տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարման և բնօգտագործման վճարի օբյեկտներ համարվող փաստացի ծավալների չափաքանակների նկատմամբ: Սակայն տեսչության կողմից կազմված ստուգման ակտերով անդրադարձ է եղել միայն փաստացի արդյունահանված ծավալներին, ընդ որում, այդ փաստաթղթերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե են ներկայացվել` չհամեմատելով բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններով ներկայացված փաստացի ծավալների հետ: Ստուգողները փաստորեն չեն անդրադարձել ընդերքօգտագործողների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարմանը, հաստատված նախագծերին կատարված աշխատանքների համապատասխանությունը, ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմանը և կատարմանը: Թե ինչու են այսպես վարվել, կարծում ենք, դժվար չէ հասկանալ:

Նույն պատմությունը կրկնվել է նաև 2010 թվականին. այդ տարի նախարարի համապատասխան հանձնարարագրերով տեսչությանը հանձնարարվել է հանքարդյունահանում իրականացնող 3 ընկերություններում («Ախթալայի ԼՀԿ», «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ներ ու դարձյալ «Մեգո Գոլդ» ՍՊԸ) ստուգում իրականացնել ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարման և բնօգտագործման վճարի օբյեկտներ համարվող փաստացի ծավալների չափաքանակների նկատմամբ: Սակայն տեսչության կողմից կազմված ստուգման փաստաթղթերում անդրադարձ է եղել միայն փաստացի արդյունահանված ծավալներին: Այդ փաստաթղթերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե են ներկայացվել` նշված ծավալները դարձյալ չհամեմատելով բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններով ներկայացված ծավալների հետ: Այս անգամ պայմանագրային պարտավորությունների կատարման ստուգումներ իրականացվել են, բայց թերի: 2010 թ. իրականացված 12 ստուգումներից 5-ով («Կուբին», «ԲԱՄՕ մետալ», «Լուլիար», «Ռակ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթ Արմենիա» ՍՊԸ-ներում և «Քանարմ Փրեշըս Մեթըլզ» ՓԲԸ-ում) արձանագրված խախտումների կապակցությամբ նշված ընկերություններին տրվել են գրավոր զգուշացումներ, իսկ թերությունների, խախտումների վերացման համար` սահմանվել 90-օրյա ժամկետ: Համաձայն «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի` սահմանված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում նախարարությունն իրավունք ունի որոշում ընդունել հանքային իրավունքի դադարեցման մասին: Սակայն տեսչության կողմից հետևողականություն չի ցուցաբերվել և չի պահանջվել տեղեկատվություն` թերությունների վերացման վերաբերյալ: Ընդ որում` «Լուլիար» ՍՊԸ-ի կողմից ստուգման արդյունքները բողոքարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, և վերջինիս 15.04.2011 թ. թիվ 49-Ա հրամանով բողոքը բավարարվել է` ոչ իրավաչափ է ճանաչվել տեսչության կողմից ՍՊԸ-ի նկատմամբ իրականացված վարչական վարույթը:

2010 թ. իրականացված 2 այլ ստուգման («Գ. Արշակյան» և «Հանքաբուրգ» ՍՊԸ-ներ) արդյունքները բողոքարկվել են նախարարին` «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները չպահպանելու պատճառաբանությամբ, որից հետո ստուգումները դադարեցվել են: Ինչպես ասում են, «ֆանտաստիշ...»: Բնականաբար, հարց է առաջանում` այդ դեպքում տեսչության աշխատակիցներին ինչո՞ւ է աշխատավարձ տրվում հարկատուներիս հաշվին, և ովքե՞ր են օրենսդրության պահանջների համապատասխան իրականացնելու ստուգումները, որպեսզի հնարավոր, այս դեպքում նաև միանգամայն ենթադրելի խախտումները ոչ միայն բացահայտվեն, այլև իրավական համապատասխան վերաբերմունքի արժանանան:

ՎՊ-ը խախտումներ է հայտնաբերել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կառուցվածքում գտնվող մեկ այլ մարմնում` նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալությունում: Վերջինիս կողմից 10 հաշվետվություններ պետական ընդերքաբանական փորձաքննության չեն ենթարկվել և վերադարձվել են հեղինակներին` առանց բացասական որոշման կայացման, որը ՀՀ կառավարության 06.01.2005 թ. թիվ 1784-Ն որոշմամբ սահմանված պահանջի խախտում է:

Ավելին. օգտակար հանածոների պաշարների գործակալությանը պետական ընդերքաբանական փորձաքննություն անցկացնելու նպատակով ներկայացված 6 հաշվետվություններ շուրջ 2-3 տարի գտնվում են փորձաքննության ընթացքում, որով խախտվել է ՀՀ կառավարության 06.01.2005 թ. թիվ 1784-Ն որոշմամբ փորձաքննություն իրականացնելու համար սահմանված ժամկետը` մինչև 120 աշխատանքային օր:

ՎՊ-ը վերահսկողություն է իրականացրել նաև հիշյալ նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալությունում:

Պալատի կողմից 2010 թ. ընթացքում ընդերքօգտագործող (որոշ մետաղական հանքավայրեր և հանքերևակումներ) ընկերություններում «Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության և 2007-2010 թթ. ընթացքում ընդերքի օգտագործման համապատասխանության» նպատակով իրականացված վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են ընդերքի տրամադրման, լիցենզային պայմանագրերի կնքման և ստանձնած պարտավորությունների կատարման, լիցենզիաների ժամկետների երկարաձգման վերաբերյալ խախտումներ ու բացթողումներ:
Վերահսկողության ընթացքում ընտրանքային կարգով ստուգվել է կոնցեսիոն վճարների հարցը: Ընդերքօգտագործման (մետաղական) լիցենզիա ունեցող ընկերությունները «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի պահանջով և լիցենզային պայմանագրով պարտավոր են ՀՀ պետական բյուջե տարեկան վճարել կոնցեսիոն միանվագ վճար, որը կախված է ընդերքի տեղամասի չափից: Թվով 20 ընդերքօգտագործման լիցենզիա ունեցող ընկերությունների համար հաշվարկված կոնցեսիոն վճարը կազմել է 158979600 դրամ, սակայն վճարվել է մոտ կեսը` 79812200 դրամ, այսինքն` չի վճարվել 79167400 դրամ, որը ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե:

Հունվար 20, 2012 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր