

Գայանե Ասրյան, Haynews.am
Այսօր ըստ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի Հայաստանում բնակչության թիվը հասնում է 2,8-2,9 մլն-ի, բնակչության թվի նվազմանը զուգահեռ շարունակվում է արտագաղթի հոսքը: Ուղեղների արտահոսքը արտերկիր հիմնականում կրում է ոչ ժամանակավոր բնույթ (ԱՄՆ և Եվրոպա), քանի որ արտերկրում աշխատանք գտնելով և բարեկեցիկ կյանքի հնարավորություն ստանալով, հատկապես երիտասարդ քաղաքացիները նախընտրում են հեռանալ մեկընդմիշտ:
Իսկ ինչ վերաբերում է սև շուկայի աշխատանքներին, արտագաղթի հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնություն է: Ըստ ազգագրագետ Աղասի Թադևոսյանի` Ռուսաստանն այդքան էլ բաց չէ իր երկրում ժամանակավոր աշխատանք փնտրողների հանդեպ, քանի որ դեռևս Ռուսաստանի ներքին աշխատաշուկայի խնդիրները կարգավորված չեն:
Արտագաղթը զսպելու մեխանիզմը նոր աշխատատեղերի ստեղծումն է, որը ընտրություններից ընտրություն միայն արծարծվում են նախընտրական բուկլետների և ծրագրերի մեջ, մինչդեռ որևէ կառուցողական քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվում: Էկոնոմիկայի նախարարությունը հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ծրագրերի մասին իր հաշվետվություններում առանձնակի կարևոր է համարում աշխատատեղերի ապահովումը: Նույն սևագործ աշխատանքը մարդը կարող է արժանապատվորեն անել նաև իր երկրում: Ուղղակի մասնագետներն այստեղ այլ խնդիրներ են տեսնում:
«Միայն անհեռատեսները կարող են մտածել, որ հանքերում մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելով, հնարավոր է զբաղվածության խնդիրը կարգավորվել, այդ հանքերը գոյություն ունեն մի քանի տասնամյակներ միայն, բացի դա այդտեղ կարող են աշխատել սահմանափակ թվով մարդիկ»,-հայտնեց ժողովրդագիր Եգանյանը:
Նա գտնում է, որ ավելի նպատակահարմար է գիտելիքահեն տնտեսության գաղափարն իրոք իրականություն դարձնել, ոչ թե միայն բարձր ամբիոններից խոսել դրա նպատակահարմարության մասին: «Պետք է հասկանալ, որ այսօր սև շուկայում են հայտնվում նաև բարձր գրագիտությամբ մարդիկ, առաջնային պետք է հասկանալ, որ նախ պետք է աշխատատեղեր ստեղծել հենց նրանց համար, նոր հետո շեշտը դնել արտադրության և այլ բնագավառներում բանվորական ներուժի իրացման խնդիրների վրա»,-հայտնեց Եգանյանը:
Ազգագրագետ Թադևոսյանը կարևորում է այն հանգամանքը, որ պետք է ռազմավարական առաջնայնության խնդիրը կարգավորել. «Ավելի կարևոր է մաքուր շրջակա միջավայր, առողջ սերունդ, թե՞ մի քանի տասնյակ մարդկանց աշխատատեղերի ապահովումը»:
Բացի դա ազգագրագետը կարևորում է այն խնդիրը, որ պետք է մտածել տնտեսության մասին ժամանակի ավելի մեծ կտրվածքով` միայն թե չվնասելով շրջակա միջավայրը. «Այսօր ամբողջ աշխարհն է մտահոգված բնապահպանական խնդիրներով, մենք չենք կարող հեռու մնալ այդ խնդիրներից»:
Ի վերջո հանքարդյունաբերության զարգացումը ինչ-որ տեղ քողարկվում է նաև աշխատատեղերի ֆոնով, քանի որ որոշ շրջաններում մարդիկ ուղղակի անգործ են և պատրաստ են իրենց առողջության հաշվին հոգալ օրվա «հացախնդիրը»:
Հունվար 20, 2012 at 15:18
