

ԷկոԼուր
Մայիսի 14-ին «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի գյուղապետարանում կազմակերպեց հասարակական լսումներ՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ:
Հասարակական լսմանը մասնակցեցին «ԱՍՍԱԹ» ՍՊԸ տնօրեն Ա. Օսիկյանը, ՇՄԱԳ նախագծի հեղինակ Վ. Թևոսյանը, Քարաբերդի գյուղապետ Յ. Շավելյանը, ներկայացուցիչներ ՀՀ Բնապահպանության նախարարությունից և Լոռու մարզպետարանից, երկրաբաններ, լրագրողներ, Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգողը, Քարաբերդ գյուղի բնակիչներ:
«ԱՍՍԱԹ» ՍՊԸ տնօրեն Ա. Օսիկյանը ներկայացրեց նախատեսվող աշխատանքները, թե ինչպես պետք է հանքաքարն արդյունահանվի և տեղափոխվի Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա: Աշխատանքն իրականցվելու է 11 տարվա ընթացքում՝ բաց և փակ եղանակներով: Նախատեսված են պայթեցումներ և տեխնիկական աշխատանքներ: Քարաբերդ համայնքի ֆինանսական մուտքերը ավելանալու են տարեկան 1 200 000 դրամով՝ հարկերի տեսքով, տարեկան մինչև 1 000 000 դրամ էլ կազմակերպությունը միակողմանի պարտավորությամբ փոխանցելու է համայնքի բյուջե՝ սոցիալական տարբեր կարիքների համար:
Գյուղի բնակիչները բարձրացրեցին ճանապարհների վերանորոգման հարցը: Համայնքի ղեկավար Յ. Շավելյանը հայտնեց, որ համայնքի համար դրական ազդեցություն կունենա հանքի շահագործումը, քանի որ կապահովի աշխատատեղեր, ֆինանսական լրացուցիչ մուտքեր, ինչպես նաև կազմակերպությունը տեխնիկա կտրամադրի համայնքի ճանապարհների բարեկարգման համար:
Փորձագետ Վ. Թևոսյանը ներկայացրեց ՇՄԱԳ նախագիծը: (http://download7.files.mail.ru/5K1CL5/b2dcb36d17b08c815c73b05fe0787b6d/11_05_qaraberd_hanq_assat.doc?from=e.mail.ru)
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգողի հարցերին ի պատասհան հայտնեցին, որ տեղանքում չկան սողանքային երևույթներ, պայթեցումները բնակավայրից 4 կմ հեռավորության վրա են լինելու և բացասական ազդեցություն չեն ունենալու: Բացահանքի տարածքում անտառներ չկան: Հասարակական լսումների անցկացման վերաբերյալ էլ հայտնեցին, որ հավանաբար լսումներ կիրականացվեն նաև Վանաձորում և Երևանում:
Այս մասին տեղեկացնում է Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը:
Իր կողմից «ԷկոԼուր»-ը ներկայացնում է Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց և ստորգետնյա հանքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականից (ՇՄԱԳ) որոշ ուշագրավ փաստեր:
«Քարաբերդի հանքային դաշտը և հանքավայրը գտնվում են Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում` Լոռու մարզի սահմաններում, Վանաձոր քաղաքից 4.5 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք…: Հանքավայրին ամենամոտ բնակավայրը Քարաբերդ գյուղն է, որի հետ այն հաղորդակցվում է 1.5 կմ երկարությամբ գրունտային ճանապարհով:
Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի պաշարները C1+C2 կարգերով, հանքաքար 303.2հազ.տ, ոսկի 1631.8կգ, արծաթ 2.920տ քանակներով հաստատվել են ՀՀ ԷԲՊՆ ՕՀՊԳ-ի կողմից 29.03.2012թ. N321 որոշմամբ:
...Հանքավայրի Կենտրոնական տեղամասի մշակման սույն նախագծով նախատեսվում է N1 և N3 հանքային մարմինները մշակել 2 փուլով-վերին հորիզոնները մշակել բաց լեռնային աշխատանքներով, իսկ դրանից հետո մնացած ստորին մասերը- ստորգետնյա լեռնային աշխատանքներով:
I Փուլ - Եզրագծված բացահանքի օտարման տարածքը կազմում է 1.1հա: Հանքաքարի մարվող պաշարների քանակը 33474տ (ոսկի-210.9կգ, արծաթ-367.2կգ): Բացահանքը նախատեսվում է շահագործել 3 տարում: Տարեկան մարվող պաշարների քանակը կազմում է 11551.3տ, ապրանքային հանքաքարի քանակը – 12500տ:
Մակաբացման ապարների ընդհանուր քանակը կազմում է 72500մ3:
II Փուլ - Ստորգետնյա հանքով նախատեսվում է մշակել 239081.9տ պաշարները, ոսկի – 1232.58կգ, արծաթ – 2216.3կգ:
Ստորգետնյա հանքի տարեկան արտադրողականությունը կազմում է 29673.1տ-մարվող պաշար, 30000.0տ-ապրանքային հանքաքար: ...Արդյունահանված հանքաքարերի տեղափոխումը նախատեսվում է կատարել մինչև 11-12կմ հեռավորության վրա գտնվող Վանաձոր քաղաքի երկաթգծային կայարան, որտեղից ել երկրաթգծային տրանսպորտով պետք է տեղափոխվի Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա:
...Հողերի ընդհանուր մակերեսը կազմում է` հանքավայր` 1.1 հա, արտաքին լցակույտ` 1.5 հա:
Քարաբերդի ոսկու հանքավայրը լեռնագրական տեսակետից գտնվում է Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին` Փամբակ գետի ձախ ափին: Ըստ «ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքների մասին» 2011թ.-ի տեղականքի` Փամբակ գետից վերցված փորձանմուշներում գերազանցվել են ամոնիում իոնի, ԹԿՊ5–ի, ալյումինի, վանադիումի, մանգանի, պղնձի և սելենի սահմանային թույլատրելի նորմաները:
... Բազումի լեռնաշղթայի բուսական աշխարհը ներկայացված է անոթավոր բույսերի ավելի քան 1033 տեսակներով, որոնք պատկանում են 436 ցեղերին և 98 ընտանիքներին:
Շրջանի բուսածածկույթի համակցությունները անտառներն ու տափաստանային տեսակներն են:…Անտառային բույսերի` հաճարենու, կաղնու, հացենու, լորենու, թխկու, բոխու կողքին ժայռոտ քարաթափերում տարածված են մասրենու, ցաքու թփուտներ: Հանդիպում են վայրի տանձենի, խնձորենի, ընկուզենի, սալորենի, հարավ-արևելքում` ղաժու, գիհու նոսրանտառներ:
Անտառն առատ է թռչուններով՝ ծվծվան, երաշտահավեր, կան սերինոսներ, խածկտիկներ, փետրավոր գիշատիչներից՝ բու, բվեճ, մորաճուռակ (ՇՄԱԳ-ում ներկայացված են նաեւ գորշ արջը, փոքրասիական գետնասկյուռը, գորշ ականջեղը):
...Քարաբերդի հանքավայրը հարակից է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Մարգահովիտի և Գյուլաքարակի սոճու պետական արգելավայրերին, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկին: Նշված ԲՀՊՏ-ները գտնվում են Քարաբերդի հանքավայրից 10 – 20 կմ հեռավորության վրա:
...Հանքավայրի տարածքում առանձնացվել են երկու տեսակի ստորերկրյա ջրեր` էկզոգեն ճեղքավորման ջրեր և ճեղային ճեղքա-երակային ջրակալված գոտիների ջրեր:
...Նկարագրվող տարածաշրջանում երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը կազմում է 8-9 բալ:
Քարաբերդի ոսկու հանքավայրի տարածաշրջանում զարգացած են լեռնամարգագետնային, մարգագետնատափաստանային, գորշ և դարչնագույն անտառային հողերը, սևահողերը և գետահովտադարավանդային հողերը: Լեռնամարգագետնային հողերը ունեն լավ արտահայտված նուրբ հատիկավոր ստրուկտուրա, աղքատ են կարբոնատներից: Պարունակում են մեծ քանակության հումուս (18-25, երբեմն 25-30%):
…Խմելու ջուրը նախատեսվում է սահմանված կարգով վերցնել մոտակա գյուղի ջրատարից, իսկ տեխնիկական ջուրը` Փամբակ գետից, ջրառ իրականացնող համապատասխան կազմակերպությունից պայմանագրային եղանակով:
…Բացահանքի լցակույտ առաջացնող ապարները 71.34 հազ.մ3 են:
...Փոշու աղբյուր են հանդիսանում հանման–բեռնման աշխատանքները բացահանքում (հանքաքարի և ծածկաշերտի բեռնում և տեղափոխում, էքսկավատորների, բուլդոզերների և ուրիշ ծանր տեխնիկայի աշխատանքը և այլն), ինչպես նաև հորատանցքերի և պայթանցքերի հորատումը։ …Փոշու և գազերի էմիսիայի տևողությունը պայթեցման աշխատանքների ժամանակ կազմում է միջին 10 րոպե, այդ պատճառով նրանք համարվում են համազարկային և մթնոլորտի աղտոտման մակարդակի հաշվառման ժամանակ հաշվի չեն առնվում։
… Վնասակար նյութերի և աղմուկի ազդեցությունը բացահանքի և ստորգետնյա հանքի շահագործման ընթացքում պարփակվում են հանքի տարածքում և արդեն իսկ հանքի սահմաններում չեն գերազանցում թույլատրելի սանիտարական նորմերը:
Հանքի ծառայման ժամկետը` 7-8տարի»:
Լուսանկարը` Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանի
Մայիս 17, 2012 at 13:06
