

ԷկոԼուր
Աբովյանի երկաթահանքում մեծ թափով հորատման աշխատանքներ են տարվում: Այս մասին «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց կանաչ շարժման ակտիվիստ Վահե Վարդումյանը: «2012 թ. մայիսի 9-ին դեպի Հատիս կատարած արշավի ժամանակ Աբովյան քաղաքից վերև` Կապուտան գյուղից մի փոքր ներքև, հանդիպեցինք իրարից ոչ շատ հեռու աշխատող 4 հորատող մեքենաների: Հարցուփորձից պարզ դարձավ, որ երկաթի հանքի համար հետախուզություն են կատարում: Նկարում երևում է նաև, որ ծառածածկ գոտում նոր ճանապարհ է բացվել: Փաստորեն Հատիսի ստորոտում երկաթի հանքը շուտով կբացվի՞: Երևում է, որ շտապում են, քանի որ մայիսի 9-ին` տոնական օրով, մեծ թափով աշխատանքներ են կատարվում»,- ասված է Վահե Վարդումյանի նամակում:
Նշենք, որ հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանի համաձայն` Աբովյանի երկաթահանքի շահագործումն ավելի վտանգավոր է, քան Հրազդանինը: Հրազդանի հանքավայրում երկաթը մակերեսին է, իսկ Աբովյանում հանքը գտնվում է ջրերի տակ: «Մեր խմելու ջուրը կփչացնեն, նոր կհասնեն իրենց հանքին»,- «ԷկոԼուր»-ին ասել է Ռ. Յադոյանը:
Աբովյանի, Հրազդանի եւ Սվարանցի երկաթահանքերի շահագործման իրավունքը չինական «Fortune Oil» ընկերությանն է:
Լուսանկարները` Վահե Վարդումյանի
Մայիս 18, 2012 at 12:28





