Մեկնաբանություններ՝ EBRD-ի լեռնահանքային արդյունաբերության զարգացման ռազմավարության վերաբերյալ

Մեկնաբանություններ՝ EBRD-ի լեռնահանքային արդյունաբերության զարգացման ռազմավարության վերաբերյալ

ԷկոԼուր

Վերակառուցման եւ զարգազման եվրոպական բանկը (EBRD) քննարկման է ներկայացրել լեռնահանքային արդյունաբերության զարգացման ռազմավարության սեւագիրը: Նշենք, որ այս թեման 2012թ. մայիսին Լոնդոնում տեղի ունեցած բանկի տարեկան ժողովի գլխավոր թեմաներից մեկն էր: Նրանում մասնակցեցին նաեւ հասարակական կազմակերպություններ՝ մասնավորապես «Bankwatch» միջազգային ցանցը (CEE Bankwatch Network): Ցանցը համախմբում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպաների երկրների ոչ կառավարական կազմակերպությունները եւ  միջազգային ֆինանսական կազմակերպությունների  գործունեության նկատմամբ  մոնիտորինգ է անցկացնում (watchdog-ի գործառույթ):

Հասարակայնությունը EBRD-ի տնօրենին եւ պատասխանատու մենեջերներին ներկայացրեց բանկի կողմից ֆինանսավորվող նախագծերի նկատմամբ իրականացված մոնիտորինգի արդյունքները: Պարզ դարձավ, որ բացարձակ մեծամասնության դեպքում նախագծերը չեն իրականացվում բանկի կողմից հռչակված սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության սկզբունքների մակարդակով (Հայաստանից հանդիպումներին մասնակցում էր «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ով ներկայացրեց Ամուլսարի նախագծի ռիսկերը):

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Վլադա Մարցինկեւիչը (CEE Bankwatch Network) մասնավորապես նշեց. «Այն շրջաններում, որտեղ EBRD-ն գործունեություն է ծավալում, մտադիր է զարգացնել իր գործունեությունը ընդլայնված ձեւաչափով: Բայց մենք կարծում ենք, որ զարգացման կապը օգտակար հանածոների արդյունահանման  հետ չի կարող կայուն մակարդակում լինել, այլ միայն օգտակար հանածոներից կախում կառաջացնի: Մենք հատուկ հանդիպում ունեցանք բանկի սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության եւ բնական ռեսուրսների դեպարտամենտի հետ, եւ մանրամասն քննարկեցինք Ամուլսարի նախագծի ռիսկերը տարածաշրջանի համար, եւ որ ազդեցության գոտու մեջ պետք է ներառել բոլոր շրջակա քաղաքները, հատկապես Ջերմուկ առողջարանը: Այն երկրներում, որտեղ բանկը գործունեություն է իրականացնում, պետք ուղղի իր ֆինասավորումն այդ երկրների տնտեսությունների դիրվերսիֆիկացիային»:

«Crude Accountability» ՀԿ-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն (ԱՄՆ) Քեյթ Ուոթերսը բարձրացրեց այն երկրների կոռուպցիայի հարցը, որտեղ գործունեություն է իրականացնում բանկը: «Յուրաքանչյուր ընկերություն խոստանում է, որ գեղեցիկ նախագիծ կանի: Բայց հաճախ դա պարզապես գեղեցիկ նախագիծ է, որը չի բարելավում իրավիճակը: Գումարները ծախսված են, սակայն մարդիկ չեն տեսնում բարելավում, կասկածներ կան: Դա կատարվում է այն երկրներում, որտեղ մարդու իրավունքների հետ կապված դժվար կացություն է, որտեղ չկա թափանցիկություն, չկա հաշվետվություն, կան կոռուպցիայի հետ կապված խնդիրներ: Չկա այնպիսի միջազգային ֆինանսական կազմակերպություն, որը լավ հասկանա խնդրի ողջ լրջությունը՝ կապված կոռուպցիայի հետ, կոռուպցիայի դեմ ոչ բավարար չափով տարվող պայքարի հետ: Ես կցանկանայի, որ հասարակայնությունն ավելի շատ հնարավորություն ունենար ազդելու որոշում ընդունելու գործընթացների վրա նախքան այն, մինչ կֆինանսավորեին նախագծերը: Մենք պետք է գոռանք եւ թափանցիկություն պահանջենք ոչ միայն բանկից, այլեւ կառավարությունից»,- ընդգծեց նա:

Վլադա Մարցինկեւիչ. «Մենք հույս ունենք, որ բանկը սոցիալական եւ էկոլոգիական ոլորտում հռչակած իր լավագույն ստանդարտներով կարող է ազդել ընկերությունների վրա, որպեսզի բավարարվեն բոլոր նրանք, որոնց վրա ազդում են նախագծերը»:

Ստորեւ ներկայացնում ենք «ԷկոԼուր»-ի մեկնաբանությունները՝ ուղղված EBRD-ի լեռնահանքային արդյունաբերության զարգացման ռազմավարությանը:

Ռազմավարությունից, էջ 5. «Լեռնահանքային արդյունաբերությունը տնտեսական աճի եւ սոցիալական զարգացման ամենագլխավոր գործոններից է մի շարք երկրներում, որտեղ գործունեություն է իրականացնում EBRD: Այդ երկրներից են բնական պաշարներով հարուստ Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան եւ Ղրղզստանը, որտեղ տեղական բնակչությունը ոչ հազվադեպ է զգալի շահույթ ստանում լեռնաարդյունաբերությունից»: Եւ ապա. «Նախկինում բացասական հետեւանքների համար փոխհատուցումը, որպես կանոն, ընդունում էր ֆինանսական օգնության տեսք, որը տրամադրվում էր տեղական նախագծերի եւ նախաձեռնությունների իրականացման համար, օրինակ՝ նոր հիվանդանոցի կառուցման, կամ տեղական դպրոցի ֆուտբոլային թիմին աջակցություն ցուցաբերելու համար: Դրա հետ մեկտեղ վերջին, տասնամյակում բնակավայրերում կապիտալի ներդրման հետ մեկտեղ ձեւավորվեց ավելի ռազմավարական մոտեցում», էջ 70:

«ԷկոԼուր»-ի մեկնաբանությունը: Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում հարկային դաշտը կատարյալ չէ: Տեղական բնակչության շահույթները՝ նրանց, ովքեր աշխատում են լեռնահանքային ընկերություններում, եւ նրանց, ովքեր զբաղված են առողջարանային բիզնեսով կամ գյուղատնտեսությամբ, հակադրված են եւ հաճախ հասնում են բացահայտ հակամարտության: Այն մարդիկ, ովքեր չեն զբաղվում գյուղատնտեսությամբ կամ տուրիզմով, պատրաստ են իրենց հողերը էժան վաճառել, իսկ նրանք, ովքեր շահույթ ունեն այդ ուղղություններից, ապա նրանց հողերը խլում են ուժով:  Կառավարության որոշումներն ընդունվում են ի օգուտ ընկերությունների ՝ չքննարկելով դրանք տեղական բնակչության հետ: Իր հողը պահպանելու սեփականատիրոջ ցանկությունը ուշադրության չի արժանանում, եւ հողերը վերցնում են դատարանի միջոցով: Առաջարկված փոխհատուցումը չի համապատասխանում հողերի իրական արժեքին: EBRD-ին հղում է անում միջազգային ստանդարտներին: Բայց, օրինակ, Եվրոպայում սեփականատիրոջ իրավունքները պաշտպանված են, իսկ անցումային շրջանում գտնվող երկրներում փոքր սեփականատերը ոչնչով պաշտպանված չէ, եւ ընկերությունը նրան կարող է հասցնել սննկացման եզրին: Հենց դա է խնդիրը: Այսինքն, խոսելով ձեռնարկատերերի  եւ մասնավոր սեփականության մասին, EBRD-ն ի նկատի ունի միայն խոշոր ձեռնարկատերերին՝ ընկերություններին եւ նրանց սեփականությունը՝ անտեսելով փոքր մասնավոր սեփականատիրոջ  շահերը:

Նոր աշխատատեղերի ստեղծման օգուտը կարճաժամկետ է,  չի համապատասխանում կայուն զարգացման նպատակներին, չկան մեխանիզմներ, որոնք թույլ կտան հանքարդյունաբերական ընկերության գործունեության ավարտից հետո վերականգնել արդյունաբերական թափոններով աղտոտված շրջակա միջավայրը, հողը, ջրային ռեսուրսները:  

Հանքարդյունաբերական ընկերությունները ֆինանսական կամ այլ պատասխանատվություն չեն կրում իրենց գործունեության ավարտից հետո՝ ռիսկերի նվազեցումն ապահովելու համար: Իսկ պետությունը չի կարող տանել այդ բեռը, եւ գործնականում, շրջակա միջավայրի ոչնչացումը շարունակական բնույթ է կրում: Այսինքն՝ ոչ մարդկանց, ոչ շրջակա միջավայրի համար փոխհատուցման իրական մեխանիզմներ չկան:

Ռազմավարությունից, էջ 9.  «Ռազմավարությունը ներառում է ֆինասական գործիքների բոլոր տեսակները, որոնք օգտագործվում են Բանկի կողմից՝  ներառյալ  ներդրումները ֆինանսական միջնորդների համար, որոնց միջոցով Բանկը անուղղակիորեն ֆինանսավորում է լեռնահանքային նախագծերը»:

«ԷկոԼուր»-ի մեկնաբանությունը: Ֆինանսական միջնորդներին ֆինանսավորումը նպաստում է ֆինանսական շղթաների ստեղծմանը, որոնցում ոչ միայն սոցիալական պատասխանատվությունն է կորչում, այլեւ՝ տնտեսական եւ ֆինանսական պատասխանատվությունը, հատկապես եթե խոսքը օվշորային գոտում գրանցված ընկերությունների մասին է:

EBRD-ն որոշ դեպքերում հանդես է գալիս որպես ընկերությունների բաժնետեր (Lydian International): Այստեղ խոսք կարող է լինել բիզնես շահի եւ կայուն զարգացման շահի միջեւ կոնֆլիկտի մասին:

 

Ռազմավարության հանքանյութերին նվիրված բաժնում մանրամասն նկարագրված է համաշխարհային զարգացման համար արդյունաբերության ճյուղերը: Այդ թվարկումն ավելորդ է, քանի որ EBRD-ի ռազմավարությունն ուղղված է միմիայն արդյունահանմանը: Արդյունաբերական ճյուղերի ֆինանսավորումը չի իրականացվում EBRD-ի ներդրումներով: Եւ բանկը չի հետեւում, թե որ ճյուղում՝ «օգտակար» թե «ոչ օգտակար», է օգտագործվում արդյունահանված մետաղը:

Ռազմավարությունից, էջ 18: «Հանքարդյունաբերական նախագծերի էական առաջադրանքները վկայում են  այն մասին, որ Բանկը հաշվի է առնում հիմնական խնդիրները, որոնք գոյություն ունեն այն երկրների հանքարդյունաբերական ոլորտներում, որտեղ այն գործունեություն է ծավալում՝ հատկապես պետական սեփականությանը տիրապետելը, ստանդարտների ցածր մակարդակը, ձեռնարկատիրական գործունեության գործնական մեթոդները »:

«ԷկոԼուր»-ի մեկնաբանությունը: Հանքարդյունաբերական նախագծերի էական առաջադրանքներում չկան գլխավոր ռիսկերը, որոնք առկա են այն երկրներում, որտեղ EBRD-ն իրականացնում է իր գործունեությունը: Դրանք են՝ կոռուպցիոն ռիսկերը, ժողովրդավարության ցածր մակարդակը, օլիգարխիկ-կլանային քաղաքական կառուցվածքը: Այս պայմաններում շուկայական մեխանիզմները, որոնք նպաստում են ձեռնարկատիրության զարգացմանը, չեն աշխատում: Ընդորում, ռազմավարության մեջ նշված ուղղությունները. «Ավելի շատ նշանակություն տալը բնակչության տարբեր խմբերի դիրքորոշմանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են տեղական մակարդակում տնտեսական զարգացումը, կենսաբազմազանությունը, ռացիոնալ բնօգտագործումը եւ կառավարման որակը, ինչպես նաեւ տեղական բնակչության ներգրավվածությանը, ստիպում է հանքարդյունաբերական ընկերություններին ռազմավարական կապեր հաստատել տեղի բնակչության հետ» , կամ «Որպեսզի թույլ տալ հանքարդյունաբերության ոլորտին ամբողջությամբ բացել տնտեսական աճի իր ողջ պոտենցիալը եւ հասնել հասարակության բոլոր շերտերի միջեւ օգուտների արդար բաժանմանը, ապա քաղաքականության իրականացման ժամանակ ուշադրություն պետք է դարձնել՝ i) մակրոտնտեսական փոփոխության  վրա բնական ռեսուրսների արդյունահանման գործունեութան ազդեցության սահմանափակմանը, ii) այն իրավիճակի թույլ չտալուն, երբ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումն ընթանում է ի վնաս այլ ոլորտների զարգացմանը,iii) հասարակությունում այդ ոլորտից ստացվող եկամուտների պատշաճ վերաբաշխման համար պայմանների ստեղծմանը» , կամ «Ռացիոնալ բնօգտագործում» կրում են ցանկությունների բնույթ. հասկանալի չէ, թե ինչպես են իրականացվելու այդ ուղղությունները:

Ռազմավարությունից, էջ 20. «Բանկի հաճախորդներից բազմաթիվ դրական արձագանքներ են գալիս, թե ինչ լավ է Բանկը իրականացնում նախագծերի կառավարումը»:

«ԷկոԼուր»-ի մեկնաբանությունը: Այստեղ  ավելի շուտ պետք է ասվի ոչ թե բանկի հաճախորդների, այլ երկրների մասին, քանի որ զարգացման բանկերն իրենց ջանքերը պետք է ուղղեն երկրների զարգացմանը, այլ ոչ առանձին հաճախորդների, որոնց պատկանելությունը հաճախ նույնականացվում է ոչ թե կոնկրետ երկրի հետ, այլ օվշորային գոտու հետ:

Ռազմավարությունից, էջ 29. «Տնտեսական աճի արագացման եւ բնակչության բոլոր շերտերի միջեւ նպաստների արդար բաժանման գործում հանքարդյունաբերական ոլորտի ամբողջ պոտենցիալ ներդրումն ապահովելու համար անչափ կարեւոր է ստեղծել բարեխիղճ կառավարման համակարգ եւ հզոր ինստիտուցիոնալ բազա, ինչպես նաեւ ձեւավորել ճշգրիտ, կայուն եւ արդյունավետ նորմատիվային-իրավական բազա եւ էկոլոգիական-սոցիալական երաշխիքների խիստ համակարգ: Հենց այս առաջադրանքներն է պետք անցումային գործընթացում ճյուղային մակարդակում դիտարկել որպես էական  միջանկյալ նպատակներ: Հենց ինստիտուցիոնալ, քաղաքական, տնտեսական եւ նորմատիվային պայմաններից է կախված, թե երկրի վրա ինչպես կանդրադառնա  ռեսուրսների առատությունը, այն կլինի օրհնություն, թե անեծք»:

«ԷկոԼուր»-ի մեկնաբանությունը: Այս պարբերությունն արտացոլում է արդեն իսկ ստեղծված եւ ավելի ահագնացող խնդիրները: Սակայն ինստիտուցիոնալ եւ քաղաքական, եւ տնտեսական պայմաններն անցումային շրջանի երկրներում չեն բնորոշվում դրական տեղաշարժերով: Հանքարդյունաբերական հումքի արդյունահանման տեմպերը  նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության եւ շրջակա միջավայրը պաշտպանող մեխանիզմների բացակայության պայմաններում այնքան բարձր են, որ նշված բարեփոխումների իրականացումն ուղղակի չի հասնում այդ տեմպերի հետեւից: Շրջակա միջավայրը ոչնչացվում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների՝ շահույթ ստացողների եւ թույլտվություն են տվողներ բացարձակ անպատասխանատվության պայմաններում:

Կորպորատիվ պատասխանատվությունը միայն թղթի վրա է: Եթե եւ կան դրական փոքր տեղաշարժեր, ապա միայն ակտիվ հասարակական խմբերի ճնշման շնորհիվ, որոնց ռեսուրսները բիզնեսի ռեսուրսների հետ համեմատած չափազանց սահմանափակ են:

Ռազմավարությունից, էջ 69. «EBRD-ն հավատարիմ է Օրհուսի կոնվենցիայի ոգուն եւ սկզբունքներին: Հանքարդյունաբերական ոլորտի նախագծերի առումով EBRD-ին հատկապես կարեւոր է համարում դեռ ամենավաղ փուլում շահագրգիռ կողմերի հայտնաբերման աշխատանքը հատկապես հասարակության բոլոր խոցելի խմբերի առումով»:

«ԷկոԼուր»-ի մեկնաբանությունը: Օրհուսի կոնվենցիան պահանջում է հասարակության լիիրավ մասնակցություն: Սակայն մենք EBRD-ի ֆինանսավորած նախագծերում տեսնում ենք, որ հաճախ հասարակության հետ երկխոսության արդյունքում բանկը հասարակությանն ուղարկում է ընկերության մոտ, որը ոչ մի կերպ չի ցանկանում հասարակայնությանն ընդունել որպես գործընթացի լիիրավ մասնակից, ինչը հանգեցնում է կոնֆլիկտների:



Հուլիս 05, 2012 at 19:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր