Քաջարանում ուրանը եւ մոլիբդենը միասին են

Քաջարանում ուրանը եւ մոլիբդենը միասին են

ԷկոԼուր

Հայաստանում ընդերքի յուրացումն այնպիսի տեմպերի է հասել, որ վախենում ես երկրի ապգայի համար, երբ ընդերքը կսպառվի: Երկրի հաշվեկշռում 670 հանքավայր կա, դրանցից 30-ը մետաղական են: 22 մետաղական հանքավայր արդեն իսկ իր տերն ունի: Սահմանադրությամբ ընդերքը պատկանում է պետությանը, իսկ ընկերությունները պետության հետ կնքում են հանքավայրերի շահագործման կոնցեսիոն պայմանագրեր, այդ պատճառով տերերը պայմանական են: Հնարավոր է, որ դրա համար ընդերքի շահագործումը գիշատչային բնույթ է կրում: Ահազանգ են հնչեցնում երիտասարդ ակտիվիստները, գնահատական են տալիս մասնագետները: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի եւ ինժեներասեյսմաբանության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արտուշ Թամրազյանը:

Ա.Թ.  

-Խորհրդային շրջանում Միության ընդհանուր մեծ շտեմարանում, որպեսզի հանքավայրերը տեղ գտնեին, պիտի շատ մեծ պաշարներ ունենային: Այսօր հանքավայրերի  գնահատականն արդեն նորովի է տրվում, եւ հանքավայրերը` մանավանդ մետաղական, վերաարժեւորել են: Այսօր այն հանքավայրերը, որոնք այն ժամանակ չէին հաշվում հեռանկարային, որովհետեւ փոքր պաշարներ ունեին, մեր Հայաստանի համար մեր մասնավորի շահագործելու դեպքում կարող են տնտեսապես շահավետ լինել, եւ մասնավորը շատ փոքր շահույթ ունենալու համար ձեռնարկի այդ հանքավայրի շահագործումը: Երբ մեր ընդերքը շահագործվում է, մենք սկզբից ուրախանում ենք, որ նոր աշխատատեղեր, նոր նյութական ինչ-որ արժեքներ է ստեղծվում, բայց հիմա այդ թափն այնպիսի զարգացում է ստացել, որ արդեն մտավախություն կա, որ մի քանի տասնյակ տարի հետո մեր ընդերքը կդատարկվի եւ մենք ապագա սերունդներին բան չենք ունենա թողնելու: Իսկ նման կարգի հանրապետության համար, երբ ընդերքը հաշվվում էր հիմնական հարստություններից մեկը, ես կասեի՝ նման կարգի թալանը չի կարելի հանդուրժել. Դա ճիշտ չէ, որովհետեւ մասնավորը երբեք չի մտածում հանրապետության վաղվա օրվա մասին:

Քաջարանում ուզում են արդյունահանման ծավալները մեծացնել: Գիտեք` դա ինչ է նշանակում, որ, ասենք, 200 տարվա պաշարներով հանքավայրը, որ պիտի ապահովի մեր ժողովրդին, 20 տարում վերջանա, ժողովրդին դրանից օգուտ չկա:

Մեզ օգուտ չկա նաեւ չինացիների կողմից Հրազդանի, Աբովյանի երկաթահանքերի շատ արագ շահագործումից: Չինացին կարող է իրեն թույլ տալ, այդ կես միլիարդը սարքել 2 միլիարդ (դոլլար) եւ 30 տարվա շահագործման գործընթացը կատարել 10 տարում: Դրանից մեր ժողովուրդը օգուտ չունի: Եւ կդատարկի, կքերի, կտանի այդ ամբողջ հանքավայրը:

«ԷկոԼուր».

-Ինչպե՞ս եք Դուք գնահատում կիրառվող տեխնոլոգիների մակարդակը:

Ա. Թ.

Եթե խոսենք տեխնոլոգիայի մակարդակից, ապա մասնավոր ձեռնարկատերը դրանց մասին կմտածի այնքան, որքան իրեն կհարկադրեն: Մենք հիմնական էլեմենտներն արդյունահանելու ժամանակ  այսօրվա մեր տեխնոլոգիաներով, մեր մոտեցումներով վնասում, փչացնում կամ կորցնում ենք շատ ավելի արժեքավոր, հազվագյուտ էլեմենտներ, որոնք, ինչ խոսք, խիստ կարեւոր են: Մեր բոլոր շահագործվող հանքավայրերում այդ խնդիրը կա: Ժամանակին Սոտքում, Քաջարանում աշխատող ընկերությունների առաջ պայման դրեցին, որպեսզի բոլոր լցակույտերը, որոնք պարունակում են արժեքավոր մետաղների մնացորդներ, վերամշակվեն:

«ԷկոԼուր».

-Եւ ինչ, վերամշակեցի՞ն:

Ա. Թ.

-Իհարկե ոչ: Երբ արդեն մասնավորը մուտք է գործում տվյալ օբյեկտը, նա առաջին հերթին ինչ է անում, շատ արագ պետք է իր արած ծախսերը հանի: Օրինակ, հանքավայրում 4 գրամը տոննայի մեջ դա հաշվվում էր բալանսային, դրանից ցածրը թափում են: Այսինքն, երեք գրամ եթե տոննայի մեջ կա, դա թափվում է որպես լցակույտ: Դրա համար ոսկու հանքավայրը (Սոտք) մի քանի տեր ունեցավ:

«ԷկոԼուր».

-Վերջին ժամանակներում սկսել են ակտիվ զբաղվել ուրանի հետախուզմամբ: Մենք գիտական հրապարակումներից տեսնում ենք, որ ուրանն ամենուր է:

Ա.Թ.

- Կալցովսկի էքսպեդիցիան (ԽՍՀՄ-ում 1950-60-ական թվականներին զբաղվում էր ուրանի որոնողական աշխատանքներով) Լեռնաձոր գյուղի այդ հատվածում երկար տարիներ որոնողական-հետախուզական աշխատանքներ արեց եւ պաշարներ հաշվեցին: Դա արդեն որպես ուրանի հանքավայր էր, որը հարում էր մոլիբդենի հանքավայրին` նույնիսկ իր պաշարներով հաշված: Մոլիբդենի կողքը ուրանը ուղեկցվում է:  Կապված են, դրանք իրենց առաջացման, ծագումնաբանական տվյալներով բավականին մոտ են: Եթե հանքը արդյունահանվում է թեկուզ մոլիբդենի համար, որը ուղեկցվում է ուրանով, եւ նրա թափոնների մեջ կա ուրան, ինչ խոսք որ ուրանը իր հիմնական տեղադրումից տեղափոխվել է ինչ-որ ավելի մակերեսին մոտիկ մանրացված, փոշիացված, եւ նրա տարածվելու, ցրվելու, օդի մեջ լինելու վտանգն ավելի է մեծացել: Անպայման արդյունահանողը պետք է այդ հարցին պատասխան տա, ինչպես նաեւ լուծում տա, այլ կերպ նրան պետք է չթողնել արդյունահանել, քանի այդ խնդիրները չեն լուծել:

«ԷկոԼուր»-ի նկատառում. Լեռնաձոր գյուղը Քաջարան քաղաքից ընդամենը 2-3կմ հեռավորության վրա է, որտեղ գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Գյուղում աշխատում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը, որը ռադիոակտիվ հումքի որոնման եւ շահագործման մենաշնորհային իրավունք ունի: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարներն ընկած են նաեւ Քաջարան քաղաքի տակ:  

Հուլիս 10, 2012 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր