

ԷկոԼուր
Մեղրու տարածաշրջանի բնակչության մեծամասնությունը վստահ է, որ իրենց վատ զգալու հիմնական պատճառը բաց հանքերն են: Այդ մասին նրանք ասացին «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ, որը Մեղրի էր մեկնել 2012թ. մայիսին: Այդպես մտածող մարդկանցից մեկին մենք հանդիպեցինք նրա այգում: 45-50 տարեկան մեղրեցին մշակում էր հողամասը` գործնականում առանց տեղաշարժվելու: Երբ նրան պետք էր լինում տեղաշարժվել, նրան օգնում էր մի երիտասարդ: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ ունեցած մեր կարճ զրույցը:
Մեղրեցի.
- Հոդերի ցավից տառապում ենք, չենք կարողանում շարժվել:… Մեղրու մասին ոչ ոք չի մտածում, Մեղրու առողջապահության կամ մարդկանց մասին ընդհանրապես զբաղվող չկա: Մեծ ռայոն է, բայց ոչ մի բժիշկ չկա, միայն` քաղաքում: Չեմ աշխատում հիվանդության պատճառով արդեն 7-8 տարի: Էստեղ դիմելու բան չկա, միշտ էլ Երեւան եմ գնացել, ահավոր գումարներ եմ ծախսել, բայց ես ոչ մի արդյունքի չեմ հասել: Հիմա ես գնամ, ու՞մ դիմեմ, ասեմ` իմ կոմպենսացիան փակեք: Ահավոր վիճակի մեջ ենք, ոչ թե միայն ես, այլ ինձ նման շատ մարդիկ կան: Հոդերի ցավից տառապում ենք, չենք կարողանում շարժվել: Ես չգիտեմ` էս ռայոնի օդից է, ինչից է, այսպես տառապում ենք: …Մեր սարերը, մեր այս ճառագայթները, դրանից է կախված:
ԷկոԼուր.
-Իսկ ինչի՞ց որոշեցիք, որ ճառագայթումից է:
Մեղրեցի.
- Գրականությունից: Մեղրու մասին բաներ կա գրված, որ կարդում ես, տեսնում ես, որ հողի տակից դուրս եկած էդ ուրանը, էդ հանքերը, էդ բաները լռիվ մարդու առողջության վրա ազդում են:
ԷկոԼուր
-Դուք կամ Ձեր ծանոթները աշխատե՞լ եք հանքերում:
Մեղրեցի.
-Մեղրում ով ծանոթ չունի, բոլորն էլ աշխատում են:
ԷկոԼուր
-Իսկ Դուք որեւէ օգնություն ստացե՞լ եք, ունե՞ք սոցիալական պաշտպանություն:
Մեղրեցի.
-Չէ, ես նման բան չեմ տեսնում: Իմ պաշտպանությունն այն է, որ 15 տարի է, այսպես հիվանդ եմ, վերջին 7-8 տարում պետությունն ինձ մի 20 հազար թոշակ է տալիս: Ոչ մի տեղ հնարավորություն չունեմ աշխատելու: (20000-hիվանդության թոշակն է, հաշմանդամության` 2-րդ կարգի հաշմանդամ է): Ամենապակասը ես ինձ համար մի 16-17 հազարի դեղ եմ առնում, որ կարողանամ ոտքի վրա կանգնեմ:
ԷկոԼուր
Իսկ ինչ-որ մեկը եկե՞լ է, հետազոտե՞լ է, նման ծրագրեր եղե՞լ են ընդհանրապես:
Մեղրեցի.
Չէ, ես էդպիսի բան չեմ տեսել: Մեղրին շատ կտրված տեղ է, ոչ մեկն էլ չի հետեւում:
ԷկոԼուր
Իսկ կցանկանայի՞ք դիմել կառավարությանը եւ ի՞նչ պահանջով:
Մեղրեցի.
Ես որպես բնակիչ, ոչ միայն իմ, այլ բոլորի անունից եմ ասում, որ գոնե մի քիչ հետեւողական լինեն մեր բնակչության հիվանդությունների դեմ: Դեմը առնելը արդեն դժվար կլինի, դեմն առնելը սուտ է, որովհետեւ հնարավոր չի այդ մեծ հանքերը փակել, բայց գոնե ինչ-որ ձեւով այդ ճառագայթները, բաները մեղմացնեն, քչացնեն: Էս մարդիկ մեղք են:
Հուլիս 10, 2012 at 19:39
