Հասարակայնությունը կարծում է, որ «ՄեգոԳոլդ» ընկերությունը պետք է ներկայացնի Թուխմանուկի հանքավայրի շահագործման նոր համալիր ծրագիր

Հասարակայնությունը կարծում է, որ «ՄեգոԳոլդ» ընկերությունը պետք է ներկայացնի Թուխմանուկի հանքավայրի շահագործման նոր համալիր ծրագիր

ԷկոԼուր

Նոյեմբերի 27-ին Մելիք գյուղում տեղի ունեցած «ՄեգոԳոլդ» ընկերության նոր պոչամբարի կառուցման նախագծի հասարակական լսումներին մասնակցող հասարակայնության ներկայացուցիչները նամակով դիմում են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նամակում ասված է. «Նոյեմբերի 27-ին Մելիք գյուղում տեղի ունեցած «ՄեգոԳոլդ» ընկերության նոր պոչամբարի կառուցման նախագծի հասարակական լսումներին մասնակցող հասարակական կազմակերպությունները կարծում են, որ պետք է ներկայացվի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման համալիր ծրագիր: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ուղղված դիմումում նրանք նշում են. «Նոյեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Մելիք գյուղում «Մեգո Գոլդ» ընկերությունը կազմակերպեց հասարակական լսումներ` նոր պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ: Լսումներին մասնակցեցին Մելիք գյուղի բնակիչները, գյուղապետ Հակոբ Մկրտչյանը, «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը, «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ Գենրիխ Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Լաուրա Բալայանը, Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանաության բաժնի պետ Հովիկ Նիկողոսյանը, հասարակայնության ներկայացուցիչներ` Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը, փորձագետ-հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը, Օրհուս կենտրոնների իրավաբան Արթուր Գրիգորյանը, Երեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալիա Մանուկյանը, www.ecolur.org կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը, լրատվամիջոցներ: Սակայն հասարակական լսումների արձանագրությունը տեղում չկազմվեց: Իրենց ստորագրությունները մասնակիցները դնում էին առանձին թերթիկի վրա,որը պետք է կցվեր արձանագրությանը: Իսկ Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը հայտարարեց, որ բնակիչներն իրենց կարծիքը կհայտնեն մեկ ամսվա ընթացքում: Մենք` հասարակայնության ներկայացուցիչներս, արձանագրության տեքստին չենք ծանոթացել եւ կարծում ենք, որ լսումների արձանագրման գործընթացը խախտվել է, եւ հետեւաբար, արձանագրությունը, որպես պաշտոնական փաստաթուղթ, պետք է անվավեր ճանաչվի:

Ինչ վերաբերում է նախագծին, ապա.

1. Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի «ՄեգոԳոլդ» ընկերությունը կատարի տեղի բնակչության պահանջները եւ դրանք մտցնի նախագծի մեջ: Այդ պահանջներն են`

Ա) «ՄեգոԳոլդ» ընկերությունը պետք է ներկայացնի երկու պոչամբարների ռեկուլտիվացման պլանը` ժամանակացույցով եւ միջոցառման արժեքով, եթե ընկերությունը մտադիր է կորզել պոչամբարներում առկա ոսկին, ապա պոչերի վերամշակման գործընթացը նույնպես պետք է ներառվի նախագծի մեջ

Բ) «ՄեգոԳոլդ» ընկերությունը պետք է Թուխմանուկի հանքավայրը շահագործի փակ եղանակով

Գ) ընկերությունը պետք է իրականացնի Մելիք գյուղի տնտեսություններին պատճառված վնասի գնահատում, փոխհատուցում, ներկայացնի հետեւանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների պլան

 Դ) հասարակական լսումների ժամանակ գյուղի բնակիչներն անհանգստացած էին արտադրության ընդլայնման դեպքում հնարավոր  հարկադրական տեղափոխման հանգամանքից, ուստի` ընկերությունը պետք է ներկայացնի նաև գյուղի  հարկադրական տեղափոխման պլան:

2. Նոյեմբերի 27-ին Մելիք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ընթացքում «ՄեգոԳոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը հայտարարեց, որ արտադրության եւ արդյունահանման ծավալների ընդլայնման ծրագրեր կան, որ կարող է նոր պոչամբարների կառուցման հարց առաջանալ: «ՄեգոԳոլդ»-ի նախատեսող գործողություններից բխող ռիսկերի ճիշտ գնահատման համար անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ընկերությունը ներկայացնի իր ողջ գործունեության համալիր ծրագիրը, որի անբաժանելի մասը կլինի նաեւ նոր պոչամբարների կառուցումը: Համալիր ծրագրի ՇՄԱԳ-ը պետք է համապատասխանի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Ծրագրում պետք է ներկայացված լինեն շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումներ, մարդկանց առողջությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումների ծրագրեր, սոցիալական ծրագրեր:

3.Ներկայացված նախագծում պոչերի բաղադրությունը չի համապատասխանում գիտական տվյալների հետ (http://www.ecolur.org/hy/news/mining/meliq-village-reservoir-on-waste-deposit/4311/ «Ուշադրություն դարձնենք, որ նախագծում նշված չէ, որ պոչերում եւ մշակված լցակույտերում առաջին կարգի վտանգավորության տոքսիկ տարրեր կան: Նախագծում գրված է, որ պոչերի կազմում մտնում են հետեւյալ միացությունները` SiO2 – 46,23%;   AL2O3 – 10,81%;  MgO – 5,17% ;  TiO2 – 0,82 %;  CaO – 6,41%;  MnO – 0,15%;   Fe2O3 – 6,4%;  FeO -3,62%;  ՇԿ-12,71%: Սակայն Շ. Խաչատրյանի «Թուխմանուկի (Արագածոտնի մարզ) ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատկությունները» գիտական հոդվածի (Երեւանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր 3, 2010)  համաձայն` «պղինձ, ցինկ, կապար, մկնդեղ,  վիսմուտ, սելեն, թելուր, կադմիում և այլն  լցվում են թափոնակույտ և պոչամբար: Քիմիական տարրերի պարունակությունը որոշվել է ատոմաադսորբցիոն և հարգորոշման եղանակներով»»): Որպեսզի խուսափենք տվյալ նախագծի նկատմամբ կասկածներից, խնդրում ենք, որպեսզի նախագծող կազմակերպությունը այն դեպքում, եթե ինքն է անցկացրել ուսումնասիրությունները, ներկայացնի մեթոդիկան, փորձարարական տվյալները, արդյունքները: Եթե նա օգտվել է առկա գիտական հրապարակումներից, ապա թող ներկայացնի ստույգ աղբյուր, թե որտեղ են այդ տվյալները հրապարակվել:

4.Նախագծող Հովիկ Նիկողոսյանը միմյանցից խիստ կախվածության մեջ դրեց նոր պոչամբարի կառուցումը եւ ձեռնարկության աշխատելը: «Չի լինի պոչամբար, չի աշխատի հանքը, չի աշխատի հարստացուցիչ ֆաբրիկան… Հիմա ձեզանից է կախված. եթե դուք ուզում եք, որ ձեր մոտ աշխատի լեռնահանքային արդյունաբերություն, ուրեմն դուք պիտի ունենաք պոչամբար, եթե չեք ուզում, որ աշխատի ձեռնարկությունը ընդհանրապես, ուրեմն դուք պետք է ասեք, որ չեք ուզում ընդհանրապես: Եւ Մելիք գյուղում լեռնային արդյունաբերությունը կվերանա»,- ասաց Հ. Նիկողոսյանը: Մենք այս հայտարարությունը գնահատում ենք որպես սպառնալիք, քանի որ ընկերությունը կարող է եւ պետք է ներկայացնի այլընտրանքային տարբերակ»: 



Դեկտեմբեր 04, 2012 at 12:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր