Սոտք «ոսկե» գյուղը գոհ է նրանով, որ ոսկու փոխարեն կարող ենգազ քաշել

Սոտք «ոսկե» գյուղը գոհ է նրանով, որ ոսկու փոխարեն կարող ենգազ քաշել

ԷկոԼուր

Սոտք գյուղը գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանի գլխավորությամբ երկու անգամ փոխել է դիրքորոշումը` արդյոք իր համաձայնությունը տա, թե չտա «GeoProMining Gold» ընկերության կողմից առաջարկված Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման ընդլայնման նախագծին: Սոտք գյուղն ուղիղ իմաստով նստած է ոսկու վրա: Դա Սոտքի ոսկու հանքավայրն է, որը շահագործում է «GeoProMining Gold» ընկերությունը: Սոտքը Գեղարքունիքի մարզի ամենաաղքատ գյուղերից է: Այստեղ տարվա 9 ամիսներին ցուրտ է: Հողը բերքատու չէ, աղտոտված է հանքավայրի բազմամյա մնացորդներով: Գյուղը ընկերությանը 1047 հա հող է տվել վարձակալության, որոնք այլեւս երբեք չեն դառնա բերքատու: Տարածքում ընկերությունը թափում է դատարկ ապարներ, որոնք պարունակում են մկնդեղ, կադմիում, եւ այլ տոքսիկ տարրեր: Երբ բնակիչներն իմացան, որ ընկերությունն իրենց տարածքում ջարդման-տեսակավորման տեղամաս է կառուցում 2011թ-ին, նրանք ստորագրեցին ընկերության գործողությունների դեմ ուղղված նամակի տակ: Բնակիչները պնդում էին, որ ընկերությունը տոքսիկ տարրերով աղտոտել է Սոտք գետը, որի ջրերը նրանք օգտագործում են իրենց հողերի ոռոգման համար:

Բայց 2012թ. բնակիչներն ընկերաբար ստորագրեցին նախագծի օգտին: 2011թ. բնակիչներն ասում էին, որ ռիսկերը մեծ են եւ օրինակ էին բերում իրենց մոտ ծնված երկգլխանի հորթին: Իսկ հիմա նրանք խնդրում էին իրենց անունները չտալ, նկարահանումներ չանել: «Եթե տեսնեն, աշխատանքից կհեռացնեն», ասաց նրանցից մեկը: ԷկոԼուր. «Իսկ եթե գովեք ընկերությանը»: Բնակիչ. «Միեւնույնն է, կհեռացնեն»: ԷկոԼուր. «Իսկ ճի՞շտ է, որ ձեզ մոտ գործադուլ է եղել, վարորդները դուրս են եկել եւ պահանջել անվտանգության ապահովում, աշխատավարձերի բարձրացում»: Բնակիչ. «Ես լսել եմ, որ պահանջել են, բայց հետո պայմանավորվեցին, արագ ավարտեցին բոլորը»: ԷկոԼուր. «Իսկ դուք գո՞հ եք»: Բնակիչ. «Գոհ ենք»:

Բնակչուհիներից մեկն ասաց, որ շատ գոհ է, բայց, միեւնույնն է, խնդրեց իրեն ցույց չտալ: «Մեր ընտանիքում ընկերության աշխատողներ կան: Երբեմն 200 000 են բերում»: ԷկոԼուր. «Ամեն բնակիչ 200 000 է աշխատո՞ւմ»: Բնակչուհի. «Ոչ, ամեն մեկն այդքան չի բերում, բայց երբեմն եղել է: Առաջ ոչ մի բան չէին բերում, ուզում էին հեռանալ: Փառք Աստծո, կարելի է ապրել»:

Գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը համաձայնվեց զրուցել ԷկոԼուրի հետ.

- (Սոտք գետի մասին) Ինքը, իհարկե, աղտոտված է, բայց դե հիմի հույս ունենք, որ չափի մեջ է աղտոտված: Ամեն դեպքում այդ ձեւի են մեզ ներկայացնում: Մենք մասնագետ չենք, իրենք («GeoProMining Gold» ընկերություն) գալիս են, օդի բաղադրությունը գյուղապետարանի դեմը, մի շաբաթ առաջ են եկել, ստուգել: Այսինքն՝ եկել են, պրոբը վերցրել:

ԷկոԼուր.

Իսկ պատասխանը գիտե՞ք:

Կոլիկ Շահսուվարյան.

-Ես չեմ պահանջել, իրենք էլ չեն ներկայացրել: Բայց իզուր, ես երեւի թե պահանջեմ, որովհետեւ բանավորն ուրիշ է, գրավորն ուրիշ: Բացի դրանից, իրենք պարտավորվել են մաքրման կայաններ դնեն: Այ այս գարունը պիտի սկսեն այդ գործընթացը: Սարերից ջուրը որ գալիս է, հավաքվում առուների մեջ, առուները գալիս է գետի մեջ հոսում, այ մաքրման կայաններ պիտի տեղադրեն: ..Իրենք որոշում ընդունել են կոյուղիների պահով, ինչքան հիշում եմ: Այդ մեկը, որ ես ասի, դա հաջորդ փուլին պիտի լիներ: Ներկա պահին, որ պիտի սկսեն, կոյուղիներն են:

Բողոք, պահանջ միշտ եղել է աշխատատեղի պահով: Որ սկսեցին աշխատատեղ տալը, որ սկսեցին այս գումարները մեզ վճարելը, սաղ իրականում գոհ, շնորհակալ: 940 բնակիչ է, աշխատունակները, որ կուզեին աշխատեին, այս պահին հայտարարություն որ տային, պատալոկ 30-40 մարդ ձեռք կբարձրացնի: Դե որովհետեւ հողագործություն, անասնապահություն սկսել են որոշ մարդիկ: Ամեն մեկն արդեն իր համար ձեւ է ճարել ապրուստի: Մի քանի հոգի գյուղապետարանում է աշխատում, մի քանի հոգի դպրոցում, խանութում եւ այլն:

Անցած տարի մեզ 30 միլիոն հատկացրել են կոնկրետ գազաֆիկացման համար: Մենք էլ 9 միլիոն մեր բյուջեից ավելացրել ենք: Խոստացել են` աշխատատեղեր տան, տվել են: Անցած տարվանից մինչեւ հիմա մի 15 աշխատատեղ տվել են: Դա մեր համայնքի համար վատ ցուցանիշ չի: 96 միլիոն մեզ գումար են տվել մի տարվա մեջ: Այս տարվա համար էլ են 30 միլիոն խոստացել: Արդեն ոռոգման, ջրագծի համար կօգտագործեմ դա:

Դաժե ոչ մեկ չի խնդրել, ոչ մեկ չի պարտադրել, իրենք անցած տարի առաջարկել են, եթե չեմ սխալվում 5 000 դոլլար դպրոցի համար երեւի որոշակի աշխատանքների համար:

ԷկոԼուր.

-Ձեզ են տվել, թե՞ դպրոցին:

Կոլիկ Շահսուվարյան.

Երեւի թե այս գարնանը պիտի տան:



Ապրիլ 02, 2013 at 12:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր