

ԷկոԼուր
«Վայք Ռեսուրս» ընկերությունը մտադիր է շահագործել Գլաձորի բազմամետաղային հանքավայրը: Նախագծի վերաբերյալ հասարակական լսումները տեղի կունենան սույն թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ակումբի շենքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:
Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, Գլաձոր գյուղից 8.5 կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրերն են Վերնաշեն, Հերմոն և Գողթանիկ գյուղերը որոնք գտնվում են հանքավայրից 5.3կմ հեռավորության վրա: Հանքավայրը գտնվում է Արփա գետի ջրահավաք ավազանում` Արփա գետի վտակներ Եղեգիսի, Մալիշկայի, Հերհերի և Գլաձորի գետավազանների տարածքներում: Միայն ջրային ռեսուրսների աղտոտումից տնտեսությանը հասցված ընդհանուր տնտեսական վնասը կկազմի 26.14 միլիոն դրամ:
Ըստ նախագծի` հանքավայրը շահագործվելու է բաց եւ փակ եղանակներով: Միայն բաց հանքի 3 տեղամասերը միասին վերցրած պարունակում են` 82,99 կգ ոսկի, 1546,62 կգ արծաթ 5143,92 տոննա կապար, 5653,94 տոննա ցինկ, 521,78 տոննա պղինձ: Լիցենզիայով տրամադրված տարածքի մակերեսը կազմում է 1537հա:
Հանքը գտնվում է սեյսմավտանգ տարածքում, որտեղ երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը հասնում է 9 բալ և ավելի: Տարեկան օգտագործվելու է 322.5 տոննա պայթուցիկ նյութ:
Ստորգետնյա հանքի տարեկան հաշվարկային արտադրողականությունը տարեկան 500 հազար տոննա է լինելու, իսկ բացահանքինը` տարեկան 61.97 հազար տոննա: Հանքավայրը շահագործվելու է 28.4 տարի է:
Հանքի շահագործման արդյունքում մթնոլորտ են արտանետվելու փոշի, ածխաջրածիններ, ծծմբային անհիդրիդ, ածխաջրածնի օքսիդ, ազոտի օքսիդներ:
Դատարկ ապարների տարեկան միջին քանակը կազմելու է 1176250մ3, որից 42617մ3 օգտագործվելու է ստորգետնյա հանքում դատարկությունները լցնելու համար, իսկ մնացած մասը` 1133633մ3 տեղափոխվելու է լցակույտ:
«Ռեկուլտիվացման են ենթակա բացահանքը, մակաբացման ապարների լցակույտերը: Բացահանքերի 11.5 հա հողերը, համաձայն վերը նշված որոշման, դասվում են ջրային ուղղությամբ ռեկուլտիվացվող հողերի խմբին: Տարածքը օգտագործվելու է բնակչության խմելու ջրի, կենցաղային, գյուղատնտեսական, առողջապահական, բնապահպանական, գյուղատնտեսկան համայնքների կարիքների համար անհրաժեշտ ջրային համակարգերի ստեղծման համար:
Լցակույտերի 11 հա տարածքը դասվում է բնապահպանական ուղղությամբ ռեկուլտիվացվող հողերի խմբին: Տարածքը օգտագործվելու է բնապահպանական նշանակության և հակաէրոզիոն ու ճմապատված տարածքների ստեղծման համար»,- նշված է նախագծում:
Հունիս 10, 2013 at 12:07