

ԷկոԼուր
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը Սյունիքի մարզում մտադիր է ստեղծել «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն»: ՀԿ-ն դիմել էր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին և ընկերության արհեստակցական միության նախագահ Արսեն Հայրապետյանին՝ օգոստոսի 8-ին ընկերությունում ղեկավարության, աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչների հետ հանդիպելու և հետագա հնարավոր համագործակցության շուրջ քննարկում կազմակերպելու նպատակով: Սակայն, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանից ստացվել է մերժողական պատասխան: Իսկ արհեստակցական միության նախագահից պատասխան ընդհանրապես չի ստացվել: Այս մասին նշված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Նամակում, որը ստորագրել է «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ ընկերությունում կարևորություն է տրվում ընկերության աշխատակիցների խնդիրների լուծման ու իրավունքերի պաշտպանության հարցերին, «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն» ծրագրի անձնակազմն օգոստոսի 8-ին ժամը 11-ին մտադիր է այց կատարել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ` հանդիպելու ընկերության տնօրինության, աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչների հետ` հետագա հնարավոր համագործակցության շուրջ քննարկում կազմակերպելու նպատակով»:
«Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության պատասխան նամակում` ստորագրված գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի կողմից, նշված է. « Հիշյալ հարցերը, որպես սկզբունք կիրառելը որևէ ծրագրի կամ կազմակերպության նախաձեռնությունը չէ: Այդ իսկ պատճառով էլ մենք աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը, աշխատանքային պայմանների բարելավումը ու աշխատավարձերի բարձրացումը իրականացնում ենք հետևողական ծրագրի տեսքով:
Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված ծրագրում ընկերության մասնակցությանը` կցանկանայի նշել, որ ընկերության ծրագրերը հստակ են և նախօրոք պլանավորված և փոփոխման ենթակա չեն: Մենք դրանում բացառապես հաշվի ենք առնում աշխատակիցների կարծիքները ու համատեղ քննարկումները, և դրանցում կողմնակի կառույցների միջամտությունը ընդունելի չենք համարում: Իսկ ահա արհմիության հետ հանդիպելու համար` ընկերության տնօրինությունը որևէ ձևով խոչընդոտ չի կարող լինել, և հարկ է ուղղակի դիմել արհմիությանը ու հաևցը քննարկել իրենց հետ»:
Հիշեցնենք, որ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն 2009-2010թթ.-ին մասնակցել է դատական գործընթացներին`կապված Deno Gold Mining Company ընկերության (ներկայիս «Dindee Precious Metals Kapan» ընկերություն) կողմից աշխատողներին գիշերավճար չվճարելու հետ: Գիշերավճարները վճարվեցին, բացառությամբ այդ վճարների տոկոսների: Այդ մասին ԷկոԼուրին ասաց ՀԿ նախագահ Ռաֆայել Ասրյանը:
Օգոստոս 05, 2013 at 13:05
