

Արմեն Մկրտչյան, 168.am
«Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես անդրադարձավ ձեռնարկությունում իրականացվող բնապահպանության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և Սյունիքի դատախազության վերջին քայլերին: Ըստ Հրաչ Ջաբրայանի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ավելի դժվար է հանդիպել, քան երկրի նախագահին: «Ի՞նչ ստուգումներ է իրականացնում, ինչի՞ համար, ո՞ր խախտման համար և այսօր էլ հայտարարում է, որ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան»-ը Շահումյանի հանքավայրում ճանապարհ կառուցելու համար չի դիմել նախարարությանը…: Պարոն Հարությունյան, բարի եղեք հանդիպել խոշոր ձեռնարկության տնօրեններին ու անձամբ ճշտեք՝ ինչն ինչոց է: Ես գումարներ ավելորդ չունեմ ձեզ տալու»,- ասաց Հրաչ Ջաբրայանը: Ըստ նրա՝ մոտ երեք ամիս առաջ ՊԵԿ-ի ներկայացուցիչները զինված մտել են ընկերության տարածք, առգրավել համակարգիչներն ու տարել: «ՊԵԿ-ի նախագահին եմ ասում, մեզ մոտ կրիմինալներ չկան, դուք խուլիգանի պահվածք դրսևորեցիք: Զարգացած երկրներում խուլիգանական շարժումներն են այդպես լինում: Դուք մտել եք կրթված մարդու մոտ, բարի եղեք գործել քաղաքավարի»,- ասաց Ջաբրայանը: Վերջինս չթաքցրեց, որ նեղված է կառավարության պահվածքից: «Հավատացեք, օտարերկրացի սեփականատիրոջը դժվար է համոզել, որ ներդրում անի այս պայմաններում: Սա կբերի աշխատողների կրճատում, արտագաղթի մեծացում: Այսօր մեզ պետք է 900 աշխատող, բայց 1200 ենք աշխատում: Էլ ո՞նց ներդրում անեք, ի՞նչ սրտով աշխատենք»,- հայտարարեց նա՝ վստահեցնելով, որ ճնշումների չի ենթարկվելու: Ի դեպ, Հրաչ Ջաբրայանին զարմացրել է նաև Սյունիքի մարզային դատախազության դատախազ Գարիկ Դանիելյանի պահվածքը: Վերջինս լրատվամիջոցներով տարածել է, որ քրեական գործ է հարուցվել ընկերության դեմ: «Կանադայից զանգում է ներդրողը՝ ասում է Հրաչ, ի՞նչ է կատարվում, պատասխանում եմ՝ տեղյակ չեմ: Միայն հաջորդ օրը պաշտոնապես ստացա: Ու ասեմ՝ ես էի անցած տարի դիմել դատախազություն, որ սաբոտաժ են անում ընկերության դեմ: Փաստորեն, ուզում են ուղղել մեր դե՞մ»,- ասաց գլխավոր տնօրենը՝ հերքելով, որ քրգործ է հարուցված: Վերջինս դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրանքով հանդիպել և ներկայացնել ստեղծված իրավիճակը: ՀՀ նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ ժամանակ ունենալու դեպքում անպայման նախագահը կհանդիպի տնօրենին: «Եթե երկրի կառավարությունը սա է, այսպես է աշխատելու, ապա ես լուրջ ասելիք ունեմ հանրապետության նախագահին: Զինված մտնում ես իմ տարածք, ինչ է, ուրիշների նման ես ալ իմ տանը զենք-զինամթերք ունեմ պահած»,- նշեց Ջաբրայանը: 168.am-ի հարցին, թե արդյոք մինչ նախագահին հանդիպելը՝ չե՞ք փորձել Ձեր դիտարկումները ներկայացնել երկրի վարչապետին, նա խատասխանեց. «Նախընտրում եմ աշխատել երկրի նախագահի հետ, քանի որ նա է երկրի հայրը և հոր հետ ավելի հեշտ է»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում:
Օգոստոս 16, 2013 at 15:02
