

ԷկոԼուր
Օգոստոսի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցկացվեց Եղյա Ներսեսյանի գործով հերթական դատական նիստը: Դատական նիստի ընթացքում որպես հայցվոր կողմի վկա ելույթ ունեցավ «Վալլեքս գրուպ» ընկերության բնապահպանության գծով մենեջեր Սուրեն Գագիկի Երիցյանը: Այլ վկաներ չեն եղել և նոր փաստեր առաջ չեն բերվել: Դատական նիստի ընթացքում հայցվոր և պատասխանող կողմերը ներկայացրեցին իրենց ամփոփումները դատական գործընթացի վերաբերյալ:
«Dundee Precious Metals Kapan» ընկերության իրավական խորհրդատու Գևորգ Հակոբյանը նշեց, որ պատասխանողը ամբողջ դատական գործընթացի ժամանակ չի բերել որևէ ապացույց էլեկտրաշոկ կիրառելու մասին իր կողմից արված հայտարարության վերաբերյալ: Հայցվոր կողմը նաև նշեց, որ պատասխանող կողմի վկա Մարիամ Սուխուդյանը ցույց է տվել կողմնակալ վերաբերմունք, որ Մարիամ Սուխուդյանը մասնակցում է Եղյա Ներսեսյանի կազմակերպած բողոքի ակցիաներին և նախորդ դատական նիստից հետո մյուս ակտիվիստների հետ «սրիկաներ» է բղավել ընկերության ներկայացուցիչների հասցեին:
Ըստ պատասխանող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանի` հայցվոր կողմը դատական գործընթացի ավարտական փուլում փորձում է խեղաթյուրել վկաների ցուցմունքները. «Ըստ երևույթին բողոքի ակցիաները ոչ մի կապ չունեն տվյալ գործի հետ և կողմնակալ վերաբերմունքի դրսևորումներներ վկաների կողմից նույնպես չեն եղել, այդ ամենը հայցվոր կողմի երևակայության արդրունքն է, որը նա ուզում է մոտեցնել կամ նմանեցնել իրականությանը»:
Հիշեցնենք, որ «Deno Gold Mining Company», ներկայումս`«Dundee Precious Metals Kapan» ընկերությունը, դատական հայց է ներկայացրել բնապահպան Եղիա Ներսեսյանի դեմ` զրպարտության մեղադրանքով: Ընկերությունը պահանջում է, որպեսզի Եղիա Ներսեսյանը հերքի ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարություն. «…գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»:
Օգոստոս 26, 2013 at 17:50




