

ԷկոԼուր
«Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը մտադիր է հայտնել ընկերության դիրքորոշումը Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման վերաբերյալ: Մամուլի ասուլիսը տեղի կունենա Կապանում սույն թվականի սեպտեմբերի 3-ին:
2013թ. օգոտսոսի 30-ին Կապանի հանրությունը եւս մեկ անգամ դեմ արտահայտվեց Շահումյանի բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործմանը: Կապանցիներն իրենց դիրքորոշումն արտահայտեցին Կապանի Օրհուս կենտրոնում կազմակերպված «Կապանի հանրության դիրքորոշումը «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲԸ կողմից Շահումյանի ոսկի- բազմամետաղային հանքավայրի հնարավոր բաց եղանակով շահագործման վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ: Կապանցիները նույնքան հաստատակամ էին իրենց դիրքորոշման մեջ, որքան ուրանի լեռնահետախուզական աշխատանքների դեմ իրականացված պայքարի ժամանակ: Այս մասին aarhus.am կայքում տեղեկացնում է Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Աղբյուրի համաձայն`քննարկման ընթացքում մասնագետները ներկայացրել են հանքավայրի բաց եղանակով շահագործման դեպքում Կապան քաղաքին, շրջակա գյուղական համայնքներին և Կապանի բնակչությանը սպառնացող վտանգները:
Քննարկումը պայմանավորված էր «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հ. Ջաբրայանի հայտարարությամբ, որ Կանադայում սեպտեմբերին որոշվելու է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հնարավոր բաց եղանակով շահագործման հարցը: Ջաբրայանը նշել է, որ եթե Կապանի բնակչության նույնիսկ 30 տոկոսը դեմ լինի, բաց եղանակով շահագործում չեն իրականացնի:
Քննարկման ընթացքում «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի բնապահպանության ճարտարագետ Հ. Մկրտումյանն ասել է, որը խնդրին առնչվող բոլոր հարցերին Հրաչ Ջաբրայանը կպատասխանի սեպտեմբերի 3-ին տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Սեպտեմբեր 02, 2013 at 18:40
