2010Թ-ԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՆՔԵՐՈՒՄ ԿՈՐՑՐԱԾ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՑՆԻ ԻՐ ՎՐԱ

Լարիսա Փարեմուզյան, Հետք

…Հարցազրույց սոցիալական ապահովության ծառայության Թումանյանի տարածքային բաժնի պետ Անդրանիկ Մելիքսեթյանի հետ

Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի 50-ից ավելի աշխատողներ, որոնց առողջությունը վնասվել է կոմբինատում, իրենց առողջության վնասի փոխհատուցման վճարները շուրջ մեկ տարի է չեն ստանում «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ից: Մեր հարցմանը ընկերության տնօրեն Աղվան Հովհաննիսյանը պատասխանեց, որ «Մանեսը» պետք է գույք օտարի, որպեսզի կարողանա վճարել: Հնարավոր չէ՞ այդ վճարներն իրականացնել Ձեր ծառայության միջոցով:

Տեղյակ եմ: Ասեմ, որ նույն վիճակում են հայտնվել Ախթալայի հանքերի խորհրդային տարիների շուրջ 40 բանվորներ, որոնց «Մեթըլ Փրինս» կորպորացիան առ այսօր նույնպես հրաժարվում է վճարել հանքերում վնասված առողջության փոխհատուցման գումարները: Եթե չեմ սխալվում, այդ մարդիկ նույնիսկ դատարան էին դիմել, որի ընթացքին տեղյակ չեմ: Որքան գիտեմ, «Մեթըլ Փրինս»-ը իրեն խորհրդային տարիներին հանքերը տնօրինող ձեռնարկության իրավահաջորդ չի դիտում, այդ պատճառով էլ հրաժարվում է կատարել այդ մարդկանց առողջության վնասի փոխհատուցումը:

Չեք գտնու՞մ, որ այդ մարդկանց կորցրած առողջության վնասի փոխհատուցման խնդիրը պետությունը պետք է վերցնի իր վրա:

Մինչեւ 2004-ը, եթե չեմ սխալվում` օգոստոս ամիսը, բոլոր լուծարվող հիմնարկների փոխարեն Սոցապը այդ կարգի ծախսերը վերցնում էր իր վրա եւ շարունակում վճարել: 2004-ից հետո օրենքը փոխվեց, հիմա լուծարվում է, թե չի լուծարվում, 2004 թ.-ից հետո Սոցապն այդ վճարների հետ գործ չունի: Վերջերս ստացել ենք շրջաբերական ՀՀ կառավարության 2009թ.-ի հուլիսի 23-ի թիվ 914 որոշման մասին, որը սահմանում է պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում` կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի համար համապատասխան վճարների կապիտալացման եւ դրանք տուժողին վճարելու կարգը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2010թ.-ից: Ըստ օրենքով սահմանված կարգի` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գումարները հաշվարկվելու են մինչեւ անձի 70 տարեկան դառնալը, առնվազն 10 տարվա համար: Հաշվարկված գումարը քաղաքացուն կառաջարկվի պարբերական վճարումների տեսքով կամ միանվագ` կախված քաղաքացու ցանկությունից: Որոշումն իրականացնելու է մեր ծառայությունը:

Ձեր մատնանշած օրենքը կվերաբերվի նաեւ Ալավերդու վերը նշված 50-ից ավելի մետալուրգների՞ն:

Կարծում եմ` այո:…

Դեկտեմբեր 16, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր