

ԷկոԼուր
1995թ. Միավորված ազգերի կազմակերպությունը հունիսի 17-ը հռչակեց Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր: ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիային միացել է 193 երկիր, այդ թվում նաև Հայաստանը:
«Հայաստանում իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված անապատացման երևույթների մեղմացմանը եվ ֆինանսավորվում են պետբյուջեից ու դոնոր կազմակերպությունների կողմից»,- ասաց ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը այսօր՝ հունիսի 17-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ Ա. Վարդանյանի՝ Հայաստանի տարածքի 81 տոկոսը դեգրադացվում է, իսկ 32 տոկոսն անապատացվում:
«Ես կցանկանայի մեր պաշտոնյաներից լսել կոնկրետ թվեր և կոնկրետ փաստեր: Արդեն 10 տարի անընդհատ լսում ենք, որ Հայաստանի 81.9 տոկոսը ենթարկված է անապատացման, և այդ թիվը չի փոխվում:Մենք ունեցանք բուռն գործընթաց հանքարդյունաբերության ոլորտում, ունեցանք հանքանյութի արդյունահանման ավելացում մի քանի անգամ: Միայն Քաջարանի կոմբինատը 7-8 մլն տոննա տարեկան ավելացրեց իր հանքանյութի արդյունահանումը՝ հասցնելով մինչև 17 մլն տոննայի: Դա նշանակում է, որ ավելի շատ գյուղատնտեսական նշանակության բերրի հողեր գնացին թափոնների տակ: Բայց քանի որ մեզ մոտ հանքարդյունաբերական թափոնները չեն համարվում վտանգավոր թափոններ, այլ կոչվում են լցակույտեր, հարց է առաջանում՝ որտեղ է կորում այդ թիվը,- ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը,- Ինչպե՞ս է վերականգնվում մեր ոռոգման համակարգը՝ պոմպակայանների վերականգնման, հզորացման և այլ միջոցներով: Նոր ծրագիր կա՝ Կապսիի ջրամբարի վերակառուցումը: Մեր 5 ջրամբարներում լցվածությունն իրենց մաքսիմալ ծավալից կեսից ավելի քիչ է: Երաշտի նշաններ չկան, ձյուն կա, անձրևներ գրեթե ամեն օր լինում են: Ո՞ւր է կորում այս ջուրը: Մինչև մենք չստանանք այս հարցի պատասխանը, ինչի՞ պետք է կառուցենք նոր ջրամբար, եթե չգիտենք, այն օգուտ կտա, թե՝ ոչ: Մենք պարտք ենք վերցնում և կառուցում ենք չգիտես ինչ, չգիտես ինչի համար, և պարզ չէ՝ այն օգուտ կտա, թե՝ ոչ,այն դեպքում, եթե մենք չենք կարողանում պահպանել ջրամբարներում եղած ջուրը՝ չնշելով պատճառները:Ընդ որում, մենք ունենք ջրի բնական, հսկայական և յուրահատուկ պաշար՝ 37 միլիարդ խմ ջրի ծավալով Սևանա լիճը, որը մենք ենթարկում ենք մեծ վտագների: Վերցնում ենք ջուրը, անցկացնում հին խողովակներով, ինչի արդյունքում ունենում ենք ջրի մեծ կորուստներ և այդպիսով ասում ենք, որ բարելավում ենք մեր ոռոգման համակարգը»:
Նա նաև նշեց, որ Արարատյան դաշտում ձկնաբուծարաններից կառավարությանը հայտ է գնացել, որ իրենք պատրաստ են անվճար տրամադրել գյուղացիներին ջուր, սակայն այդ հայտը չեն բավարարել:
«Եթե ջրամաբարը կիսով չափ է լցված, դա չի նշանակում, որ մենք չպետք է կառուցենք նոր ջրամաբարներ:Պետք է կառուցենք և կարողանանք ռացիոնալ օգտագործել ջուրը, իսկ դրա համար անհրաժեշտ էՀայաստան նոր տեխնոլոգիաներ ներմուծել»,- ասաց Ա. Վարդևանյանը: Նա նշեց, որ պետք է ոչ միայն բարձրացնել խնդիրները, այլ մտածել դրանց լուծումներ տալու մասին: «Մոտ3000 հա ավելացել են ընդերքօգտագործման համար հատկացված տարածքները: Բայց ավելացել են նաև այգիների տակ ընկած տարածքները՝ մոտ 5000 հա, արոտավայրերը ընդլայնվել են 20 000 հա: Սա խոսում էայն մասին, որ մի ուղղությամբ չենք զարգանում: Եթե գները մետաղների այդքան չբարձրանային, մեր հանրապետությունում հանքարդյունաբերությունը այդքան չէր զարգանա, որովհետև հանքանյութի պարունակությունը համեմատաբար բարձր չէ: Բայց այս պայմաններում հանքարդյունաբերությունը մեծ թափ է ստացել, և խոչընդոտել տնտեսական գործունեությանը հնարավոր չէ,- ասաց Ա. Վարդևանյանը,-Ամբողջ աշխարհում ներկայումս թափ է առնում հողերի զրոյական դեգրադացիայի գործընթացը: Մենք նույնպես մասնակից ենք այդ գործընթացին: Դա չի նշանակում ընդհանրապես չթողնել՝ հողերը դեգրադացվեն, պետք է մեկ այլ վայրում վերականգնում իրականացնել, որպեսզի բալանսը պահպանվի»: Նրա խոսքով՝ հողերի դեգրադացիայից տուժում է 169 երկիր, սակայն մարդկությունը չի սովորել ապրել առանց ընդերքօգտագործման:
Կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը խոսեց անտառների վիճակի մասին.«Այո՛, մեր անռատի վիճակը վատ է: 90-ականներին մենք մեծ կորուստներ ունեցանք, հատվեցին բարձրարժեք ծառերը, իսկ վերականգման ժամանակ տնկվեցին ցածրարժեք ծառեր, որը մեզ համար ցանկալի չէ»,- ասաց Ա. Ղուլիջանյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանում անտառների 10-12 տոկոսն է, որ վերականգնվում է արհեստական եղանակով, իսկ մնացածը բնական եղանակով վերականգնված անտառներն են:
Ա. Վարդևանյանի խոսքով՝ 130 հազար հա հող հանրապետությունում չի օգտագործվում՝ ականապատ տարածքներ, սահմանամերձ հողեր, շատ հողեր չեն մշակվում, որովհետև եկամտաբեր չէ:
Ինգա Զարաֆյանն իր խոսքում նշեց, որ գործ ունենք կառավարության կողմից իմիտացիոն գործընթացի հետ: «Հայաստանում կան շատ անապատացված տարածքներ: Հնարավոր չէ հանքարդյունաբերության տակ օգտագործված հողը հետո օգտագործել, դա անպիտան է: Մեզ անընդհատ ասում են, որ 90-ականներից հետո հատված անտառները վերակագնված են, բայց այնտեղ ընդամենը կանաչ զանգված է, այնտեղ նույնիսկ խորովածի համար չեն հատում անտառը, այնտեղ փայտանյութ չկա, և մենք ասում ենք, որ դա անտառ է»,- նշեց Ինգա Զարաֆյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հունիս 17, 2014 at 22:19