Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման նախագծում գնահատված չեն հիմնական ռիսկերը

Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման նախագծում գնահատված չեն հիմնական ռիսկերը

ԷկոԼուր

Հուլիսի 23-ին Երեւանում տեղի ունեցած Արջուտի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի հասարակական լսումների ժամանակ պարզվեց, որ նախագծում գնահատված չեն հիմնական բնապահպանական ռիսկերը: Պարզվեց նաև, որ նախագիծը չի ուղարկվել «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ: «Նախագծում չկա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական: Բացի մթնոլորտի վրա ազդեցությունից ուրիշ ոչինչ չկա...Չկան ուսումնասիրություններ ո՛չ կենդանական աշխարհի, ո՛չ բուսական աշխարհի, ո՛չ ջրային ռեսուրսների վերաբերյալ, ուղղակի պատրաստված է մագիստրոսական աշխատանք... Այս նախագիծը հենց առաջին փուլից պետք է հետ ուղարկվեր...Այս նախագծով փորձաքննությունը չի կարող գնահատում կատարել»,- իր մտահոգությունը հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ Նրան մտահոգեց նաև այն, որ նախագիծը չունի հանքի փակման ծրագիր։ «Դուք տվել եք միայն լցակույտերի ռեկուլտիվացիան, իսկ հանքավայրը ո՞վ պիտի ռեկուլտիվացիա անի, այդպես պետք է մնա՞»,- հարցրեց Լևոն Գալստյանը: Ի պատասխան հանքը շահագործել պատրաստվող   «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Վարդանյանն ասաց. «Ռեկուլտիվացիայի մասին Հայաստանում մեթոդիկա չկա, այս ամբողջ հանքավայրի շահագործումը կատարվում է կանադական մեթոդիկայով, որը ամենամաքուրն է համարվում, այնպես որ ես չեմ պատկերացնում, որ այնտեղ որևիցե խնդիր կարող է առաջանալ»: 

Լևոն Գալստյանը նշեց, որ առանց հանքի փակման ծրագրի ոչ մի հանքավայրի շահագործում չպետք է սկսել:

Լսումների ընթացքում հարց բարձրացվեց հանքավայրի ուսումնասիրված տարածքում գտնվող լեռնային և հանքային աղբյուրների մասին, որին ի պատասխան Ազատ Վարդանյանն ասաց. «Առաջին լսումներից հետո որոշակի փոփոխություններ արված են, մենք ձեզ կներկայացնենք։ Ջրային ռեսուրսների հետ կապված նախագիծը այնպես է արված՝ այն կողմից, որտեղից ջուրը գալիս է  Արջուտ գյուղ, այդ կողմին մենք ընդհանրապես չենք կպնում: Մենք այդ ջրերի հետ կապ չունենք, քանի որ հանքավայրը այլ կողմում է գտնվում»: Ա. Վարդանյանի խոսքով՝ իրենք ուսումնասիրություններ արել են, պարզապես նախագծում դրանք նշված չեն և հետագայում կավելացվեն:

Հարցին, թե ինչ ազդեցություն կունենան պայթեցման աշխատանքները լեռնային և հանքային աղբյուրների վրա, որոնցից սնվում է Արջուտ համայնքը, Ազատ Վարդանյանը պատասխանեց․ «Այն հատվածում, որտեղ պետք է կատարվեն աշխատանքները, այդ տարածքով այդ աղբյուրները չեն անցնում: Ընդհանուր բնակավայրը 60 հա է, աշխատանքները կատարվելու են 15 հա վրա, մեր մասնագետների տվյալներով նման ազդեցություն չկա» ասաց Ա. Վարդանյանը՝ հավելելով, որ հանքավայրի շահագործման տարածքում ջրագոյացումներ չկան ջրագոյացումներ: Մինչդեռ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը նշեց, որ այդ տարածքում ջրագոյացումներ լինում են: Նրա խոսքով՝ ուսումնասիրություններ կան, բայց նախագծային փաստաթղթում այդ տվյալները չկան և նախագիծը գրված է շատ սուղ:

Կարինե Մովսիսյանը նշեց, որ նախագիծը ենթակա է լրամշակման, որից հետո այն կրկին կներկայացվի փորձաքննության, սակայն նոր լսումներ չեն լինելու:

                                 
Ազատ Վարդանյանը վստահեցրեց, որ հանքավայրի բաց եղանակով շահագործումը համայնքի բնակիչների առողջության վրա որևիցե ազդեցություն չի ունենա:

Հիշեցնենք, որ հանքավայրի նախագծի համաձայն` Արջուտի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Վանաձոր քաղաքից 12.0 կմ,  Արջուտ գյուղից և նույնանուն կայարանից 4.0 և 5.0 կմ դեպի հյուսիս-արևմուտք հեռավորության վրա, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Փամբակ գետի ձախ ափին: Բացահանքի օտարման տարածքը կազմում է 15.7հա, իսկ լցակույտինը` 13.6հա: Հողատարածքը պայմանագրային կարգով տրամադրվելու է «Բակտեն Էկո» ՍՊԸ-ին: Հողատարածքի պայմանագրային արժեքը գնահատվել է ընդամենը 15.0հազար դրամ մեկ հեկտար տարածքի համար, երբ  այս տարածքում  2231.3 հազար տոննա  սուլֆիդային հանքաքարում կա 3080.9կգ ոսկի, 17.64տ արծաթ և 6821տ պղինձ, իսկ օքսիդացված 192.4հազար տ հանքաքարում կա 386.50 կգ ոսկի, 2.75տ  արծաթ:

Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, 2 փուլով: 1-ին փուլում շահագործվելու են օքսիդացված հանքաքարերը, 2-րդ փուլում սուլֆիդային հանքաքարերը: Առաջին փուլը տևելու է 2 տարի, իսկ երկրորդ փուլը` 24 տարի: Բացահանքի տարեկան արտադրողականությունը կազմելու է 100.0 հազար տ ապրանքային հանքաքար: Արդյունահանված հանքաքարերը տեղափոխելու են մինչև 30կմ հեռավորության վրա գտնվող Արմանիսի հանքահարստացուցիչ ֆաբրիկա: Բացահանքում 1-ին փուլում աշխատելու է  27 մարդ, 2-րդ փուլում`  55 մարդ: Նշվում է, որ աշխատուժը լինելու է Արջուտ համայնքից։



Հուլիս 24, 2014 at 10:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր