ԿԱՆԽԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԿԱՆԽԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արթուր Հովհաննիսյան, «Հայոց Աշխարհ»

Սյունիքի մարզում էկոլոգիական իրավիճակը դարձել է առավել քան մտահոգող։ Դա պայմանավորված է նաեւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գործունեությամբ։
  
«Dino Gold Mayning» ընկերությունը 2002թ. նոյեմբերին 3 մլն դոլարով դարձել է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր եւ կնքել Կապանի պղնձի բազմամետաղային եւ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրերի շահագործման կոնցենսիոն պայմանագրեր։ 2008թ. ընկերությունը, արդեն իսկ հրապարակված տեղեկությունների համաձայն, արդյունահանել է 259 902 տոննա հանքանյութ եւ արտադրել 11 606 տոննա խտանյութ։
  
«Dino Gold Mayning Company»-ն գրանցված է Հայաստանում եւ մեկն է ֆինանսական շղթայի այն օղակներից, որի մեջ մտնում են բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Vatrin» ընկերությունը (նրան է պատկանում «Dino Gold Mayning»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը), ինչպես նաեւ միջազգային «Dundee Precious Metals» ընկերությունը։ Վերջինս, իր հերթին, «Vatrin» ընկերության բաժնետոմսերի 95 տոկոսի սեփականատերն է։
  
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գործունեությունը շատ մեծ ազդեցություն է թողնում Կապանի եւ նրան հարակից համայնքների էկոլոգիական իրավիճակի վրա։ Կանխավ ընդգծենք, որ ամենեւին էլ դեմ չենք ընկերության գործունեությանը եւ, ընդհանրապես, հանքարդյունաբերությանը։ Սակայն այն պետք է լինի բացառապես օրենսդրության շրջանակներում, չվնասի կամ չվտանգի մարդկանց առողջությունը, բուսական եւ կենդանական աշխարհը, շրջակա միջավայրը։ Իսկ հիշյալ ընկերության գործունեության պարագայում արդյոք այդպե՞ս է...

2009թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացիներ Սամվել Առաքելյանը, Ռիտա Հարությունյանը, Վլադիկ Գրիգորյանը, եւս 31 հոգի քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին դիմում են ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Նշելով, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն գրեթե 5 տարի է, ինչ Կապան քաղաքի Շահումյան բանավանում իրականացնում է հանքարդյունահանման ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքներ, նրանք գրում են.

«Նշված աշխատանքների իրականացման արդյունքում, ինչպես նաեւ ընկերության կողմից ՀՀ օրենսդրության, մասնավորապես՝ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 3 ենթակետի, 2-րդ կետի 6, 7 ենթակետերի, 51-րդ հոդվածի 1-ին կետի 5 ենթակետի խախտման հետեւանքով 2007թ. նշված բնակավայրում տեղի է ունեցել հողի մեծ քանակությամբ հոսք եւ առաջացել է խոր եւ լայն հոր, որը մինչեւ օրս մնացել է նույն վիճակում՝ ընկերությունը նույնիսկ չի ձեռնարկել անվտանգության նվազագույն միջոցառումներ՝ նշված բնակավայրի հորի առկայությունը զգուշացնող նշան կամ հորի շուրջը ցանկապատ չի տեղադրել։ Նման դեպք կրկին ընկերության գործունեության հետեւանքով կրկնվել է 2009 թվականին եւ կրկին անգամ ընկերությունն անտեսել է իր կողմից թույլ տված խախտումները եւ չի վերացնում բացասական հետեւանքները»։ 

Դիմումատուները նույնիսկ պատրաստ են հրաժարվել իրենց տներից եւ հողերից, եթե ընկերությունը տրամադրի ողջամիտ փոխհատուցում։

Ըստ դատարան դիմած անձանց, ընկերությունը 2007թ. սկզբից սկսել է իր կողմից ստեղծված անբարենպաստ պայմանների եւ բնակիչներին սպառնացող վտանգի վերացմանն ուղղված գործունեությունը. 03.02.2007թ. քաղաքացի Ռաֆայել Սարյանի հետ կնքել է պայմանագիր՝ բանավանի բնակիչների հետ բանակցություններ վարելու նպատակով, բանավանի թվով 8 բնակչի հետ կնքվել է պայմանագիր, որի համաձայն, ընկերությունը գնել է Շահումյան բանավանում նրանց ունեցած գույքը (հողատարածքներ, շինություններ)։

«Այսինքն՝ ընկերությունը նման գործողություններով արդեն իսկ ընդունել է այն հանգամանքը, որ իր գործունեությունը վտանգավոր է բնակիչների համար եւ սկսել է միջոցներ ձեռնարկել բնակիչներին սպառնացող վտանգը կանխելու համար,- նշված է դիմումում։ -Սակայն դիմումատուների համար անհասկանալի եւ անհայտ պատճառներով դադարեցրել է փոխհատուցման գործընթացը եւ ներկայումս դիմումատուների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության, որին դիմումատուները դիմել են միջնորդության, աջակցության եւ համագործակցության խնդրանքով, բանակցությունները, դիմումները մնացել են անպատասխան եւ ոչ մի բարենպաստ արդյունքի չեն հանգեցրել»։
 
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Թումանյանը, քննության առնելով հիշյալ դիմումը, 23.10.2009թ. որոշում է կայացրել «Քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու մասին»։ Նա մասնավորապես որոշել է «Ձեռնարկել միջոցառումներ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի կողմից Շահումյան հանքավայրի մի մասում՝ Կապան քաղաքի Շահումյան բանավանի տարածքում իրականացվող ստորգետնյա եւ վերգետնյա հանքարդյունահանման գործունեությամբ բնակիչների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար»։ Միաժամանակ նշել է, որ որոշումը տվյալ մասով ենթակա է անհապաղ կատարման ԴԱՀԿ ծառայության միջոցով։ 
  
Թե վտանգը կանխելու որոշակի ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել դատավորը՝ մեզ դեռ անհայտ է, սակայն օրեր անց հիշյալ որոշումը կորցրել է իր ուժը, քանի որ դատավորը, պատճառաբանելով, թե նշված քաղաքացիների ներկայացրած հայցադիմումը (խոսքն արդեն ոչ թե դիմումի, այլ հայցադիմումի մասին է) չի համապատասխանում Քաղ.դատ.օր.-ի 87-րդ հոդվածի պահանջներին, վերադարձրել է այն։
  
Շարունակելի

ԿԱՆԽԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ 

Սկիզբը՝ նախորդիվ
 
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թումանյանը «Հայցադիմումը վերադարձնելու մասին» իր 27.10.2009թ. որոշման մեջ հենց ինքն է նշել, որ «ըստ էության, հայցվորները ներկայացրել են երկու պահանջ՝ 1. պարտավորեցնել պատասխանողին դադարեցնելու Կապան քաղաքի Շահումյան բանավանում քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող գործունեությունը եւ՝ 2. փոխհատուցել բնակիչների առողջությանը եւ գույքին հասցված վնասը»։

Սակայն պատրվակելով, որ հայցվորները չեն պահպանել Քաղ. դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջները, այն է՝ վերոնշյալ պահանջներից 2-րդի մասով հայցադիմումում չեն նշել հայցապահանջը՝ բնակիչների առողջությանն ու գույքին հասցված վնասը հիմնավորող հանգամանքները եւ այդ հայցապահանջը հաստատող ապացույցները, ընդդեմ հանքարդյունահանմամբ զբաղվող «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ներկայացված հայցադիմումը վերադարձրել է։

Մինչդեռ, մեր երկրի օրենսդրությամբ առաջնորդվելու դեպքում, դատավորը Քաղ.դատ.օր.-ի 87-րդ հոդվածով հայցապահանջի 2-րդ մասի բավարարումը մերժելով հանդերձ, կարծում ենք, հայցը մասնակի (հայցապահանջի առաջին մասով) պետք է բավարարեր։ Մանավանդ որ խոսք կա սպառնացող վտանգի մասին փորձագետի (փորձագետների) եզրակացության վերաբերյալ։

Հանքարդյունահանող հիշյալ ընկերությունն ունի «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական ընկերությունից ստացված Շահումյանի հանքավայրի վիճակի իրական գնահատականը։ Այն ներառում է նաեւ առաջարկություններ։ Մասնավորապես առաջարկված է դրենաժային համակարգի կառուցում, որը կօգնի հեռացնել ջուրը եւ նվազեցնել փլուզման ռիսկերը։

«ԳԵՈՌԻՍԿ»-ը միաժամանակ նշված ՓԲԸ-ին առաջարկել է ընկերության հանքերի վրա ապրող բնակիչներին պարտադիր կերպով տեղեկացնել իրական վիճակի մասին, որպեսզի նրանք հանքերում փլուզումների ռիսկերը նվազեցնելու համար միջոցառումներ ձեռնարկեն՝ տնամերձ հողատարածքներում ոռոգման աշխատանքներ իրականացնելիս։ Սակայն, ըստ  «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, ընկերությունը ոչ միայն հասարակությանը չի տեղեկացրել այդ առաջարկությունների մասին, այլեւ չի օգտագործել դրանք իր բնապահպանական միջոցառումների պլանում։

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է, ավելի ճիշտ, կոչված է իրականացնելու բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային բնապահպանական պետական տեսչությունը։ «CEE Bank Watch» միջազգային հասարակական կազմակերպության մոնիտորինգային խմբի հետ 2009թ. մայիսի 8-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը հայտնել է, որ Գեղանուշի նոր պոչամբարի շահագործումից հետո հիշյալ ընկերության կողմից լուրջ խախտումներ չեն եղել։

Սակայն մոնիտորինգային խումբը, «ԷկոԼուր» ՀԿ-ն եւ տեղի «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն ակնհայտ խախտումներ են նշել, որոնք ոչ միայն բնապահպանական բնույթի են եղել, այլեւ ռիսկեր են պարունակել մարդկանց կյանքի եւ առողջության համար։

Հայտնի է նաեւ, որ հիշյալ տեսչության Սյունիքի տարածքային ստորաբաժանումը եւ ՀՀ հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժինը մասնակցել են հանքավայրի տարածքով անցնող Նորաշենիկ (Աճանան) գետի հունի փոփոխմանը վերաբերող ուսումնասիրությանը։ Փաստն այն է, որ հունի մի հատված հեռացվել է ժայռապարներից, իսկ տեղում ապարների համար հարթակ է կառուցվել եւ ճանապարհ բացվել։ «ԷկոԼուր»ՀԿ-ի հավաստմամբ, այդ բոլորը կառուցվել է առանց թույլտվության, առանց պետական բնապահպանական փորձաքննության եզրակացության։
  
«Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի կողմից բնապահպանության նախարարին ուղղված 16.06.2009թ. նամակի փաստերի ուսումնասիրության համար ստեղծված հանձնաժողովի արձանագրության համաձայն, մոտ երկու տարի առաջ վերոհիշյալ ընկերությունն ինքնակամ մոտ 500 մ երկարությամբ փորել է գետի հունը, առաջացնելով բնապահպանական խնդիրներ։
  
Ըստ նույն արձանագրության, իրականությանը համապատասխանում է նաեւ այն, որ ընկերությունը Աճանան համայնքում, առանց համապատասխան թույլտվության, Աճանան գետի շրջակայքն աղտոտում է դատարկ ապարներով։ Ուսումնասիրության մասնակիցներն արձանագրություն են կազմել, որը հանձնաժողովի 5 անդամներից 3-ը ստորագրել են, իսկ Սյունիքի բնապահպանական տարածքային տեսչության պետի տեղակալ Անդրանիկ Հովակիմյանը հրաժարվել է ստորագրել։
  
Սա, կարծում ենք, զարմանալի չէ, քանի որ բնապահպանական պետական տեսչության խայտառակ գործելակերպը հայտնի է։ Բավական է միայն հիշեցնել, որ Ամանորից ընդամենը մի քանի օր առաջ առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք վերցնելու մեջ մերկացվելով, ձերբակալվեցին հիշյալ տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը եւ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը։
   Շարունակելի

ԿԱՆԽԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ
 
Սկիզբը՝ նախորդիվ

Շարունակելով հանքարդյունահանմամբ զբաղվող «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի անպատասխանատու գործունեության վերաբերյալ մեր հրապարակումը, ներկայացնենք նաեւ այլ տեղեկություններ։ Կապանի տարածքում թափված են ծանր եւ թունավոր տարրեր, միացություններ պարունակող ապարներ։ Համաձայն ականատեսների, քամին դրանք տարածում, հասցնում է քաղաք ու նրա շրջակայք։

Բնապահպանության նախարարության պատասխանի մեջ, սակայն, նշված է, որ ապարները տեղակայված են այն վայրում, որը, թույլտվության համաձայն, տրամադրվել է ընկերությանը։ Այժմ դեռ թողնենք այն խնդիրը, որ թույլտվությունն էլ կարող է սխալ տրված լինել՝ առանց հաշվի առնելու, որ քամին տվյալ տարածքից ապարները, փոշու ձեւով, կարող է հասցնել Կապան քաղաք։ Ուշադրություն հրավիրենք հետեւյալի վրա. ըստ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի, բնապահպանական պետական տեսչության նշած հասցեն (այն վայրը, որտեղ, ըստ թույլտվության, պետք է տեղակայված կամ թափված լինեին ապարները) 3 կմ հեռու է ապարների գտնվելու իրական վայրից։
  
Ինչպես արդեն նշել ենք, բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը 2009թ. մայիսի 8-ին հայտարարել է, որ Գեղանուշի նոր պոչամբարի շահագործումից (2008թ.) հետո հիշյալ ընկերության կողմից լուրջ խախտումներ չեն եղել։ Սակայն 2009թ. նոյեմբերին անցկացված ստուգումների արդյունքում Սյունիքի բնապահպանական պետական տեսչությունը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին տուգանել է։ Նշված տեսչության պետ Լ. Պետրոսյանը հիշյալ ՀԿ-ին ուղղված նամակում գրել է.
 
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն, չսպասելով փորձաքննության արդյունքներին եւ չունենալով համապատասխան թույլտվություն, 2007թ., որպես նախագծի իրականացման առաջնահերթ փուլ, ստեղծել էր դատարկ ապարների ամբարման հրապարակ։ Տարածքի հարթեցման եւ Աճանան գետի ափի ուղղման եւ ամրապնդման աշխատանքի հետեւանքով աղտոտվել է շուրջ 210 քմ հողատարածք։ Ընկերությունը տուգանվել է 2 100 000 դրամի չափով։ Կապան համայնքի Շահումյան թաղամասին հարող տարածքներում տեխնոլոգիական ճանապարհների եւ հետախուզական հրապարակների կառուցման ընթացքում նույնպես 2008թ. ընկերության կողմից թույլ էին տրվել ՀՀ հողային եւ անտառային օրենսդրության էական խախտումներ։ Շրջակա միջավայրին հասցված վնասի համար ընկերությունը տուգանվել է 3 047 000 դրամի չափով, որը վերականգնվել է եւ փոխանցվել պետբյուջե»։ 

Մնում է միայն մեկ-երկու հարց՝ այդ ստուգումներն ինչո՞ւ ավելի վաղ չեն կատարվել, ինչը թույլ կտար 2007թ. թույլ տրված խախտումն ավելի վաղ հայտնաբերել, խախտողին տուգանել եւ, դրա շնորհիվ, միգուցե կանխել ընկերության կողմից 2008թ. հողային եւ անտառային օրենսդրության էական խախտումներն ու շրջակա միջավայրին հասցված վնասը։ Եւ, ընդհանրապես, նույնիսկ 2009թ. նոյեմբերին այդ ստուգումները կանցկացվեի՞ն, եթե չլինեին ընկերության անպատասխանատու գործունեության կապակցությամբ մի խումբ բնակիչների ու հասարակական կազմակերպությունների բողոքները։ Խիստ կասկածում ենք։
  
2006-2007թթ. վթարային արտահոսքերի պատճառով Սյունիք համայնքում թունավորվել են հողերը, սատկել անասունները, երեխաների շրջանում նկատվել են ալերգիկ ուժեղ ռեակցիաներ, նույնիսկ ձեռքերից պլոկվել է մաշկը։ Բնապահպանական պետական տեսչությունն արձագանքել է այն ժամանակ, երբ արտակարգ իրավիճակի մասին սկսվել են ԶԼՄ-ների հրապարակումները։ Ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով, որը փոխանցվել է պետբյուջե։ Համայնքի բնակիչների մի մասը՝ 7-8 ընտանիք, որոնց հողակտորները հայտնվել էին վթարային արտահոսքերի տակ, ստացել են փոխհատուցում։
  
Ինչ վերաբերում է համայնքի տարածքը թափոններով աղտոտելու, առողջությանը, անասնապահական ֆերմաներին հասցված վնասի փոխհատուցմանը, ապա, ըստ «ԷկոԼուրի», այդ փոխհատուցումների մասին գյուղացիները տեղյակ չեն։ Այսինքն՝ եթե նշվածի դիմաց փոխհատուցումներ տրված լինեին, չէին կարող տեղյակ չլինել։

2008թ. Գեղանուշի պոչամբարի կառուցումից հետո արտահոսքը փակվել է, սակայն, հիշյալ կազմակերպության հավաստմամբ, դրանից հետո էլ համայնքում կան պոչեր, որոնք ընկերության կողմից չեն փակվել։ Ավելին, պոչերի կողքով հոսում է Նորաշենիկ գետը, որի ափերն ամրացված են ծանր մետաղներ պարունակող այդ նույն պոչերով։ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն, համայնքի հողերի փորձանմուշներում նկատվում են սահմանային թույլատրելի խտությունների` պղնձի 6, մոլիբդենի 4, նիկելի 2,4, սնդիկի 30 եւ կադմիումի 10 անգամ գերազանցումներ։ Ինչպես հայտնի է, կադմիումը եւ սնդիկը բարձր թունավորություն ունեցող տարրեր են։
  
Սյունիք համայնքը գտնվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարի վթարային արտահոսքերի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ- ի նախկին վթարային արտահոսքերի, ինչպես նաեւ նույն ընկերության կողմից այժմ էլ շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի թափոնների ազդեցության ներքո։
  
Բնականաբար հարց է առաջանում, թե ո՞ր ընկերությունն է պատասխանատվություն կրում Սյունիք համայնքի տարածքների աղտոտման համար։

Հունվար 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր