

ԷկոԼուր
ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում սեպտեմբերի 10-ին անցկացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի /կենտրոնական տեղամաս/ շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ բանավեճ ծավալվեց ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանի և բնապահպանների միջև:
Բնապահպանների կարծիքով՝ ամենագլխավոր վտանգը պոչամբարն է և բացահանքը: Ներկայացված նախագծում առկա քարտեզի վրա հստակ երևում է պոչամբար, որի տարածքը Մելիքգյուղից 5 անգամ մեծ է, ազդեցության տակ են գտնվում ևս երկու համայնք, և ընդհանուր առմամբ երեք գյուղ ենթակա է տեղափոխման:
«Մեգո-Գոլդ»-ի տնօրեն Աշոտ Պողոսյանի խոսքով. «Պոչամբարի նախագիծը մենք ներկայացրել ենք փորձաքննության և հասարակական լսումների 2012 թ-ի սեպտեմբերին: Երկու տարի մոտ 8 հասարակական լսումների ժամանակ քննարկվել է: Նույն մարդիկ այսօր, որ ասում են՝ պոչամբարը գյուղից 5 անգամ մեծ է լինելու, նաև ասել են, որ 7 հեկտար է լինելու պոչամբարի մեծությունը: Մենք մի քանի անգամ մատնացույց ենք արել, որ պոչամբարի տարածքը 1.52 հեկտար է: Նոր պոչամբարը լինելու է հին պոչամբարի կողքին (այլ ոչ թե նախագծի քարտեզում նշված տարածքում)»:
Նախագծող ընկերության՝ «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը ժխտեց գյուղի կողքին նման պոչամբարի կառուցումը:
«Այս քարտեզը և այդ պոչամբարը այդտեղ չեն լինելու, և մենք դա չենք էլ քննարկում: Եթե լինի պոչամբար, մենք գալու ենք, նայելու են 3-4 տեղ: Ինձ թվում է՝ բացահանքի վերևի կիրճում կլինի: Սրա մասին չենք խոսում: Պետք է հետազոտություններ արվի տարածքում և համայնքի հետ միասին տեսնենք, որ տեղն է ավելի հարմար, որովհետև այդտեղ այդքան ծավալ մենք չենք կարող կուտակենք», - ասաց Հ. Նիկողոսյանը:
Այս բացատրությունները ոչ ոքի չբավարարեցին:
«Ձեր ներկայացրած նախագծի 19 և 20-րդ էջերում կան քարտեզներ: Այդ քարտեզների վրա կան թվանշաններ և անուններ, որտեղ գծանշաններով նշված է տարածք` պոչամբարի», - ասաց «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:
Հաջորդ սուր հարցը կապված էր զուտ բացահանքի հետ:
«Ո՞վ է ձեզ տվել բացահանքի իրավունք, որ հիմա էլ ընդլայնում եք, ո՞ր պաշարների մասին է խոսքը, որ դուք կարող եք ընդլայնել, ձեր ո՞ր հանքային իրավունքով», - հարցրեց «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը:
«Դուք երկար ժամանակ այդ հարցերի հետ կապված նամակներ եք գրել պատկան մարմիններին՝ ով է տվել, ով ասեց, որտեղից սա, որտեղից նա, և բոլոր պատկան մարմինները ձեզ տվել են սպառիչ պատասխան, - ասաց Ա. Պողոսյանը, - Մենք համայնքի հետ քննարկում ենք նախագիծը, որի ընդամենը ծավալներն ենք մեծացրել, այդ քննարկումը համայնքից դուրս հանեք»:
«Թող համայնքը իմանա, որ դուք ապօրինի եք աշխատում…արձանագրեք, որ իմ հարցին չպատասխանեցին», - ասաց Գ. Գաբրիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սեպտեմբեր 16, 2014 at 12:52