ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ռուբեն Գրդձելյան, «Գոլոս Արմենիի»

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպել էր իր հրատարակած`   «Հայաստանում «Deno Gold Mining» ընկերության գործունեության էկոլոգիական եւ սոցիալական նկարագիրը» գրքույկի քննարկումը: Քննարկմանը մասնակցեցին գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը:

Հարկ է նշել, որ տարածաշրջանի էկոլոգիական ահավոր իրավիճակի մասին հիմնավորումները, գիտականորեն հաստատված ապացույցները ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 2007թ. մոնիտորինգից էին վերցված:

«ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը հակված է այդ իրավիճակը կապելու «Deno Gold Mining» ընկերության գործունեության հետ: Վերջինս ժամանակավորապես օգտագործում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարը:

«Deno Gold Mining» ընկերության ներկայացուցիչները չժխտեցին իրենց մեղքը, բայց մատնացույց արեցին մեկ այլ փաստի վրա: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ իրենց «պոչերում» մոլիբդեն չկա, որի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սյունիքի հողերում գերազանցում է 4 անգամ: Եւ Հայաստանի ամենամեծ պոչամբարը` Արծվանիկի պոչամբարը, պատկանում է ոչ թե իրենց, այլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Բացի այդ, վերջինս, տեղակայված լինելով Քաջարանում, օգտվում է Կապանի բոլոր ենթակառուցվածքներից, այսինքն` այս իրավիճակում մեղքի իր բաժինն ունի նաեւ Քաջարանի հսկան: Նրա ակնարկը լրացրեց Կապանի «Հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Ստեփանյանը (ամենայն հավանականությամբ, «Deno Gold Mining» ընկերության համակիր)` հարց ուղղելով «ԷկոԼուր»-ի ղեկավարին, թե ինչու է Կապանի տարածաշրջանում էկոլոգիական իրավիճակի ուսումնասիրման հիմքում դիտարկվել միայն  «Deno Gold»-ի գործունեությունը: Ինգա Զարաֆյանը դա բացատրեց նրանով, որ ահազանգ ստացվել է հենց այդ ընկերության գործունեության արդյունքում:
   
«Արծվանիկի պոչամբարի մեր հատվածը մենք ռեկուլտիվացրել ենք այնպիսի չափանիշներով, որոնցով Հայաստանում դեռ ոչ մի պոչամբար չի կոնսերվացվել,- նշեց «Deno Gold Mining» ընկերության ինժեներ-էկոլոգ Հասմիկ Մկրտումյանը,- Իսկ Գեղանուշի պոչամբարը, որից տարիներ շարունակ տոքսիկ փոշին տարածվում էր Կապանի վրա, մենք ամբողջությամբ լցրել ենք ջրով ու բացառել ենք այդ երեւույթը: Բացի այդ, մեր կողմից օգտագործվում է ջրի շրջանառության փակ ցիկլ, ինչը Հայաստանի համար բացառիկ երեւույթ է: իսկ ինչ վերաբերվում է մարդկանց վրա ծանր մետաղներով աղտոտված հողերի ազդեցությանը, ապա դա ոչ մեկի կողմից ուսումնասիրված չէ եւ ապացուցված չէ»:

Քննարկմանը միջամտեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը. «Բանը միայն թափոնների կառավարման այս կամ այն որակի մեջ չէ: Բանն այն է, որ մեր օրենքներն անթույլատրելիորեն լիբերալ են: Ընկերությունները կարող են թափոն արտադրել, ինչքան կամենան: Պոչերի ծավալների համար նրանք բնապահպանական վճարներ չեն մուծում:  Եվ այդպես ստացվում է, որ ցանկացած դեպքում տասնյակ միլիոն տոննաների հասնող էկոլոգիապես վնասակար պոչերը, որքան էլ ճիշտ պահեստավորես, միեւնույնն է` ազդում են մարդու, գյուղատնտեսության եւ բնության վրա»:
   
Ծանր մետաղներով հողի  աղտոտումը որոշելու համար մենք չունենք սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի` օրենսդրորեն հաստատված նորմ: Բնապահպանության նախարարությունը միայն ջրային ռեսուրսների եւ մթնոլորտային ավազանի մոնիտորինգ է անցկացնում: Երբ այսօր խոսում են հողում մետաղների ՍԹԿ-ի մասին, ապա հիմք են ընդունում խորհրդային չափանիշները, որոնք այսօր պաշտոնապես ընդունված չեն, այսինքն` մեր պետության համար դրանք պարզապես գոյություն չունեն: Ջուրը, որն իր մեջ կրում է պոչամբարների, բաց հանքերի կամ ապարների ծանր մետաղների միացություններ, ստուգել կարող են, իսկ հողը` ոչ:

Տարօրինակ էր այդ առիթով լսել չինովնիկների հիմնավորումը: Բնապահպանության նախարարության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը օրենքներին վերաբերող մասով առաջարկեց դիմել պատգամավորներին եւ չվատնել գործադիր իշխանության ներկայացուցիչների ժամանակը: Այ թե ինչ, իսկ մենք մտածում էինք, որ Սահմանադրությունը չինովնիկներին հնարավորություն է ընձեռում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով:

«Կապանի տարածաշրջանում անմխիթար իրավիճակը մեկ օրում չէ, որ առաջացել է,- պնդում է փորձագետ Սերգեյ Արեւշատյանը, ով երեք տարի առաջ մասնակցել էր ակադեմիական կենտրոնի մոնիտորինգին,- ամբողջ Կապանը տեղակայված է հարյուրամյա հանքերի, թափոնների, արտադրական ապարների վրա: Հստակ պատկերը որոշելու համար անհրաժեշտ են այլընտրանքային, համակողմանի տվյալներ շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանի, նրա վրա լեռնահանքային արտադությունների ազդեցության  մասին»:

Ամեն դեպքում, «ԷկոԼուր»-ն իր գրքույկը շատ ճիշտ է անվանել, երբ վերնագրի մեջ գրել է «Հայաստանում…»: Օտարերկրյա ամենապատասխանատու ընկերությունների հատկապես հայկական նկարագրերն էականորեն տարբերվում են այլ երկրներում նրանց նկարագրերից:

Հունվար 26, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր