

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին: Եզրակացությունը տրվել է սույն թվականի հոկտեմբերի 8-ին: Այս մասին ԷկոԼուրը տեղեկացավ վերոնշյալ ՊՈԱԿ-ից:
Արջուտի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Վանաձոր քաղաքից 12.0 կմ, Արջուտ գյուղից 4.0 կմ հեռավորության վրա, Փամբակ գետի ձախ ափին:
Հուլիսի 23-ին Երեւանում տեղի ունեցած Արջուտի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի մասնագիտական լսումների ժամանակ պարզվեց, որ նախագծում գնահատված չեն հիմնական բնապահպանական ռիսկերը: Պարզվեց նաև, որ նախագիծը չի ուղարկվել «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ: Նախագծում բացակայում էին լիարժեք տվյալներ տեղի կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ: Բուսական աշխարհի վերաբերյալ նշված է, որ այն աղքատ է, իսկ կենդանական աշխարհից ընդամենը մի քանի տեսակների անուններ են թվարկված:
Գնահատված չեն բազմաթիվ ջրային աղբյուրների համար ռիսկերը՝ կապված բաց հանքի շահագործման և պայթեցումների արդյունքում առաջացած տոքսիկ և թունավոր նյութերի և տարրերի տարածման հետ: Ընդհանրապես, նախագծում բացի արդյունահանվող տարրերից՝ ոսկի /3080.9կգ և 386.50 կգ/, արծաթ /17.64տ և 2.75 տոննա/, պղինձ /6821տ/, նշված չէ, թե 2 միլիոն 323հազար 700 տոննա հանքաքարում ինչ այլ մետաղներ և տարրեր են պարունակվում:
Ուշագրավ է, որ ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Կարինե Մովսիսյանը լսումների ժամանակ նշեց, որ նախագիծը ենթակա է լրամշակման:
ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում Կարինե Մովսիսյանը նշեց, որ նախագծի լրամշակված տարբերակը կարող ենք ստանալ միայն «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունից:
Ի դեպ, հանքավայրը շահագործել պատրաստվող«Բակտեկ էկո» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Վարդանյանը այն նույն մարդն է, ով «դոկտորի» կոչում է շնորհել Սյունիքի վերանշնակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա):
Հոկտեմբեր 20, 2014 at 12:04
