ՀԱՆՔԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ

ՀԱՆՔԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ

Յուլիա Կուլեշովա, «Դելովոյ Էքսպրես»

Լեռնահանքային ընկերության աշխատանքը հանգեցնում է էկոլոգիական աղետի, իսկ փակումը` սոցիալական աղետի:

Կապանի եւ նրան հարակից համայնքների բնակիչներից էկոլոգիական աղետի եւ սոցիալական իրավիճակի մասին ահազանգեր ստանալով` «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը «Deno Gold Mining» ընկերության գործունեության վերաբերյալ մոնիտորինգ անցկացրեց: Արդյունքների շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանի Օրհուս կենտրոնում:  «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքերով` Սյունիք համայնքում ծանր իրավիճակ է:

Արծվանիկի պոչամբարի վթարային արտահոսքերի արդյունքում Սյունիք համայնքում թունավորվել են հողերը, բանջարանոցներն ու այգիները, սատկել են անասունները, երեխաների մոտ նկատվել են ալերգիկ ուժեղ ռեակցիաներ, ձեռքերից պլոկվել է մաշկը: Բնակիչների տները քանդվել են ստորգետնյա պայթեցումներից: Պետական բնապահպանական տեսչությունն արձագանքել է այն ժամանակ, երբ արտակարգ իրավիճակի մասին սկսել է խոսել մամուլը: Ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով, որը փոխանցվել է պետբյուջե: Համայնքի բնակիչների մի մասը ստացել է փոխհատուցում` 7-8 ընտանիքներ, որոնց հողակտորները հայտնվել էին վթարային արտահոսքերի տակ: Ինչ վերաբերում է համայնքի ողջ տարածքը թափոններով աղտոտելու, առողջությանը, անասնապահական ֆերմաներին հասցված վնասի փոխհատուցմանը, ապա այդ փոխհատուցումների մասին գյուղացիները տեղյակ չեն:

2008թ.` Գեղանուշի պոչամբարի կառուցումից հետո, արտահոսքը փակվել է: Սակայն մինչ օրս համայնքում կան պոչեր, որոնք ընկերության կողմից չեն փակվել: Պոչերի կողքով հոսում է Նորաշենիկ գետը, որի ափերն ամրացված են այդ նույն պոչերով: Համայնքի հողերի փորձանմուշներում, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն, նկատվում է ՍԹԿ-ի գերազանցում` Сu-ի դեպքում` 6 անգամ, Mo-ի դեպքում` 4 անգամ, Ni-ի դեպքում` 2,4 անգամ, Hg-ի դեպքում` 30 անգամ, Cd-ի դեպքում` 10 անգամ: Նշենք, որ կադմիումը եւ սնդիկը համարվում են բարձր տոքսիկություն ունեցող տարրեր` անհամատեղելի առողջ կյանքի նորմաների հետ: Եւ այս աղտոտվածությունը հողի մեջ կպահպանվի երկար տարիներ, եթե չասենք ընդմիշտ, եւ շարունակում է իր կործանիչ ազդեցությունն ունենալ: Դրա հետ մեկտեղ Սյունիք համայնքի հողերի կարգավիճակը չի փոխվել: Նրանք համարվում են հողագործության համար պիտանի, այստեղ շարունակում են աճեցնել կանաչի, բանջարեղեն, միրգ, արտադրում են միս եւ կաթնամթերք, որոնք հայտնվում են Կապանի բնակիչների սեղանին: Գյուղում շատ են ուռուցքաբանական հիվանդությունները, հատկապես կանանց շրջանում: Տարածված է կրծքի քաղցկեղը: Գեղանուշ համայնքի բնակիչների խոսքերով` մինչ պոչամբարի կառուցումը այստեղ կեռասի, բալի լավ բերք են ստացել, իսկ հիմա ամեն ինչ վերացել է: 

Հրատարակված գրքույկում ներկայացված են համայնքի բնակիչների խոսքերը: «Մեր անտառում աճում է մոտ 5 հազար ընկուզենի: Յուրաքանչյուր ծառից մենք 20-30 պարկ բերք էինք հավաքում,- ասում է Գեղանուշի համայնքապետ Կամո Ավանեսյանը,- այժմ բերքը 80%-ով պակասել է»: «Իսկ իմ մոտ այս տարի երեք նորածին հորթեր սատկեցին. չէին կարողանում ոտքի վրա կանգնել, ջուր խմել: Ինչ ասես չարեցի, մեկ է, սատկեցին: Ամբողջ կյանքս կով եմ պահում, բայց նման բան առաջին անգամ եմ տեսնում,- ասում է ֆերմեր Հովիկ Էմչյանը,- մտածում եմ, որ եթե ծառերը չորանում են, ապա կենդանիները, որ ուտում են խոտը, նույնպես թունավորվում են»:

Գեղանուշ համայնքի բնակիչների այս ցավի ճիչը իշխանավորների կողմից այդպես էլ չլսվեց: Իսկ «Deno Gold Mining» ընկերության ներկայացուցիչ Նորայր Աղայանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ ընկուզենու ծառերը համայնքի անտառում 5 հազար չեն, այլ շատ ավելի քիչ: Հարկ է նշել, որ ընկերության ներկայացուցիչները  միանգամից ոչ կառուցողական դիրք բռնեցին` իրենց ողջ էներգիան ուղղելով ընկերության պաշտպանությանը եւ մերժելով նույնիսկ այն փաստերը, որոնք լայնորեն հայտնի են դարձել: Մասնավորապես, նրանք անվստահությամբ վերաբերվեցին այն տեղեկատվությանը, որ 2006-2007թթ. Սյունիք համայնքում թունավորվել են բանջարանոցներն ու այգիները, եւ որ երեխաների մոտ ուժեղ ալերգիկ ռեակցիաներ են սկսվել, չնայած որ ընկերությունը հենց դրա համար տուգանվել է 10 միլիոն դրամով: Նրանք չհամաձայնվեցին նաեւ նրա հետ, որ պոչամբարը ընկուզենիների բերքատվության  80%-ով նվազեցման պատճառ է դարձել: Այդտեղ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նկատեց, որ մարդկանց առողջությանը, բուսականությանը եւ կենդանական աշխարհին պոչամբարներում պարունակվող ծանր մետաղներից հասցվող վնասը վաղուց հայտնի է եւ ապացուցված գիտնականների կողմից, եւ Գեղանուշի պոչամբարը բացառություն չէ:

Գլխավոր խնդիրն այն է, թե ով է պատասխանատվություն կրում գյուղի տարածքի աղտոտման համար: «Deno Gold Mining» ընկերության ներկայացուցիչ Նորայր Աղայանը կարծում է. «Կոմբինատը մոլիբդեն չի արտանետում, այդ տվյալները կասկածի տեղիք են տալիս»: Բանն այն է, որ այսօր դժվար է որոշել, թե հատկապես որ  ձեռնարկությունն է պատասխանատվություն կրում աղտոտման համար, քանի որ Սյունիք համայնքը գտնվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարի վթարային արտահոսքերի, «Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի թափոնների եւ «Deno Gold Mining»-ի նախկին վթարային արտահոսքերի ազդեցության ներքո:

…եթե ընկերությունն, այնուամենայնիվ, փակի ձեռնարկությունը, ապա Կապանի վրա կկախվի սոցիալական աղետի վտանգը: Կապանում բնակիչների թիվը կազմում է 45.6 հազար մարդ: Կոմբինատը միակ խոշոր ձեռնարկությունն է, որտեղ աշխատում է մոտ 1000 մարդ: 

Առաջացել է փակ շրջան. ընկերության աշխատանքը բերում է էկոլոգիական աղետի, իսկ փակումը` տնտեսական: Եւ ակնհայտ է, որ իրավիճակը ժամանակի հետ միմիայն կսաստկանա:

Ինչպես նշեցին քննարկման մասնակիցները, վերոնշյալ խնդիրներից շատերը միայն «Deno Gold Mining» ընկերության խնդիրները չեն, դրանք բոլոր լեռնահանքային ընկերությունների խնդիրներն են եւ անգամ տնտեսությանն ամբողջությամբ, նրա առաջնահերթությունների: Ցավոք, հենց այս կործանիչ ոլորտն է Հայաստանի տնտեսական զարգացման ճշմարիտ առաջնահերթությունը: Դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ չի մշակվել այս ոլորտի զարգացման հայեցակարգ, չկա համապատասխան օրենսդրություն, որը կորոշի շրջակա միջավայրին հասցվող իրական վնասի գնահատականը, չկա կարգավորում, որը կպաշտպաներ մարդկանց` սեփական հողի եւ կյանքի իրավունքները:

Բարձր կոռուպցիայի եւ թույլ վերահսկողության պայմաններում գործնականորեն ամեն ինչ կախված է ընկերության բարի կամքից, որը ցանկացած պահի կարող է դադարեցնել իր գործունեությունը եւ դրա համար չկրել ոչ մի պատասխանատվություն, այդ թվում` ֆինանսական: Դա գիտակցում են եւ իրենք` ընկերությունները, գիտակցում են եւ օգտագործում:

Ինչպես նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, այս խնդիրը համակարգային է ողջ երկրի համար: Հայաստանի տարածքը ծածկվում է պոչամբարներով` ինչպես վերքերով, խոցերով, որոնք երբեք չեն լավանա: Այս աղետն արդեն այնպիսի մասշտաբների է հասել, որ տեսանելի տիեզերքից արված լուսանկարների վրա: Ամեն օր մենք լսում ենք, որ նոր հանքավայրերի շահագործման նորանոր թույլտվություններ են տրվել: Ճանապարհին նաեւ ուրանն է: Կ.Դանիելյանի կարծիքով, եթե չվերանայվեն զարգացման առաջնահերթություները, ապա Հայաստանը 50 տարի հետո ուղղակի կվերջանա:

Հունվար 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր