

ԷկոԼուր
«Բեյզ-մեթալս» հանքարդյունաբերական ընկերության ոսկու կորզման ֆաբրիկայի մի խումբ աշխատողներ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է Karabakh-life.am-ը: Աղբյուրի համաձայն` ընկերությունը վերջին 2-3 ամիսներին 50-ից 60 հազար դրամի չափով կրճատել է աշխատողների աշխատավարձերը` պատճառաբանելով, որ ոսկու արժույթը միջազգային շուկայում ցածր է, ընկերությունը շահույթ չունի եւ որ էքսկավատորը անսարք վիճակում է, որի պատճառով ոսկու կորզման աշխատանքը մեկ ամսով դադարեցվել է: Չնայած տեխնիկայի անսարքությանը, բանվորները տնօրինության պահանջով ամեն օր ներկայացել են աշխատանքի և կատարել տարբեր բնույթի աշխատանքներ:
«Բեյզ Մեթըլս» փակ բաժնետրական ընկերությունը մտնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ, հիմնադրվել է 2002թ. օգոստոսի 7-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
«Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքի համաձայն` «Բեյզ Մեթըլս» ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 20 հազար տոննա ապրանքային խտանյութ` պղնձի 15-16 % և ոսկու 32-34 գրամ/տոննա պարունակությամբ: Պղնձի տեխնոլոգիական կորզման ցուցանիշը կազմում է 94 %, ոսկունը` մինչև 75 %: Հետազոտություններ են իրականացվում հանքաքարից օգտակար տարրերի կորզման ցուցանիշների բարձրացման ուղղությամբ:
«Բեյզ Մեթըլս» ընկերությունը 2003-2011 թթ. ընթացքում արդյունահանել է շուրջ 2.4 մլն տոննա հանքաքար և արտադրել շուրջ 200 հազար տոննա պղինձ-ոսկու խտանյութ:
Այսօր «Բելզ Մեթըլս» ընկերությունն ունի ավելի քան երկու տասնյակ հանքավայրերի և հանքերևակումների շահագործման և երկրաբանական ուսումնասիրության հավաստագրեր, որոնց մեծ մասում իրականացվում են տարբեր փուլերի երկրաբանահետախուզական աշխատանքներ: Այդ հանքավայրերի շարքում կան ինչպես բազմամետաղային հանքավայրեր, այնպես էլ քարհանքեր:
Նոյեմբեր 07, 2014 at 13:45
