

ԷկոԼուր
Եթե պոչամբարների համար բնապահպանական վճար սահմանված լիներ Հայաստանի պետական բյուջե տարեկան մուտք կգործեր 100 միլիոն դոլլար: Այս մասին ԵՊՀ-ում նոյեմբերի 18-ին կազմակերպված շրջակա միջավայրի վրա պոչամբարների ազդեցության վտանգների նվազեցմանն ուղղված պահանջների և խնդիրների վերհանմանը նվիրված կլոր- սեղան քննարկման ընթացքում ԷկոԼուրի հետ զրույցում նշեց ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ Ռուբեն Մովսեսյանը:
Հիշեցնենք, որ 2006թ-ին ընդունված «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հանքարդյունաբերական թափոնները համարվում են ոչ վտանգավոր եւ շրջակա միջավայրում դրանց տեղադրման համար դրույքաչափը 0 դրամ է: Հայաստանում հաշվված է 19 պոչամբար: «Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» գիտական աշխատության համաձայն` պոչամբարները զբաղեցնում են 1500 հա տարածք:
«Սովորաբար պոչամբարներից կատարվում է ներկայիս վիճակով ջրերի արտահոսք, զտված ջրերի, այդպես են ասում: Բայց այդ զտված ջրերի մեջ էլի կան ծանր էլեմենտներ, տոքսիկ նյութեր եւ այլն: Մենք ոչ մի պոչամբարից դուրս եկող ջրերի վերաբերյալ ոչ մի տեղ նյութ չենք տեսել:… Մենք մոտավորապես կարող ենք ասել՝ ինչ տոքսիկ նյութեր կան մեր պոչամբարներում, բայց նրանց քանակությունը և այլն մենք չգիտենք: …Պետք է կատարվի թափոնների կադաստրի վարում: Մենք պետք է իմանանք՝ ինչ քանակությամբ ինչ թունավոր միացություններ կան այդ թափոնների մեջ, թափոնները պետք է ունենան անձնագիր, պետք է բաժանվեն ըստ դասերի: Համապատասխան դասերի պետք է կատարվեն վճարումներ բյուջե: Կան հաշվարկներ, որ տարեկան մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեն չի ստանում դրա պատճառով, որ այդ թափոնը ընդհանրապես զրոյական է դառնում, բայց ինքը տարածք է գրավում և վտանագավոր է, բայց դրա համար վճարում չի կատարվում այն պատրվակով, որ նա տեխնածին հանքավայր է», - ասաց Ռուբեն Մովսեսյանը:
Պոչամբարները տեխնածին հանքավայր ձեւակերպումը ստացել են Ընդերքի մասին նոր օրենսգրքում: Սակայն Ռուբեն Մովսեյանը դեմ է այդ ձեւակերպմանը: «Հայաստանի Հանրապետությունում պոչերը համարվում են տեխնածին հանքավայր, բայց դա հանքավայր չէ: Դրա հանքավայր լինելը պետք է հաստատվի: Հանքավայր կոչվում է այդ տեխնածինի այն հատվածը, որը գնահատված է տնտեսականորեն»:
Նա նշեց, որ հանքարդյունաբերական ձեռնարկության ֆինանսական գործունեությունը՝ տարեկան արտադրանքը, կորզման աստիճանը և այլն, երկրաբանական գաղտնիք է համարվում, բայց դա երկրաբանական տվյալ չէ, այլ տնտեսական ցուցանիշ, որը պետք է իմանան բոլոր քաղաքացիները, որ գնահատեն՝ ճիշտ են շահագործում, թե` ոչ:
Ռուբեն Մոսվեսյանի խոսքով՝ պետք է որոշվի՝ որ հանքավայրերը որ պարաշների և տեխնոլոգիաների դեպքում պետք է շահագործվեն, իսկ պոչամբարները պետք է ռեկուլտիվացնել ոչ թե շահագործումից հետո, այլ հենց շահագործման ընթացքում:
Ինչ վերաբերվում է ցիանային արտադրությանը, ապա այս կապակցությամբ Ռուբեն Մովսեսյանն ասաց. «Ամեն մի տարածքում ցիանային արտադրություն կատարելու համար ստանդարտներ են պետք, մեզ մոտ դրանք մշակված չեն, բայց արտասահմանում դրանք կան: Եվրոպան, քանի որ խիտ բնակեցված է և նրանք մտածում են իրենց էկոլոգիական վիճակի մասին, ընդունել են, որ ցիանային արտադրությունը պետք է լինի բնակավայրերից 30 կմ հեռավորության վրա»: Նշենք, որ «GeoProMining» ընկերությանը պատկանող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, որտեղ ոսկին կորզում են ցիանիդի միջոցով, եւ ֆաբրիկայի ցիանային պոչամբարը գտնվում են Արարատ քաղաքին շատ մոտ: «Արարատի մեջ է գրեթե եւ Սուրենավանը կողքն է, արանքում դրված է: Հիմա էլ մոտեցրել են, երրորդ պոչամբարը կառուցվելու է հենց ճանապարհի կողք, կպած»,- ասաց Ռուբեն Մոսվեսյանը:
Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Lydian International» ընկերությունը ոսկու կորզման ցիանային արտադրությունը տեղակայելու է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի արևելյան սահմանից ընդամենը 1 կմ հեռավորության վրա:
Քննարկման մյուս բանախոսը` ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, հատկապես ընդգծեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի ռիսկը: «Մեզ մտահոգում են պոչամբարի նման ծավալները. նախատեսվում է մոտ 310 միլիոն խորանարդ մետր: Եւ շուտով այդ պոչամբարը կլցվի: Հարց է ծագելու նոր պոչամբարի մասին: Եւ պոչամբարի նման ծավալների դեպքում հարց է առաջանում սեյսմիկ ռիսկի տեսակետից. սեյսմիկ ռիսկը բավականին մեծանում է»,- ասաց Մարատ Գրիգորյանը: Նա մտահոգիչ համարեց նաեւ Ախթալայի հին և գործող պոչամբարների վիճակը` նշելով, որ դրանք ավելի ոչ բարվոք վիճակում են եւ ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան Արծվանիկի պոչամբարը:
«Շահագործող ձեռնարկությունները պետք է ապահովագրական վճարումներ կատարեն: Եթե վթար տեղի ունենա, ո՞վ պետք է վճարի առաջացած բնապահպանական խնդիրների և բնակչության պատճառված վնասի համար,- ասաց Մարատ Գրիգորյանը,- Այն հանքավայրերը, որոնք աղքատ են, բայց շահագործվում են արտասահմանյան ընկերությունների կողմից, դրանք ավելի մեծ վնաս կարող են տալ, քան եկամուտներ բերել բյուջեին: Ամեն մի փոքր հանքավայր չպետք է շահագործվի: Այդպիսի հանքավայրով տնտեսական վիճակի բարելավում հնարավոր չէ»:
Հիշեցնենք, որ «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ն մտադիր է դառնալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Ողջիի և Փուխրուտի կոնսերվացված, իսկ կոնսերվացումից հետո նաև Արծվանիկի պոչամբարների սեփականատերը եւ վերամշակել այդ պոչամբարների պոչերը:
Նոյեմբեր 21, 2014 at 11:44
