«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը մտադիր է նոր պոչամբար կառուցել

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը մտադիր է նոր պոչամբար կառուցել

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը սկսել է հզորացնել իր արտադրությունը եւ  մտադիր է Լոռու մարզի Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքների տարածքում նոր պոչամբար կառուցել: Դրա համար Մեծ Այրումի 12.10684 հա եւ Ճոճկանի 27.98901 հա գյուղատնտեսական նշանակության հողեր պետք փոխադրվեն արդյունաբերական նշանակության հողերի կատեգորիայի: Facebook սոցիալական ցանցում Համայնքի մոբիլիզացման եւ աջակցման կենտրոնը (Centre for Community Mobilization and Support) տեղեկացնում է. «Ներկա պահին Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև գործում է հին պոչամբարը, որը այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ դժվարություններ և վտանգ է ներկայացրել համայնքների բնակիչների համար:

1. Չեն պահպանվել անվտանգության կանոնները և բազմիցս համայնքի բնակիչներին պատկանող ընտանի կենդանիները ընկել են պոչամբարի մեջ:

2. Բազմիցս համայնքի բնակիչները բողոքել են գլխացավերից, գլխապտույտներից և այլ հիվանդություններից` իրենց վիճակը պայմանավորելով պոչամբարի առկայությամբ:

3. Համայնքներն իրենց տարածքում պոչամբարի առկայության համար չեն ստացել փոխհատուցում, կամ համայնքում «Ախթալա լեռնահարաստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից չեն իրականացվել սոցիալական աջակցության ծրագրեր:

Նոր պոչամբարի կառուցումը համայնքի բնակիչների համար մի նոր մեծ գլոբալ խնդիր է հանդիսանալու վատ առումով. այն Ճոճկան և Մեծ Այրում համայնքները կտանի դեպի վերջնական անապատացման:

Համայնքներին և համայնքի բնակիչներին այդպիսի մեծ, ճակատագրական կորուստների և վնասների դիմաց ինստիտուցիոնալ ձևաչափով դեռևս ոչինչ չի առաջարկվել, ավելին նմանատիպ որոշումները կայացվել են առանց համայնքի բնակիչների հետ քննարկումներ և խորհրդակցություններ իրականացնելու»,- մասնավորապես նշված է տարածված տեղեկատվության մեջ:

Հողերի կատեգորիայի փոփոխման հիմքում ընկած են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 1918-Ն որոշումը, ինչպես նաեւ  ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այս փաստաթղթերի հիման վրա Ճոճկան եւ Մեծ այրում համայնքների ավագանիները պետք է որոշում կայացնեն հողերի կատեգորիաների փոփոխման վերաբերյալ: Սակայն Մեծ Այրում համայնքի ավագանին դա չի արել եւ  հունվարի 29-ին` ժամը 12:00-ին,Մեծ Այրումի գյուղապետարանում հարցի վերաբերյալ հրավիրում է բաց քննարկման:

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերը «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն, որի հետեւում, որոշ աղբյուրների համաձայն, կանգնած է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:  

Հունվար 26, 2015 at 14:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր