Մաքսիմ Հակոբյանի եղբայրն ահաբեկել է ցուցարարներին

Մաքսիմ Հակոբյանի եղբայրն ահաբեկել է ցուցարարներին

www.a1plus.am

Ախթալայում լարված իրավիճակ է: Հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքն են  արտահայտում Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը՝ պահանջելով վերականգնել նախօրեին անօրինական կերպով աշխատանքից ազատված մեկ տասնյակից ավելի աշխատակիցներին, վճարել իրենց աշխատավարձը, ինչպես նաև բարելավել աշխատանքային պայմանները:

ԼՀԿ տնօրեն Մարտիկ Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբայրը, կոպիտ վերաբերմունք ցուցաբերելով խոչընդոտել է քաղաքացիների ահազանգով դեպքի վայր մեկնած «Civil voice» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ու լրագրողների աշխատանքը:

Նա պահանջել է հեռանալ տարածքից և չմիջամտել խնդրին: Ցուցարարների ձեռքից վերցրել են նրանց բողոքն արտահայտող պաստառները, ինչպես նաև ահաբեկել և սպառնացել տեղացիներին: Նշենք, որ Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ ոտքի են կանգնել իրենց դժգոհությունը բարձրաձայնելու կապված կոմբինատի ղեկավարության հակաօրինական քայլերի հետ:

Բանն այն է, որ ԼՀԿ տնօրինությունը օրեր առաջ անօրինական ձևով աշխատանքից ազատել էր բազմաթիվ աշխատակիցների: Կոմբինատից նրանց տեղեկացրել էին, որ ազատված են աշխատանքից՝ աշխատանքի ժամանակ աշխատավայրը լքելու պատճառաբանությամբ: Մինչդեռ, իրականում աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու իրական պատճառը փետրվարի 14-ին շուրջ 150 ախթալացիների գործադուլն է եղել, ովքեր գործարանի տնօրինությունից պահանջում էին վճարել չվճարված աշխատավարձերը:

Մանրամասները կհաղորդենք առաջիկայում:
«Civil voice» հասարակական կազմակերպություն

Փետրվար 19, 2015 at 17:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր