

ԷկոԼուր
Ապրիլի 8-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարության անդամներին հարց ուղղեցին մասնավորապես Հայաստանի աղբավայրերի, մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության եւ պղնձաձուլարանի կառուցման վերաբերյալ:
Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հարց ու պատասխանը:
Լյուդմիլա Սարգսյան.
-Հարցս ուղղում եմ առողջապահության նախարարին: Նախորդ տարվա փետրվար ամսին ուժի մեջ մտավ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենք, որի 4-րդ հոդվածի համաձայն` շրջակա միջավայր է համարվում նաեւ մարդու սոցիալական միջավայրը: Նշված օրենքի համաձայն, մասնավորապես, հանքարդյունաբերական նախագծերը պետք է ենթարկվեն ոչ միայն բնապահպանական փորձաքննության, այլեւ պետք է գնահատվի դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա: Այս օրենքի ընդունումից հետո, ըստ էության, առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր նախագծի համար պետք է կատարի փորձաքննություն եւ տա փորձաքննական եզրակացություն, քանի որ բնապահպանական հարցերով փորձագետները չեն կարող առողջապահական հարցերի վերաբերյալ իրականացնել մասնագիտական փորձաքննություն: Միեւնույն ժամանակ Ձեզ եւ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանին հարցադրումներ եմ արել` արդյոք իրականացվում են ուսումնասիրություններ` պարզելու, թե ինչ կերպ են ազդում հանքարդյունաբերական թափոնները հարակից համայնքների բնակիչների առողջության վրա: Ձեր պատասխաններից հետեւել է, որ այդպիսի ուսումնասիրություններ, ըստ էության, չեն իրականացվում: Հարց առաջին, ասացեք խնդրեմ, նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առողջապահության նախարարության ո՞ր կառույցն է, եթե կա այդպիսի կառույց, իրականացնում արդյունաբերական նախագծերի փորձաքննություն` մարդու առողջության վրա դրանց ազդեցությունը գնահատելու եւ փորձաքննական եզրակացություն տրամադրելու համար: Երկրորդ, արդյո՞ք առկա են մեթոդաբանական հիմքեր եւ ենթաօրենդրական ակտեր, հանքարդյունաբերական եւ նմանատիպ նախագծերի` մարդու առողջության վրա դրանց ազդեցության գնահատման եւ փորձաքննություն իրականացնելու համար:
Արմեն Մուրադյան.
-Նման հետազոտություններ եւ ուսումնասիրություններ կատարվում են: Պետք է ասեմ, որ 2014թ-ին նախաձեռնվել է մի գործընթաց, որը կոչվում է «Քարտեզագրում եւ գույքագրում` առողջապահական համակարգի եւ նրա վրա ազդեցություն թողնող բոլոր տարրերի», եւ արդեն իսկ 10 մարզերում այդ բոլոր աշխատանքները ավարտված են: Մենք կարող ենք ներկայացնել ինչպիսի հիվանդացություն, մահացություն, ինչպիսի առողջապահական հզորություններ կան առանձին մարզերում: Մասնավորապես, եթե խոսքը գնում է արդյունաբերության եւ մետաղաձուլման արդյունաբերության հետ կապված ազդեցության հարցերին, այդպիսի ծրագիր իրականացվել է Սյունիքում եւ Լոռու մարզում, եւ այսօր արդեն այդ նյութերը պատրաստ են, կարող ենք քննարկել: Բայց պետք է հիշեցնեմ, որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, որոնց մեջ մտնում են սրտանոթային հիվանդությունները, ուռուցքաբանության հետ կապված խնդիրները, շաքարային դիաբետի եւ այլ տեսակի ինֆեկցիաներից դուրս այլ պատալոգիաները, դրանք պայմանավորված են ոչ միայն եւ կարծես թե առաջին 4 տեղը զբաղեցնում են այլ գործոններ, ոչ թե շրջակա միջավայրը: Եւ այս մոտեցումը, որը Համաշխարհային առողջապահության կազմակերպության մոտեցումն է, այն է` սնունդը, ալկոհոլը, ծխախոտը, ֆիզիկական ակտիվությունը: Եւ կոնկրետ ֆիքսել, թե ինչպիսի տեսակարար կշիռ ունի այդ հիվանդացության մեջ, այսօր հնարավոր չէ, դա երկարատեւ ուսումնասիրություններ են, որոնք արդեն սկսված են: Դրանով զբաղվում է Հիվանությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը` ՊՈԱԿ-ը, որը նախկինում սանէպիդ ծառայություն էր որպես աշխատում, եւ ներկայում եւս ձեւափոխման գործընթաց է գնում տեսչության հետ` տարանջատելով նրանց գործառույթները: Հույս ունենք, «Հանրային առողջապահության մասին »օրենքը կհանձնենք կառավարության եւ հետագայում նաեւ Ազգային ժողովի դատին մինչեւ նոյեմբեր ամիսը, որտեղ որ արտացոլված կլինեն այդ բոլոր հարցերը: Վիճակագրական տվյալներից կարող եմ ասել, որ ամենբարձր ուռուցքային հիվանդություններվ մարզը դա բացարձակ այն մարզերը չեն, որտեղ այդ արդյունաբերական հզորություններն են կուտակված: Եթե խոսքը գնում է Լոռու մասին, 4-րդ տեղն է գրավում: Երեւան, Կոտայք, երրորդ եւ չորրորդ տեղը իրար հետ կիսում են Տավուշն ու Լոռին: Առանձին ուսումնասիրություններ են արվել ջրի, հողի եւ նաեւ օդի: Եւ 2015թ-ին շարունակվելու է: Մասնավորապես Ախթալայի օդի հետ կապված խնդիրները` 15թ-ին, մնացածն արդեն արված են, եւ միաժամանակ, ըստ ուսումնասիրության տվյալների, որեւիցե շեղումներ հայտնաբերված չեն այդ հատվածում, բացի ֆոնային նրանց կուտակումներից, եթե խոսքը գնում է հանքերի մասին,այդ հողերում ֆոնային բարձր կուտակումներ կլինի:
Լյուդմիլա Սարգսյան.
-Պարոն նախարար, ես, իհարկե, ուրախ կլինեի, որ մեր երկրում, իրոք, բնապահպանական խնդիրների պատճառով հիվանդությունների առկայությունը շատ նվազ լիներ: Բայց, ճիշտն ասած, հակված չեմ դրան հավատալու: Ոչ թե Ձեզ չեմ հավատում, այլ չեմ հավատում, որ իրոք այդպես է: Եւ ավելի վատ է այն, որ բնակչությունը չի հավատում դրան: Հիմա, օրինակ, տեսեք, Ամերիկյան համալսարանի հետազոտությունների հիման վրա կարծիք կա տարածված, որ կոնկրետ Ախթալայի կոմբինատի փնթի աշխատանքի արդյունքում այնտեղ 4-6 տարեկան երեխաների արյան մեջ 8 անգամ գերազանցում է կապարի առկայությունը, որը հանգեցնում է բազմաթիվ անցանկալի հիվանդությունների եւ վտանգում է իրականում մեր գենոֆոնդը: Հիմա ի՞նչ կերպ կարող եք դա բացատրել, եթե դա պայմանավորված չէ բնապահպանական խնդիրներով, եւ ի՞նչ կարգի աշխատանք է պետք ծավալել բնակչության շրջանում, որ նրանք իրականում հասկանան: Եթե չունենք բնապահպանական խնդիրներ, ապա այդ հիվանդությունների հիմքերը որտեղի՞ց են գալիս:
Արմեն Մուրադյան.
-Ես բնավ չասացի, որ բնապահպանական խնդիրներ մենք չունենք: Բնապահպանական խնդիրներն ուղղակի չեն զբաղեցնում առաջին տեղը հիվանդացության պատճառով, եւ հիվանդացության բարձրացումը երկրում առանձին ուղղություններով դա գրանցվում է մասնավորապես այն մարզերում, որոնց մասին խոսեցինք: Լոռու մարզում 2 անգամ բարձրացել է, կարծես թե, սիրտանոթային հիվանդացությունը եւ 1,4 անգամ ուռուցքային հիվանդացությունը: Բայց այստեղ պետք է անպայման կոռեկտ լինել եւ նշել, որ երբ մենք ապահովում ենք հասանելությունը եւ ստեղծվում ենք նոր կենտրոններ, մասնավորապես, Ալավերդու բժշկական նորաբաց կենտրոնը, որը հնարավորություն տվեց որակյալ, նաեւ մատչելի, հասանելի բուժօգնություն ցուցաբերել, իրական հիվանդացությունը նոր է գնահատվում: Այսինքն` այն թվերը, որի հետ մենք համեմատում ենք, դրանք իրական թվեր չեն: Ինչ վերաբերում է Ամերիկյան համալսարանի կատարած ուսումնասիրությանը, եւս քաջատեղյակ եմ այդ ուսումնասիրության վերաբերյալ, եւ մենք համատեղ աշխատանքներ անում ենք: Արդեն նշեցի, որ տեւական կլինի այն աշխատանքները, որոնք որ կոչված են առանձին ռիսկի գործոնների առանձին բեռը հաստատելու, թե որ գործոնն ինչպիսի ազդեցություն ունի այս կամ այն հիվանդացության վրա: Այդ աշխատանքներն ընթանում են, հուսով եմ, որ նրանց ավարտին մենք կարող ենք Ձեզ հետ միասին, կամ յուրաքանչյուր ցանկացողի մենք կարող ենք ներկայացնել այդ ուսումնասիրությունների տվյալները եւ, իհարկե, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: Եթե սրտանոթային հիվանդացությունը Վայոց ձորում առաջին տեղում է Հայաստանում, իհարկե այնտեղ համապատասխան սրտանոթային հիվանդացության հետ կապված ուսումնասիրություններն ավատելուն պես պետք է իրականացվեն բուժական աշխատանքերը, գնահատվի ինչպիսի որակի աշխատանքներ է կատարվում բուժական հիմնարկներում, արդյոք դա մատչելի է, արդյոք իրենք ունեն առհասարակ հասանելության խնդիր, կենտրոնները կան այդ մարզում, թե չկան, որ կարողանանք հաղթահարել համապատասխան խնդիրը:
Ապրիլ 09, 2015 at 15:52
