Տաշտունցիները հիասթափված են Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման հարցում

Տաշտունցիները հիասթափված են Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման հարցում

ԷկոԼուր

«ԱՏ - Մետալս»   հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը չի շահագործում ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Մեղրասարի ոսկու հանքավայրը: Ինչպես հայտնեց ԷկոԼուրին Տաշտունի համայնքապետ Հենրիկ Գաբրիելյանը, ընկերությունը չի կարողացել կորզումը իրականացնել այն տեխնոլոգիայով, որը կիրառել է: «Դեկտեմբերից չեն աշխատում, կրճատումներ արեցին, հիմնականում դրսից եկածներին կրճատեցին», - ասաց Հենրիկ Գաբրիելյանը: «Նոր տեխնոլոգիա պետք է բերեն, փորձարկումներ են անում, հիմա սպասում են Չինաստանից աշխատավորներ գան», - ասաց Տաշտունի համայնքապետը:

Նշենք, որ տեխնոլոգիաների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա պետք է արտացոլված լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեջ (ՇՄԱԳ), որը դրական եզրակացություն ստացավ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից 2014թ-ի նոյեմբերի 18-ին: Եթե ընկերությունը պետք է փոխի տեխնոլոգիան, ապա պետք է նոր նախագիծ եւ ՇՄԱԳ ներկայացնի բնապահպանական փորձաքննության:

Տաշտուն համայնքի բնակիչները, ովքեր կողմ էին հանքի շահագործմանը եւ բախումներ են ունեցել բնապահպանների հետ, հիասթափված են: Տաշտունցիները ԷկոԼուրին ասացին, որ հանքը իրենց, որպես ազդակիր համայնքի, այդպես էլ ոչինչ չտվեց: Իսկ խոստումները ժամանակին բավականին շատ էին՝ սկսած աշխատատեղերից, վերջացրած սոցիալական ծրագրերով և այլն, միայն թե համայնքը տար իր համաձայնությունը:

«Հանքը ոնց բացվեց, այդպես էլ փակվեց...բացվելն ու փակվելը մեկ եղավ...բանվորները տանը նստել են, ասել են` գնացեք, հանգստացեք», - ասացին գյուղի բնակիչները:

Հիշեցնենք հանքի շահագործմանը բնապահպանների դեմ լինելու պատճառները`

1.WWF-Հայաստանի քարտեզի համաձայն, Մեղրասարի ոսկու հանքավայրի մոտ 60 %-ը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում, որտեղ կա ՀՀ Կարմիր գրքում գրանցված 24 բարձրակարգ բույս, 32 անողնաշարավոր եւ 28 ողնաշարավոր կենդանի:

2. հանքավայրի շահագործումը պարունակում է ռադիացիոն ռիսկեր: Գ.Պ Ալոյանի  «Ураноносность геологических формаций Армении» գիտական աշխատության  համաձայն Մեղրիի բեկվածքը, որտեղ գտնվում է Մեղրասարի հանքավայրը, դիտվում է որպես հեռանկարային ոսկի-ուրանի հազվգյուտ մետաղային հանքերեւակում Au-U-S/Fe տիպի)”.  (էջ.  63, 65.  Г.П. Алоян, Ереван, ГЕОИД, 2010):

3. Ըստ նախագծի` բացահանքի 50 000 տ/տարի արտադրողականության դեպքում արտանետումների ընդհանուր քանակը կկազմեր 252.687 տ/տարի,:  Փոշու մեջ տոքսիկ նյութերի եւ ծանր մետաղների պարունակությունը նշված չէր, թեպետ դրանք անդառնալի վնաս են պատճառում շրջակա միջավայրին` ջրային ռեսուրսներին, հողերին, մարկանց առողջությանը:

4.Հանքավայրը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում, սակայն նախագծում ոչինչ նշված չէր, թե երկրաշարժի դեպքում ինչ միջոցառումներ են իրականացվելու` վնասը նվազեցնելու համար եւ որտեղից է գումար վերցնելու այդ միջոցառումների համար:

5.Նախագծում նշված է, որ կենցաղային կեղտաջրերի համար նախատեսված է 25մ3 ծավալով բետոնե լցարան, որտեղից կեղտաջրերը աղբահան մեքենայով պարբերաբար (ամիսը մեկ) տեղափոխվելու են մոտակա մաքրման կայան: Նշված չէ, թե ինչ մաքրման կայան է տեղափոխվելու եւ նշված չէ, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում վթարի դեպքում: Ընդհանրապես Հայաստանի մաքրման կայանները կատարում են մեխանիկական մաքրում, այլ ոչ քիմիական: Նախագծի համաձայն` լցարանից  մաքրման կայան տեղափոխվող կեղտաջրերում աղտոտող նյութերի քանակը կազմելու է  տարեկան 176.6 կգ: Հնարավոր վթարի կամ արտահոսքերի դեպքում այդ նյութերը հայտնվելու են շրջակա միջավայրում եւ Մեղրի գետում, որի ջրով տեղի համայնքները ոռոգում են իրականացնում:

Ստորեւ ներկայացված են Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի հասարակական լսումների վերաբերյալ տեսանյութերը:



Ապրիլ 29, 2015 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր