Սյունեցիները դեմ են Խաչաքար-Փարավան բազմամետաղների հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը

Սյունեցիները դեմ են Խաչաքար-Փարավան բազմամետաղների հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը

ԷկոԼուր

Սյունիքի հասարակայնության ներկայացուցիչները դեմ են Խաչաքար-Փարավան բազմամետաղների հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը: Նրանք իրենց դիրքորոշումն արտահայտեցին սույն թվականի մայիսի 26-ին Կապանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Հետախուզական աշխատանքները մտադիր է իրականացնել «Սթորթրանս» ընկերությունը, որը իր մտադրությունների մասին ծանուցում էր սյունեցիներին: «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանի համաձայն`  երկրաբանահետախուզական աշխատանքների ազդեցության  գոտում են գտնվում  Քաջարան քաղաքը,  Քաջարան, Վերին Վարդանիձոր, Վանք, Տաշտուն համայնքները: Սակայն այս համայնքներին ծանուցելու փոխարեն քննարկումը անցկացվեց Կապանում: Քննարկմանը չեն մասնակցել  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ներկայացուցիչները, որի տարածքում պետք է իրականացվեն աշխատանքները: Այս հանգամանքներից ելնելով` Արշավիր Խալափյանը լքել է քննարկման վայրը:

«Մեղրին մեր հարավային դարպասն է, եւ հիմնականում Մեղրիի միրգը չես համեմատի Հայաստանի մյուս տարածաշրջանների մրգի հետ: Մեղրին այնքան է հիմա խիտ ցանցով պատվել` որոնողական աշխատանքների, հանքավայրերի, ծննդավայրերի մշակման, որ շրջակա միջավայրը ապականվում է Մեղրիում: Իմ կարծիքով` չպետք է թույլ տալ, որ նոր հանքեր բացվեն: …Ընդերքը, ճիշտ է, հարստություն է, Աստծո տվածն է, պետք է շահագործել, բայց ոչ այսպիսի տեմպով: Բա մեր թոռները, հետագա սերունդները ինչո՞վ պիտի ապրեն: Ամեն ինչ վերջ ունի, անսպառ ոչինչ չկա»,- ասել է «Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը եւ կտրականապես դեմ արտահայտվել ընդերքօգտագործման աշխատանքների իրականացմանը Մեղրիի տարածաշրջանում, քանի որ արդյունքում խախտվում են լանշաֆտներն ու էկոհամակարգերը, աղտոտվում  մակերևութային և գրունտային ջրերը:

Ի պատասխան քննարկմանը երկրաբանահետախուզական աշխատանքների մասին սյունեցիներին ծանոթացնող Վռամ Թեւոսյանն ասել է. «Ես պնդում եմ, որ երկրաբանահետախուզական աշխատանքները, եթե կոռեկտ, ճշգրիտ անցկացվում են, զգալի ազդեցություն մակերեւութային ջրերի վրա համարյա չունենք, ստորգետնյա ջրերի վրա համարյա չունենք»:

«Նոր հանքերի շահագործումը բացարձակ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում: Կտրականապես դեմ ենք հատկապես Մեղրիում նոր հանքեր շահագործելուն եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ծրագրերը կանխենք»,- ասել է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

Մանրամասները`«Սոսի» հեռուստաընկերության տեսանյութում:



Հունիս 01, 2015 at 18:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր