

ԷկոԼուր
Հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին տեղի կունենա երեք հասակական լսում, երեքն էլ ոսկու հանքերեւակումներում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման մասին:
Ինչպես նշված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հունիսի 25-ին` ժամը 12.30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանում տեղի կունենան «Ռամ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գետի ավազանի Տիգրանագետ վտակի վերին հոսանքի ոսկեբեր ցրոնների հանքերևակումում ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Նույն օրը` ժամը 14.30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութի գյուղապետարանում տեղի կունենան «Դրաղեգ Մետալ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութի ոսկեբեր տեղամասի 2015-2018թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Հուլիսի 2-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Մուցքի գյուղապետարանում տեղի կունենա «Գեոռեյդ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Մուցքի ոսկի բազմամետաղային հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Հիշեցնենք, որ Մուցքի ոսկու հանքավայրում Բրիտանական «Orogen Gold» ընկերությունը ոսկու հարուստ հանքերեւակում է հայտնաբերել: Արդյունքների համաձայն` 11 մետրանոց հորատման կետում հայտնաբերվել էր ոսկի 5.56 գրամ/տոննայում:
«Orogen Gold» ընկերության պաշտոնական կայքի համաձայն` 2013թ. հունվարին «Orogen Gold» ընկերությունը փոխըմբռման հուշագիր է ստորագրել Հայաստանում գրանցված «Գեոռեյդ» ՓԲԸ-ի հետ (“Georaid”) Մուցքի ոսկու հանքի նախագիծն իրականացնելու համար: Մուցքը ոսկու բազմամետաղային հանքավայր է: Այն հայտնի է նաեւ Բարձրավան անունով, գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում` Մուցք (Բարձրավան) գյուղից 2,5 կմ դեպի հարավ-արեւելք: Մուցքի հանքավայրում ոսկուց բացի առկա են պղինձ, կապար, ցինկ, արծաթ, սելլեն, տելլուր, բիսմուտ, թալիում, ինդիում, կադմիում, գալիում, ծծումբ եւ երկաթ:
Հունիս 23, 2015 at 15:40
