

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է ավելացնել այն ընկերությունների ցանկը, որոնց կողմից վճարված բնապահպանական վճարները կուղղվեն ոչ թե պետական բյուջե, այլ հենց ազդակիր համայնքներին: Այս կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը շահագրգիռ հասարակայնության քննարկմանն է ներկայացրել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային oգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որում ավելացել են մի շարք ընկերությունների անուններ:
Ներկայումս գործող «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով ազդակիր համայնքներին բնապահպանական վճարներ են կատարում «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երեւանի ՋԷԿ», «Գաջեգործ», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Նաիրիտ» գործարան» «Գաջ» ՓԲԸ-ները, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» եւ Չարենցավանի «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ները:
Նոր օրինագծի ընդունման դեպքում ազդակիր համայնքներին բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ կտրամադրեն «Արմենիա» միջազգային օդանավակայան», «Ավանի աղի կոմբինատ», «Գազպրոմ Արմենիա», «Քարարտ», «Սագամար», «Թեղուտ», «Ջերմուկ Գրուպ», «Դանդի Փրիշս Մեթալս», «Գեոթիմ», «Մեգո-Գոլդ», «Կավաշեն», «Արագած պեռլիտ», «Ոսմար», «Մեղրաձոր գոլդ», «Ատ-Մետալս», «Բակտեկ Էկո», «Լեռ-Էքս», «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունները: «Միկա-ցեմենտ»-ը կփոխարինվի «Հրազդան-Ցեմենտ» բառով: Համայնքի հատկացում չի կատարի «Հրազդանի ՋԷԿ»-ը:
Նշենք, որ այն ընկերությունները, որոնց անունը չկա «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում, սակայն իրենց գործունեության նախատեսված է բնապահպանական վճար, ապա այդ ընկերությունների բնապահպանական վճարներն ուղղվում են պետական բյուջե, ոչ ազդակիր համայնքներին:
Օրինագծում ընդգրկված ընկերություններից առանձնացնենք հանքարդյունաբերական ընկերությունները`
- «Թեղուտ» ՓԲԸ-ն շահագործում է Լոռու մարզում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի ազդեցության տակ են մասնավորապես Շնող եւ Թեղուտ համայնքները
- «Սագամար» ընկերությունը շահագործում է Լոռու մարզում գտնվող Արմանիսի ոսկու հանքավայրը, որի ազդեցության տակ է Ստեփանավան քաղաքը
- «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզում գտնվող Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որի ազդեցության տակ է մասնավորապես Կապան քաղաքին
- «Գեոթիմ» ընկերությունը պատրաստվում է շահագործել Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը, որի ազդեցության տակ են Ջերմուկ առողջարանը, Գնդեվազ, Գորայք, Սարավան համայնքները
- «Մեգո-Գոլդ» ընկերությունը մտադիր է շահագործել Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրը, որի ազդեցության տակ են մասնավորապես Մելիք, Ռյա-Թազա և Միրաք համայնքները
- «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը շահագործում է Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքը, որի ազդեցության տակ է Մեղրաձոր համայնքը
- «Ատ-Մետալս» ընկերությունը կանգնեցրել է Սյունիքի մարզի Տաշտունի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը: Հանքավայրի ազդեցության տակ է մասնավորապես Տաշտուն համայնքը
- «Լեռ Էքս» ընկերությանն է պատկանում Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման իրավունքը, հանքավայրի ազդեցության տակ է մասնավորապես Նոր Աստղաբերդ համայնքը
- «Բակտեկ Էկո» ընկերությունը պատրաստվում է շահագործել Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրը, որի ազդեցության տակ է Արջուտ համայնքը:
Օրենքի նախագծի բնապահպանական հիմնավորման մեջ նշվում է. «Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետևանքներ կարող են առաջանալ՝ հաշվի առնելով, որ բնապահպանական առումով դրական արդյունքներ ստանալու նպատակով անհրաժեշտ է բնապահպանական միջոցառումների իրականացում, ինչը բավարար չափով հնարավոր չէ ապահովել համայքային բյուջեների սղության և ներկայումս մասհանվող գումարների ոչ բավարար լինելու պատճառով»:
Ստորեւ ներկայացնում ենք, թե օրինագծում ընդգրկված կազմակերպությունները 2014թ. ընթացքում բնապահպանական և բնօգտագործման վճարների մասով ՀՀ պետական բյուջե փաստացի որքան մուտք են կատարել:
![]() |
Օգոստոս 20, 2015 at 18:46

