

ԷկոԼուր
«Թաթսթոուն» ՍՊԸ-ն ցանկանում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ ընդգրկված «Արեւիկ» ազգային պարկի տարածքում: «Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի թևերի և խորը հորիզոնների տարածքը, որտեղ նախատեսվում է իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքները, մասամբ համընկնում է «Արևիկ ազգային պարկի տարածքի հետ»,- գրված է Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման նախնական գնահատման հայտում, որի հանրային լսումները տեղի կունենան սույն թվականի սեպտեմբերի 11-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղապետարանում:
Հիշեցնենք, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն պատրաստվում է շահագործել Սյունիքի մարզում գտնվող Լիճքի պղնձի հանքավայրը, որը «Արեւիկե ազգային պարկից հեռու է մոտ 1 կմ: Հանքավայրի շահագործման նախագիծը այժմ բնապահպանական փորձաքննություն է անցնում:
«Թաթսթոուն»-ի կողմից Թղկուտի տեղամասում ծրագրվող երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հարավային մասում' Մեղրի գետի երկու ափերին, 1000-1600մ բացարձակ բարձրությունների վրա, Մեղրի քաղաքի շրջակայքում և վերջինիս հետ կապված է 12կմ երկարություն ունեցող ավտոճանապարհով: Թղկուտի տեղամասը զբազեցնում շուրջ 260.3հա տարածք: Հանքավայրին ամենամոտ տեղակայված բնակավայրը Վարդանիձոր համայնքն է, որը միավորում է Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր գյուղերը:
Տարածաշրջանի հիմնական ջրագրական միավորն է Արաքս գետը իր բազմաթիվ վտակներով` Մեղրի, Տաշտուն, Մալև, Շվանիձոր:
Այգեձորի հանքավայրի տարածքի բուսածածկը ներկայացված է հաճարենու, կաղնու, բոխու, վաղանցուկի և գիհու անտառներով: Շրջանի ֆլորան իր մեջ ներառում է 1670 տեսակի երակային բույսեր:
Մեղրու տարածաշրջանում հանդիպում են ցամաքային փափկամարմինների 42 տեսակ, մորեխների 55, ծղրիդների 18, որթանների 21, դենդրոֆիլ հավասարաթևերի 50, դենդրոֆիլ 15, կիսակարծրաթևերի 5, գնայուկ բզեզների 82, ընդակերների 32, փղիկների 134, ցերեկային թիթեռների 110, բվիկների 116, միջյունների 45 աեսակներ: Տարածաշրջանում հայտնի են լճագորտը, կանաչ դոդոշը, ագամաներ, լորտուներ, իժեր: Թռչնաֆաունայի բնորոշ ներկայացուցիչներից են մոխրագույն կաքավը, սովորական կկուն, սովորական այծկիթը, հոպոպը, սիտեղը, շահրիկը: Կաթնասուններից հանդիպում են սպիտակափոր ոզնին, կովկասյան սպիտակատամը, գորշուկը, շնագայլը, փոքր անտառային մուկը, սովորական դաշտամուկը: Հայտում նշվում է, թե ծառահատումներ չեն իրականացվելու, իսկ թե ինչ ազդեցություն է կրելու տեղի հարուստ կենդանական աշխարհը, չի նշվում:
Նախագծային տարածքում հետախուզումն իրականացվելու է հետևյալ
մեթոդներով.
- հետախուզաառուների և խրամների անցում` 5000մ3
- հետախուզահորերի անցում` 100մ
- հորատման աշխատանքներ` 4200գ.մ
- նմուշարկում` հանուկային, ակոսային, քերվածքային, համախառն եղանակներով
- լաբորատոր ուսումնասիրություններ
- երկրաֆիզիկական ուսումնասիրություններ
- ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ
- ճանապարհների կառուցում:
Աշխատանքներն իրականացվելու են 2015-2017թթ.:
Օգոստոս 24, 2015 at 17:59
