«ԷԼՎԻ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՓԲԸ-ն պատրաստվում է ոսկի որոնել «Արեւիկ» ազգային պարկի հարեւանությամբ

«ԷԼՎԻ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՓԲԸ-ն պատրաստվում է ոսկի որոնել «Արեւիկ» ազգային պարկի հարեւանությամբ

ԷկոԼուր

«ԷԼՎԻ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՓԲԸ-ն պատրաստվում է ոսկի, արծաթ եւ պղինձ որոնել ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի տարածքում: 2015թ. օգոստոսի 25-ին նախատեսված են  Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի գյուղապետարանում:

Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեղրի գետի միջին հոսանքի աջ ափում, Վարդանաձոր գյուղից 4կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հանքավայրը տեղադրված է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան հատվածի 1200-1700մ բացարձակ բարձրությունների վրա:

Հայտում նշվում է, որ  Մեղրու տարածաշրջանում են գտնվում  «Արևիկ» ազգային պարկը և Բողաքար արգելոցը (արգելոցը գտնվում է ազգային պարկի տարածքում): Սակայն չի նշվում, թե երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքը որքան է հեռու բնության հատուկ պահպանվող տարածքներից: Միայն նշվում է, որ հետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ արգելվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում ցանկացած գործունեություն:

ՈՒսումնասիրվող տարածքի մոտակա բնակելի վայրերը Մեղրիի համայնքն է, Վարդանաձոր համայնքը` Թղկուտ գյուղով և Այգեձոր ավանով, Վահրավար, Լեհվազ և Լիճք համայնքները: Նշված գյուղական համայնքների հեռավորությունը Լիճքվազ-Թեյի հանքից հետևյալն է` գ.Լեհվազ - 7 կմ, ք. Մեղրի – 12 կմ, գ.Վարդանաձոր - 4 կմ, գ.Վահրավար – 7.5 կմ, գ.Թխկուտ – 2.5 կմ, գ.Այգեձոր – 3.5 կմ, գ.Լիճք – 7.0 կմ:

Շրջանի հիմնական ջրահոսքն է Մեղրիգետը` իր Վարդանաձոր վտակով:

Ըստ հայտի` դաշտային աշխատանքների իրականացման վայրը ներկայացված է շատ նոսր բուսականությամբ արոտավայր: Երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես օգտագործումից դուրս եկած հողերի ընդհանուր մակերեսը կկազմի` մոտ 3.93հա: Հողօգտագործման համար վնասի փոխհատուցման գումարը համայնքներին կկազմի 9825.0հազ.դրամ:

Նախատեսվում է հորատել մինչև 390 մ խորությամբ 68 հորատանցքեր` ընդհանուր 15213 գծ.մ. երկարությամբ: Իրականացվելու է հորատհանուկի 5000 նմուշարկում և բեկորային՝ 3000: Լաբորատոր բոլոր ուսումնասիրությունները կկատարվեն Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքի SGS լաբորատորիայում: Ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակ նորոգվելու է 6 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհ` 21000 մ2: Կառուցվելու է 2.3 կմ երկարությամբ նոր ճանապարհ ՝ 8050 մ2:  Ճանապարհների և հորատման հարթակների կառուցման ժամանակ խախտվելու են ինչպես արդեն խախտված հողային տարածքներ, այնպես էլ նոր տարածքներ:

Թե տարվող աշխատանքները ինչ ազդեցություն կունենան տեղի օդավազանի, ջրավազանի, տեղի համայնքների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա, հայտում չի նշվում:

Օգոստոս 25, 2015 at 15:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր