

ԷկոԼուր
Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ Լոռու մարզում 18 տոկոսով ավելացել է տուրիստների քանակը, ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և նշեց, որ տուրիզմը մարզի տնտեսության զարգացման կարևոր ճյուղերից մեկն է:
«Մեր մարզում տուրիզմն արագ տեմպերով զարգանում է: Վերջին երկու տարիների ընթացքում տուրիստների քանակն ավելացել է 18 տոկոսով: Այս առումով մենք համագործակցում ենք տարբեր միջազգային կառույցների հետ: Արդեն իսկ Ստեփանավանում և Ալավերդիում ունենք բացված տուրիստական գրասենյակներ, որոնք համագործակցում են Հանրապետության բոլոր տուրիստական կառույցների հետ», - ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նշենք, որ Լոռու մարզում միաժամանակ զարկ է տրվում նաև հանքարդյունաբերության զարգացմանը: Լոռու մարզում շահագործման լիցենզիա է տրված Թեղուտի պղնձամոլիբդենային, Շամլուղի պղնձի, Մղարթի ոսկի- բազմամետաղային, Արմանիսի ոսկու, Քարաբերդի ոսկու, Արջուտի ոսկու հանքավայրերի համար: Գործում են Ախթալայի, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատները, Ալավերդու պղնձաձուլարանը: Ցիանական եղանակով պատրաստվում են կորզել Արջուտի ոսկու հանքավայրը: Արթուր Նալբանդյանը նշում է, որ հանքարդյունաբերությունը չի խոչընդոտի մարզում տուրիզմի զարգացմանը, ավելին, այն կարող է դառնալ տուրիզմի նոր ճյուղ:
«Եթե ուշադիր նայեք եվրոպական զարգացած երկրներին, ապա կտեսնեք, որ այնտեղ կան շատ արդյունաբերական կենտրոններ, որտեղ զուգահեռ զարգանում է նաև տուրիզմը: Նույնիսկ «արդյունաբերական տուրիզմ» հասկացություն կա: Շահագործվող հանքերը և պոչամբարները տուրիստների համար դարձել են հետաքրքիր վայրեր, բայց, իհարկե, ռեկուլտիվացիայի ենթարկելուց հետո: Այնպես որ, մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք», - ասաց Լոռու մարզպետը:
Չնայած նրան, որ ինքը՝ մարզպետը, տեղյակ չէր մարզում` Արջուտում, ցիանային ֆաբրիկայի կառուցման մասին, այնուամենայնիվ, այդ հարցում նա բավականին լավատես է. «Արջուտի ցիանային ֆաբրիկայի մասին ես չգիտեմ, համենայն դեպս հակված եմ այն դիրքորոշումներին, որոնք տրվել են նախարարությունների կողմից: Եթե բնապահպանության նախարարությունը տվել է դրական եզրակացություն, վստահ եմ, որ հետևողական կլինեն մեզ հետ միասին, որպեսզի բնապահպանական նորմերն այդ հատվածում պահվեն»:
Իսկ Թեղուտի հանքավայրի վերաբերյալ Արթուր Նալբանդյանը գոհունակությամբ նշեց. «Թեղուտն արդարացնում է իրեն: Ինքն այն եզակի հսկա կառույցներից է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ բնապահպանական ծրագրերն իրականացվել են միջազգային նորմերին համապատասխան»:
Հարցին, եթե մարզում փորձեն նոր հանքեր բացել, որոնք կխոչընդոտեն տուրիզմի զարգացմանը, ինչպիսին կլինի մարզպետի դիրքորոշումը, Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Եթե բնապահպանական որևէ խնդիր չառաջացնեն մեր մարզի համար, տա Աստված, որ մենք ընդերքով շատ հարուստ հնարավորություններ ունենանք»:
Նոյեմբեր 23, 2015 at 15:45
