Ահազանգ. Քաջարանի հանքավայրի խոռոչում կուտակված ջրերը մտադիր են ուղղել Ողջի գետ

Ահազանգ. Քաջարանի հանքավայրի խոռոչում կուտակված ջրերը մտադիր են ուղղել Ողջի գետ

ԷկոԼուր

Քաջարանի հանքավայրի խոռոչում անձրևներից, ձնհալից կուտակված ջրերը մտադիր են ջրատար-թունելով ուղղել Ողջի գետ, ԷկոԼուրին ահազանգեց Հայաստանի կանաչների միության նախագահ, քիմիկոս Հակոբ Սանասարյանը:

Ըստ Հակոբ Սանասարյանի՝ ջրատար-թունելի կառուցումը սկսել են գետի կողմից: «Հանքային խոռոչի ջուրը վերցնել ու լցնել գետը նշանակում է, որ դուք գետ եք լցնում ծանր մետաղներով վարակված ջուր: Դրա համար պետք է լինի նախագիծ և այն պետք է անցնի փորձաքննության տարբեր մակարդակներով, վերջում էլ էկոլոգիական փորձաքննություն, որից հետո նոր պարզ կլիներ՝ կարելի է դա անել, թե՝ ոչ: Ես փնտրեցի և որևէ տեղ չտեսա նման նախագիծ», - ասաց Հակոբ Սանասարյանը:

Հանքավայրի խոռոչում կուտակված ջրերում պարունակվում են բոլոր այն ծանր մետաղների աղերը, որոնք առկա են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքաքարի մեջ: Պղինձ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, բիսմուտ, ռենիում, սելեն, տելլուր, վանադիում եւ այլն: Այս մետաղներն ու միացությունները բնորոշ են Քաջարանի հանքաքարին: Ըստ Հակոբ Սանասարյանի՝ այս կազմը չի բացառում նաեւ ուրանի միացությունների առկայությունը:

Մայիս 18, 2016 at 19:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր