«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքում

«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքում

ԷկոԼուր

«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում: Սույն թվականի մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, Սյունիքի մարզի Գեղիի գյուղապետարանում, տեղի կունենան «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները:

Լսումների ընթացքում քննարկվելու է միայն հանքավայրի շահագործման նախագիծը: Սակայն Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի կազմում նախատեսվում է  նաեւ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի կառուցում, որոնց համար եւս պետք է կազմվեն նախագծեր:

Պաշարներ

Ըստ նախագծի՝ Ոսկեձորի ոսկի-բազմամետա­ղային հանքավայրի հաշվեկշռային պաշարները C1 + C2 կարգերով 23316.047հազար տոննա է,  հաշվեկշռային պաշարները C2 կարգով` 917.236 հազար տոննա: Հանքավայրը շահագործվելու է 2 բացհանքերի եղանակով: N1 բացահաքնի  պաշարներն են` 15686229 տոննա հանքաքար, 18032.78 կգ ոսկի, 219.453 տոննա արծաթ, 16170.58 տոննա պղինձ, 78627.89 տոննա ցինկ: N2 բացահանքի պաշարներն են` 7683304 տոննա հանքաքար, 7062.47 կգ ոսկի, 106.397 տոննա արծաթ, 5538.93 տոննա պղինձ, 54258.75 տոննա ցինկ: Բացահանքի տարեկան արտադրողականությունը  լինելու է 1 միլիոն տոննա ապրանքային հանքաքար:  Հանքավայրերը շահագործվելու են 29.4 տարի: Երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը հանքավայրի տարածքում կազմում է 8-9 բալ:

Ազդակիր համայնքներ 

Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքարդյունաբերական համալիրը նախատեսվում է գործարկել Սյունիքի մարզի սահմանամերձ Գեղի եւ Լոր համայնքների վարչական տարածքում: Հանքարդյունաբերական համալիրի համար հայցվող հողատարածքի մակերեսը 280,8 հեկտար է: Միայն բացհանքերը եւ լցակույտային տարածքները զբաղեցնելու են 260.1 հեկտար տարածք՝ N1բացահանք՝  60հա, N2բացահանքը՝  68հա, հյուսիսային լցակույտ՝ 14.9հա, հարավային լցակույտ՝ 117.2հա: Հանքարդյունաբերական համալիրի  համար օգտագործվելու է Լոր ազդակիր համայնքից 46 հեկտար, իսկ մնացածը ազդակիր Գեղի համայնքից: Հայցվող հողերը գյուղատնտեսական  նշանակության են, հիմնականում՝ արոտավայրեր: Մյուս ազդակիր համայնքը Նոր Աստղաբերդն է:  

Արոտավայրերի եւ մթնոլորտային օդի աղտոտվածությունը

Նախագծում նշվում է, որ հանքարդյունաբերական համալիրի կառուցումը չի կարող բացասական հետևանքներ ունենալ անասուններին դեպի արոտավայրեր տեղափոխելու խնդրում:  Սակայն նախագծում չի գնահատվել հանքարդյունաբերության արդյունքում ծանր մետաղներով հագեցած փոշով արոտավայրերի աղտոտման ռիսկը: Միայն բացհանքերից, հանքաքարի բեռնաթափման հարթակից, ջարդիչ տեղամասից անօրգանական փոշու արտանետումները հաշվարկվել է  տարեկան 649.97 տոննա: Իսկ մթնոլորտ արտանետված ընդհանուր նյութերի արդյունքում հաշվարկված տնտեսական վնասը հաշվարկվել է 81.79 մլն.դրամ:

Ջուր

Տարածքի հիմնական գետերն են Ողջին և նրա Գեղի վտակը:

Բացահանքում  տեխնիկական ջուր նախատեսվում է վերցնել Գեղի գետից, խմելու ջուրը՝ Գեղի գյուղից: Գեղի գետից արտադրական նպատակներով տարեկան վերցվելու է 45287.9  մ3 տեխնիկական ջուր, իսկ ընդհանուր հանքարդյունահանման համալիրի ջրապահանջը՝ տեխնիկական եւ խմելու ջուրը ներառյալ, հաշվարկվել է 180188.1 մ3/տարի:

Նշենք, որ Գեղի գետից ջրառ է իրականացնում նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Նախագծում նշված չեն  Գեղի գետի հիդրոլոգիական տվյալները եւ ռիսկերը, թե ինչ ազդցություն կունենա հանքարդյունաբերությունը այդ ջրային ռեսուրսի վրա թե ծանր մետաղներով աղտոտման, եւ թե ջրառի իրականացման առումով:  

Հող եւ ռեկուլտիվացիա

Հողերի ընդհանուր մակերեսը, որոնք հանքավայրի շահագործման արդյունքում կենթարկվեն տարբեր աստիճանի ազդեցության, կազմում է 310.3 հա: Հիմնական ազդեցությունը կրելու են հանքի, ֆաբրիկայի, ճանապարհների և պոչամբարի տեղամասերը և արտաքին լցակույտերի տարածքները: Վերականգնման (ռեկուլտիվացման) ենթակա հողերի մակերեսը կկազմի 95.7 հա, որի ծախսը հաշվարկվել է 77 737 000դրամ:

Բացհանքերի ռեկուլտիվացիա չի նախատեսվում: Դա նախագծում բացատրվում այսպես. «Հնարավոր է նրա պաշարների լրացուցիչ հետազոտությունը և նրա հետագա շահագործումը»:

Բուսականություն 

Ըստ նախագծի՝ բացհանքի տարածքում բուսածածկը շատ հազվադեպ է, առանձին տեղամասերում տարածված են մերձալպյան մարգագետինները՝ հացազգիների գերիշխմամբ:

Հարստացուցիչ  ֆաբրիկայի  (1.9 հա) և պոչամբարի տեղամասերը (18 հա) գտնվում են Քիրս գետի  առափնյա արևելյան լանջին և գետի ձորակում:

Պոչամբարի  ավազանում՝ Քիրս գետի հովտում պահպանվում է տանձենու երկու կուլտուրական սորտի  ծառ: Գետահովտում կան մինչև 5 մետր բարձրությամբ և 10-15 սմ բնի տրամագծով 48 ուռենիներ և 23 կաղնիներ: Բոլոր ծառերի  արմատից աճում են 3-4, երբեմն էլ ավելի քանակով ծառաբներ: Պոչամբարի համար նախատեսվող ձորի հյուսիս-արևմտյան լանջը, առանձին կղզյակներով,  ծածկված է վրացական կաղնու գերակշռությամբ անտառներով, որտեղ երբեմն պատահում է թխկենին: Անտառային կղզյակները իրար են կապված թփուտներով (սալորենի, մասրենի, ուռենի, գիհի): Գետահովիտի բուսածածկում գերակշռում են հացազգիները, որոնք առաջացրել են համատարած ճմակալում: Հանդիպում է շրեշը, պապլորը, եղեգնը:

Հանքարդյունաբերական համալիրի գլխավոր պլանով հարստացուցիչ ֆաբրիկայի համար նախատեսված տարածքում կա 15 կաղնու ծառեր, որոնց բնի հաստությունը մինչև 10 սմ է, սաղարթի բարձրությունը մինչև 5 մ: Ըստ նախագծի՝ հետազոտված տարածքներում չեն հայտնաբերվել ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ:

Բնության հատուկ պահպանվող տարածք

Հանքարդյունահանման համալիրին ամենամոտ գտնվող հատուկ պահպանվող տարածքներից է Զանգեզուր արգելավայրը, որտեղ հիմնական պահպանվող տեսակը հայկական մուֆլոնն է:

Ըստ նախագծի՝ հանքարդյունաբերական համալիրի տարածքում ՀՀ  կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, ինչպես և կենդանիների ցամաքային միգրացիոն ուղիներ և գոտիներ չեն հայտնաբերվել:

Լուսանկարը վերցվել է www.geghigold.am կայքից

Մայիս 26, 2016 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր