

ԷկոԼուր
ԷկոԼուրը ներկայացնում է Արձանագրություն՝ սույն թվականի հուլիսի 8-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինտի ճաշարանում տեղի ունեցած հանրային քննարկումների վերաբերյալ: Քննարկումների առարկան՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխությունն էր (ներառյալ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում)»:
Լսումների բացումն արեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյան.
- Ձեռնարկողը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2016թ հունվարի 12-ին տրամադրված տեխնիկական առաջադրանքի հիման վրա իրականացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև սոցիալական ազդեցության գնահատում, կազմել համապատասխան հաշվետվություններ և ներկայացրել հանրային քննարկման: Հանրային քննարկման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2016թ-ի հունիսի 28-ի համարում, միաժամանակ փակցվել ազդակիր համայնքների ղեկավարների նստավայրերի և հանրային նշանակության շենքերի հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակների վրա, տեղադրվել պաշտոնական էլեկտրոնային կայքերում: Նախատեսվող գործունեության վերաբերյալ փաստաթղթերը սահմանված կարգով և ժամկետներում ծանոթացման համար հասանելի են դարձել հանրությանը: Սակայն մի փոքր հավելեմ, որ տեխնիկական պատճառներով նշված նյութի էլեկտրոնային տարբերակը, ծավալներով պայմանավորված, հասանելի չէին, թեև մեզ դիմած ՀԿ-ների և քաղաքացիների համար մենք կարողացել ենք այդ նյութը ամբողջ ծավալով տրամադրել: Նշենք, որ սա երրորդ հանրային քննարկումն է, որի նպատակն է հանրությանը ներկայացնել նախատեսվող գործունեության, շրջակա միջավայրի վրա ազդեցության և սոցիալական ազդեցության գնահատման արդյունքները, լսել համապատասխան առաջարկություններ, դրանց հիման վրա վերամշակման հաշվետվությունները կազմել, որոնք հետագայում կներկայացվեն փորձաքննության: Նախատեսվող գործունեության անվանումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում): Ազդակիր համայնքներն են՝ Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքային, ինչպես նաև Քաջարան, Լեռնաձոր, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան և Չափնի գյուղական համայնքները: Հանրային քննարկմանը հրավիրված են ազդակիր բոլոր համայնքների ներկայացուցիչները, ձեռնարկող կազմակերպության ներկայացուցիչները, նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացրած կազմակերպության՝ «Ակունք ֆիրմա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները:
Նախագիծը ներկայացրեց «Ակունք ֆիրմա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հովիկ Նիկողոսյանը.
-Սովետական Միության ժամանակ նախատեսվում էր Քաջարանի հանքարդյունաբերության հզորությունների ավելացումը մոտ 20-22 միլիոինով: Սակայն երբ Սովետական Միությունը փլուզվեց, այդ ծրագիրը չիրականացավ: Ներկա ժամանակներսր տեղի ունեցած շուկայական պահանջների հիման վրա, պղնձի գնի անկման հիման վրա ձեռնարկությունը որոշեց անցնել 22 միլիոն տոննա արտադրողականության, հանքաքարի արդյունահանման: Նայում էի երկու տարբերակներ, նայում էի՝ հանքարդյունահանումն իրականացնել երկու բաց հանքով և իրականցանել մեկ բաց հանքով: Պաշարները հաստատվել էին 2005թ-ին, դրանք կազմում էին 2 միլիարդ 244 միլիոն տոննա, և նախատեսվում էր որ 587 միլիոն պետք է արդյունահանվեն: Սա թույլ կտա Քաջարանի կոմբինատին 25 տարի ևս աշխատել:
Երբ որ մենք նայեցինք երկու տարբերակները, բնապահպանական տեսակետից տեսանք, որ մենք երկու բաց հանք ունենալով խախտում ենք և տարածքներ, խախտում ենք կենդանական և բուսական աշխարհը: Կոմբինատի ղեկավարության հետ եկանք այն համաձայնության, թեկուզ տետեսապես որոշ չափի տուժենք, բայց փորձենք աշխատել մեկ բաց հանքով, ընդ որում բացհանքի կոնտուրները առանց թարմացնելու: Այսինքն՝ հասնել 22 միլիոն տոննա արտադրողականության՝ խորանալով բաց հանքում: Այս դեպքում պետք է լրացուցիչ կառուցվեին ճանապարհներ՝ մոտ 5-6 կիլոմետր երկարությամբ և 25 մետր լայնությամբ, և 2,5 կիլոմետր երկարությամբ և 13 մետր լայնությամբ: Մյուս որոշումը, որ մենք ընդունեցինք, բնապահպանական տեսակետից ավելի արդյունավետ է, դա լրացուցիչ լցակույտեր չստեղծել: Այդ առումով մենք որոշեցինք օգտագործել արդեն եղած լցակույտերը` ավելացնելով դրանց ծավալները: Դա վերաբերում է Դավազամի լցակույտին, Սախքար մեկ և երկու լցակույտերին:
Մյուս հարցը հարստացուցիչ ֆաբրիկան է, որն արդեն իսկ 12.5 միլիոն հզորության հասնելու դեպքում վերազինվել է, տեղադրվել են նոր մեծ ծավալի ֆոտոմեքենաներ:… Ֆաբրիկայի հզորությունն ապահովում է 22 միլիոն տոննա տարեկան հանքաքարի վերամշակում: Այստեղ արվեց մի նորություն, փոշու արտանետումների կրճատման ուղղությամբ կատարվեց հետևյալը. եթե առաջ հանքաքարը ամբողջությամբ գնում էր, խոշոր ջարդման, միջին ջարդման և մանր ջարդման, այս դեպքում տեղադրվեցին ինքնաաղացներ և մեկ նոր՝ 12 մետրանոց ինքնաղաց, որոնք թույլ տվեցին միայն մի ջարդման փուլով ստանալ հանքաքար, որը կարելի է աղալ: Ինչը թույլ տվեց 56 տոկոս հանքաքարն ուղղել ինքնաաղացման ջաղացներ, այսինքն՝ մշակել թաց եղանակով և միայն 46 տոկոսն ուղղել միջին և մանր ջարդման արտադրամասեր: Այսպիսով մենք մինչ այդ ֆաբրիկայից տեղի ունեցող փոշու արտանետումները կրճատեցինք մոտ 56 տոկոսով:
Մյուս հարցը, որ կար այս դեպքում, ջրերի օգտագործման հարցն էր: Այսինքն, մեզ տարեկան մոտ 56 միլիոն խորանարդ մետր ջուր էր պետք: Եթե մենք անգամ հաշվեինք անհավասարության գործակիցը և վերցներինք առավելագույն ծախսերը, կարող էինք հասնել մինչև 68 միլիոն խորանարդ մետրի: Բայց այսօր մենք 56.7 միլիոն խորանարդ մետր ջուր ենք վերցնում: Ջրերը վերցնում ենք Սակքար գետից, իր Միական վտակից: Դա բացհանքի տարածքն է: Բացհանքի տարածքից ջրերի արտահոսք չունենք մենք: Մենք այնտեղ ունենք կենցաղային կեղտաջրերի կուտակման համար սեպտիկ հոր, որը մաքրելուց հետո տեղափոխվում է Քաջարանի մաքրման կայան:
Մենք ջուր վերցնում ենք Ողջի գետից և Գեղի գետից` ոչ ոռոգման սեզոնին, այսինքն օգոստոսից մինչև մայիս: Ջրերի արտահոսքը Նորաշենիկ գետ կազմում է 49 միլիոն խորանարդ մետր … 6 միլիոն խորանարդ մետր ջուր կորում է խտանյութերի, խոնավ պոչերի հետ, այսինքն մոտ 5 միլիոն 6 հարյուր հազար ջուրը կորցնում ենք, իսկ 49 միլիոնը թափվում է Նորաշենիկ գետը:
Հիմնականը սա է, որ մենք փորձել ենք անել: Ինչ վերաբերվում է օդի աղտոտմանը, ապա կարող եմ ասել, որ Քաջարանի տարածքում փոշիների գումարային արտանետումները կազմում են 0.3 ՍԹԿ և գտնվում են նորմաների սահմաններում:
Բաբկեն Հարությունյան, «Սիվիլվոյս» ՀԿ.
- Ծավալների մեծացումն ի՞նչ ազդեցություն կունենա Ողջի գետի վրա: Վերջին անգամ ե՞րբ եք Ողջի գետի ջրի որակը ստուգել և ի՞նչ արդյունք է եղել:
Հովիկ Նիկողոսյան.
- Լեռնամետալուրգիայի ինստիտուտն ամենամսյա նմուշարկումներ է անում, սա երկրորդ տարին է, Ողջի գետի բոլոր հատվածներում, մինչև Կապան քաղաքը: Եւ անում է պոչամբարի պարզվածքի անալիզ, և անում է Նորաշենիկի ջրերի անալիզը, մինչ պոչամբարի պարզվածքի թափվելը և պարզվածքի թափվելուց հետո: …Քաջարանի կոմբինատը մոնիտորինգ անցկացնում է ամենամսյա ջրերի նմուշների, հողերի նմուշների և այլն:
Հիմնականում պոչամբարի պարզվածքի աղտոտվածությունը վերաբերվում է մոլիբդենի պարունակությանը և սուլֆատներին: Հարցը գնում է մոլիբդենի համար: Այսինքն, մենք բոլոր ուրիշ բաղադրիչներով նորմայի մեջ մտնում ենք: Հարցը վերաբերվում է մոլիբդենին, դրա համար մենք նախագծում նախատեսեցինք տալ կրակատ և նատրիումի սուլֆիդ: Մենք ունենք 36 կմ ճանապարհ մինչև պոչամբարը, և այդ տարածքում խառնման ընթացքում պետք է մոլիբդենը նստացնեինք և հասցնեինք նորմայի: Սա առաջին լուծումն է, որը մենք նախատեսում ենք, կամ արել ենք արդեն, կամ փորձում ենք անել:
Երկրորդ, ավելի ծանր հարցը կոմբինատի` անցնելը շրջանառու ջրի համակարգին: Քանի որ այսօր շատ դժվար է երեքային ձուկեռային անցումներ, 17 թունելներով հետադարձ ջուր անել, կոմբինատը մասամբ կանցնի շրջանառու ջրի համակարգի: Դա նշանակում է, որ տարածքում այստեղ կփորձենք տեղադրել խտացուցիչներ և ջրի որոշ մասը վերադարձնել ֆաբրիկա: Այսինքն, եթե մենք այսօր թափում ենք խյուսը, որի պարունակությունը պինդ մասի 22 տոկոսն է, փորձենք թափել 35-40 տոկոս, և մնացած ջուրը վերադարձնել:
Սրանք այն միջոցառումներն են, որոնք բավականին կթեթեևացնեն ծանրաբեռնվածությունը Նորաշենիկ գետի վրա: Մյուս տարբերակը որ նայվում է, մենք ուզում ենք Նորաշենիկի բեռը թեթևացնելու համար սարքել պարզված ջրի ջրատար և այս պարզվածքը թափել Ողջի գետը ինչի համար, ինչն է տարբերությունը. Ողջի գետի ծախսը մոտ 23 անգամ ավել է Նորաշենիկի գետի ծախսից: Այստեղ նոսրացումը կգնա ավելի արագ և մոտ 500-700 մետրից՝ այսինքն ստուգողական գետահատվածքում, մենք կհասնենք մոլիբդենով նորմայի:
Բաբկեն Հարությունյան, «Սիվիլվոյս» ՀԿ.
-2016թ-ի հունիս ամսին մեր կազմակերպությունը Ողջիի ջրերը տվել է ԳԱԱ-ին անալիզի և ստացել ենք պատասխան, ինչ մտահոգիչ պատկեր կա. պղինձի աղտոտվածությունը աճել է 5 անգամ, ցինկը՝ 6 անգամ… Ես տվյալները ձեզ կփոխանցեմ…:
Հովիկ Նիկողոսյան.
-Ես ուղղակի բոլոր բնապահպաններին մի բան եմ խնդրում՝ մի նմուշարկումով եզրակացություններ չանել, որովհետև կարող է անձրևային եղանակ է եղել, կախված նյութերի քանակը բարձրացել է, կամ կարող է այդ օրը վթարային արտահոսք չի եղել, եղել է, կամ ամառային ժամանակ սակավաջուր էր, և կոնցենտրացիան բարձրացել է: Այսինքն, մեկ նմուշարկումով եզրակացություններ բարձրաձայնել, ես գտնում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ:
Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչ.
- Ասեմ, որ արդեն մեծ հետազոտական աշխատանքեր են սկսել Նարաշենի գետի այն հատվածի համար, որտեղ Արծվանինկի պոչամբարի երրորդ և չորրորդ թունելների ջրերն են լցվում: Պլանավորված է, որ երրորդ, չորրորդ թունելի հոսքաջրերը և չորրորդ ջրային անցման ավազանի ջրերը հավաքվեն: Հետազոտություն ենք անելու, հնարավորինս քիմիական մաքրումից հետո հոսքաջուրը տեղափոխենք Ողջի գետ: Այսինքն, այս նախագծի արդյունքում մենք բացառել ենք Նորաշենիկ գետի վրա ազդեցությունը:
Արթուր Գրիգորյան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ.
-Ես 10 րոպե ուշացա, նախագիծը ներկայացվե՞լ է:
Հովիկ Նիկողոսյան.
- Այո:
Արթուր Գրիգորյան.
- Մի քանի հարցադրում, նախ քանի տարով է նախատեսվում երկարացնել հանքի աշխատանքը:
Հովիկ Նիկողոսյան.
- 2 միլիարդ 244 միլիոն տոննա պաշար է հաստատված, որից մենք 25 տարվա համար հանում ենք 587 միլիոն 446, այսինքն 1 միլիարդ 670 տոննա պաշար մնում է:
Արթուր Գրիգորյան.
- Քանի որ չկար նախագիծը դրված, ես խնդրեցի Կապանի քաղաքապետարանին նախագիծը տեղադրել, բայց, միևնույնն է, հղումները որ դրված էին, չէին բացվում, հնարավոր չէր կարդալ: Երեք նախագիծ կար՝ մեկը ՇՄԱԳ հաշվետվությունն էր, սոցիալական պատասխանատվության վերաբերյալ փաստաթուղթը, նաև կար հանքի փակման ծրագիրը:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյան.
- Քանի որ Դուք մի փոքր ուշացումով եկաք, մինչ այդ բացման խոսքում ես նշեցի, որ, ծավալներով պայմանավորված, այդ ֆայլերը չէին բացվում, բայց մենք բոլոր դիմողներին առաջարկեցինք թղթային տարբերակը տրամադրել Կապանի քաղաքապետարանում յուրաքանչյուրին, ով կցանկանա: Դուք, եթե չեմ սխալվում, գտնվում էիք Երևանում և չէիք կարող մոտենալ և ստանալ այդ փաթեթը, ուստի դա միայն տեխնիկանան խնդիրներով պայմանավորված էր:
Արթուր Գրիգորյան.
- Պետք է խնդրեմ, որ ավելի մանրամասն նախագիծը ներկայացնեն, մասնավորապես հանքի փակումը: Ըստ ժամկետների՝ 25 տարով երկարացվում է, բայց հաստատված պաշարները ավելի շատ են, քան այն, ինչ որ հնարավոր է շահագործել: Պոչերը որտե՞ղ են լցվելու, Արծվանիկի պոչամբարի ծավալների մասին կուզեի ներկայացնեիք և ասեք, ինչ պլաններ կան, արդյո՞ք նոր պոչամբար է լինելու, արդյո՞ք այն վերամշակման ծրագրին տեղյակ եք:
Հովիկ Նիկողոսյան.
- Ինչ վերաբերվում է պոչամբարին, հիմա ընդլայնման նախագիծ է արվում, այն նախկինում էլ 390 միլիոն խմ պոչանքի համար էր նախատեսված, այսօր 90 միլիոն է լցված: Այսինքն նախագիծը արվել է, ներկայացվել է, դեռ բնապահպանական մասը չի արվել: Ինչ վերաբերվում է այդ պոչամբարների մշակմանը, որը Ոսկանյան Մանվելն էր անում, դուք գիտեք, որ ԱԺ-ում այդ օրենքը անցավ, երեք պոչամբարները՝ Փխրուտը, Որջին, Դավազամին հանձնվեց իրեն, հանձնվեց նաև Քաջարանի պոչերի այն մասը, որը հիմա է արտադրվում, բայց քանի որ ֆինանսավորումը ձգձգվում է, իրենք սպասում են ֆինանսավորման, այսինքն, հարցը միայն ֆինանսավորման հետ է կապված:
Արթուր Գրիգորյան.
Այսինքն, կարո՞ղ ենք ֆիքսել, որ այսօրվա դրությամբ արտադրության հետևանքով առաջացող պոչերի, պոչամբարի խնդիրն առկախված է: Խնդիրը լուծված չէ:
Հովիկ Նիկողոսյան.
- Չէ, արդեն պոչամբարի ընդլայնման նախագիծը կա, այսօր այն բավարարում է:
Սկսում են արդեն երկրորդ փուլը՝ բարձրացնել պատնեշի տղմալցման եղանակով, ոնց միշտ արել ենք:
Արթուր Գրիգորյան.
- Մի հարց էլ Լիճքի հանքավայրի հետ կապված: Իրենց նախագծում նշված է, որ հանքաքարը պետք է տեղափոխվի այստեղ և այստեղ մշակվի, քանի որ ծանոթ չեմ փաստաթղթերին, կա՞ այդ հարցով անդրադարձ այս նախագծում:
Հովիկ Նիկողոսյան
- Լիճքն այս նախագծի հետ կապ չունի:
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» ՀԿ
- Կառավարության որոշմամբ ընդունվեց «Հարավային ջրավազանային տարածքի կառավարման 2016-2021թթ. միջոցառումների պլանը»: Փաստաթղթի մի մասը նվիրված է ԶՊՄԿ-ի արտահոսքերին և պոչամբարներին: Գնահատված է նաև մաքրման կայանի գինը` մոտ 80 միլիոն դրամ: Ձեր նախագիծը համապատասխանեցրե”լ եք կառավարության այդ որոշման հետ:
Հովիկ Նիկողոսյան.
- Կոմբինատի համար առանձին արել ենք ջրի կառավարման պլան, որով հաշվի ենք առել բոլոր այն փաստաթղթի տվյալները, որոնք Դուք ներկայացրիք: Դա առանձին կառավարման պլան է 70 էջով, որտեղ ամեն ինչ արած է, և մաքրմանը, և ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Ես այստեղ էքսպերտ եմ եղել: Եթե ձեզ ցանկալի է, Դուք կարող եք դիմել կոմբինատին, վերցնել դա և նայել: Երբ այնտեղ գրված է մաքրման կայանի գինը, առանց նախանական պրոյեկտի, ես զարմանում եմ, որովհետև այսօր Գերմանիան, Ռուսաստանը, Ֆինլանդիան են բաց թողնում կայաններ: Իրենք ինչ գնի ու որ գետի ծախսի համար են վերցրել, դա կոնկրետ չի: Բացի այդ կառավարման պլանից, ամեն ձեռնարկություն անում է իր կառավարման պլանը, բայց որոշ փոփոխություններ կարող են լինել:
Վահե Հակոբյան՝ ԶՊՄԿ-ի վարչական տնօրեն.
- Ձեր նշած փաստաթուղթը դեռևս կառավարության կողմից չի ընդունվել, դա պարզապես ծրագիր է, որը տեղադրել է Բնապահպանության նախարարությունը կառավարության կայքում, ինչը քոփի փասթ եք արել, կոպիտ ասած, և դրել եք Ձեր «էկոլուր» կայքում: Դա պարզապես առաջարկ է եվրոպական կառույցների կողմից բնապահպանության նախարարությանը: Նախարարությունն էլ կախել է: Դա մինչ այսօր նախնական ծրագիր է, այսինքն առաջարկել ինչ-որ բաներ, դեռ վաղ է խոսել դրա մասին:
ԷկոԼուրի նկատառում` «Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին Կառավարության 539 – Ն որոշումը ընդունվել է 2016թ-ի մայիսի 26-ին (https://www.e-gov.am/gov-decrees/item/27274/, https://www.e-gov.am/sessions/archive/2016/05/26/ կետ 3, կետ 4)
Արթուր Գրիգորյան.
- Ես նոր հաշվարկ արեցի, 22 միլիոն տոննան 25 տարով բազմապատկեցի, և ստացվեց 550 միլիոն տոննա:
Հովիկ Նիկողոսյան.
- 587 միլիոն պետք է լինի, 340 օրով պետք է հաշվես: Պոչամբարը տեղավորում են հետևյալ կերպ՝ վերցնում են կիրճը, տեսնում են, թե այդ պոչամբարը ինչքան ծավալ կտանի, սկսում են փուլ-փուլ անել: Անում են առաջին պատնեշը, հետո սկսում են տիղմալցմամբ բարձրանալ, երբ գալիս հասնում են որոշակի քանակի, ստուգում են կայունությունը, թե այդ պատնեշը էլ քանի մետր պետք է բարձրան: Անցնում են երկրորդ փուլի: Հիմա մեր պոչամբարը որ բարձրացնենք, նախագիծն արվել է, կայունությունը ստուգվել է, մնում է սկսեն նույն տղմալցման տեխնոլոգիայով պատնեշը բարձրացնել: Այսինքն այստեղ շինարարություն չեն անում:
Արթուր Գրիգորյան.
- Ես ուզում եմ հասկանալ այս պահին պոչամբարի ծավալը մինչ պատնեշի բարձրացումը ըստ խորանարդ մետրի, ինչքա՞ն է լցվածությունը և ինչքանո՞վ է ավելանալու տարողունակությունը:
Հովիկ Նիկողոսյան.
- Ընդհանուր կիրճը տանում է 390 միլիոն խորանարդ մետր, եթե մենք բարձրանանք երեք փուլով: Մենք դեռ 290 միլիոնի տեղ ունենք:
Արթուր Գրիգորյան.
- Ինձ մոտ ուրիշ թվեր են, երբ խոսում էինք Արծվանիկի, Փխրուտի, Ողջիի պոչամբարների տրամադրման մասին օրենքից, հիմնավորւմների մեջ կար այսպիսի մի թիվ, նշված էր, որ 300 միլիոն խմ է կազմում նախագծային ծավալները, որից լցված է 95տոկոսը, դրա համար էլ նշում էին, որ անհրաժեշտ է այդ գործընթացը սկսել: Ինձ պետք են պաշտոնական թվեր: Այս պահի դրությամն իր ծավալը որքա՞ն է:
Հովիկ Նիկողոսյան.
-Թվերը մակշեյդերներից ուզեք, ես չեմ կարող ասել:
Արթուր Գրիգորյան.
- Մինչև որ նախագծով սահմանված կարգով ընդլայնվի և պատնեշները բարձրացվի, այս պահի դրությամբ իր ծավալը որքա՞ն է և որքա՞ն է լցվելու:
Հովիկ Նիկողոսյան.
- Երբ կլինի պոչամբարի աշխատանքային նախագիծը, կգաք, կնայեք, մենք հիմա ՇՄԱԳ-ն ենք անում: Պոչամբարի երկրորդ փուլը, նախագիծը դեռ պետք է ներկայացվի: Կամ մակշեյդերնեից հարցրեք, ես չեմ կարող այսօր ասել, թե ինչքան է:
Արթուր Գրիգորյան.
-Կա՞ այստեղ պատասխանատու, որ կարող է ասել:
Հովիկ Նիկողոսյան.
- Չէ, եթե ես ՇՄԱԳ-ը արել եմ, ներկայացրել ենք այս տարվա սկզբին, կամ անցյալ տարի, կոմբինատը 6-7 ամիս աշխատում է, պոչամբարը հիմա տեղ ունի լցվելու:
Արթուր Գրիգորյան.
-Օրենքը պահանջում է, որ ընդերքօգտագործման նախագիծ ներկայացնելիս համալիր փորձաքննություն իրականացվի, այսինքն, տվյալները պետք է լինեն համալիր՝ ֆաբրիկա, պոչամբար, հանքավայր: Հիմա ներկայացված է մի փաստափուղթ, որի քննարկման երրորդ փուլն է, և պետք է հասկանանք, թե այս նախագծով, որտեղ է 25 տարի շարունակ լցվելու պոչանքը:
Հովիկ Նիկողոսյան.
– Արծվանիկի պոչամբար պետք է լցվի: Այն թույլ է տալիս, որ լցվի:
Արթուր Գրիգորյան.
-Հիմա ուզում եմ թվերը հասկանալ.
Հովիկ Նիկողոսյան.
-Հենց թիվ ասեցի, ֆիկսելու ես, Արթուր ջան, ես քեզ գիտեմ: Ես էլ կոնկրետ հիմա թիվը որ չգիտեմ, չեմ ուզում քեզ տարբեր թվեր ասել:
Արմեն Փարսադանյան՝ «Կայուն զարգացում» ՀԿ.
- Նախորդ հանրային քննարկմանը ես հարց բարձրացրեցի Արծվանիկի պոչամբարի շահագործման տևողության հետ կապված և տեխնիկական գծով տնօրենը նշեց, որ ներկայիս արտադրողականության ծավալներով շարունակելով հանքը արդյունահանել, այն ի վիճակի է շահագործվել 10-12 տարի: Ինչպե՞ս եք դուք մեկնաբանում նման իրարամերժ հայտարարությունները:
Հովիկ Նիկողոսյան.
- Աշոտ Մարգարյանը սխալ չէ: Մենք հիմա նոր պոչամբարի նախագիծ ենք անում բացի այս եղածից: Այս եղածը մեզ հիմա բավարարում է: Եթե 25 տարի պետք է աշխատի, ինչպես ասել է տեխնիկական տնօրենը, 12 տարի պիտի աշխատի, այդ 12 տարվա մեջ մենք պետք փորձենք հողերն առնենք, հետազոտություններ անենք, նախագիծն էլ արել ենք: Կարևորը՝ մենք լրացուցիչ կիրճ պոչամբարի տակ չենք վերցնում: Բնապահպաններին պետք է դա խնդիր լինի, որ մենք լրացուցիչ տարածքներ չենք խախտում, բուսականությանը չենք կպնում, կենդանական աշխարհին չենք կպնում, գյուղատնտեսական հանդակներին չենք կպնում: Իսկ այդ կիրճն արդեն լցված է:
Արմեն Փարսադանյան.
- Պարբերաբար խոսում են, որ ընկերությունն արտադրողականության ծավալները ընդլայնում է, բայց շրջակա միջավայրի ազդեցության գնահատում իսկապես չի կատարվում: Մենք չենք տեսնում տվյալներ՝ հողի, ջրի, մթնոլորտային օդի վերաբերյալ, համայնքների բնակչության առողջության վերաբերյալ հետազոտություններ: Չէ՞ որ սա պատասխանատու հանքարդյունաբերության մի մասնիկն է, որոնց ընկերությունը պետք է հետևի: Մենք պետք է կշեռքի նժարին դնենք, թե ինչքանով է նպատակահարմար արդյունահանման ծավալներն ընդլայնելը:
Հովիկ Նիկողոսյան.
- Դուք եթե նախագիծը տեսել եք, այնտեղ բուսական աշխարհն էլ է ուսումնասիրված, կենդանականն էլ, հողերի աղտոտվածությունն էլ… Մեր ֆաբրիկայի տարածքում և չղջիկներ, և կրծողներ կան…
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական.
- Գոյություն ունի սոցիալ-տնտեսական գնահատման նախագիծ, հրավիրել ենք մասնագետի, բոլոր գյուղապետարաններում հրավիրել ենք բնակչությանը, կազմել ենք նախագիծ, որի մեջ արտահայտված են բոլոր սոցիալական հարցերը, որոնց մեծ մասին արդեն լուծումը տրված է: Եթե այդ նախագծի հետ ծանոթանաք, բոլոր հարցերի պատասխանը կգտնենք: Կոմբինատի բոլոր ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել դրան, առավել ևս այս ղեկավարությունը դրան ավելի ուշադրություն է դարձրել:
Արծվանիկի համայնքապետ.
- Այնպես է հնչում, որ ուրիշները մեր համայնքի բնակչության համար ավելի են մտահոգ, քան մենք՝ ինքներս: Ես ոչ մի շահ չունեմ կոմբինատի հետ: Ապրիլյան պատերազմի ժամանակ կոմբինատը օգնել է շատ: Ես ոչ մի անգամ սոցիալական հարցով դիմելուց դժգոհ չեմ մնացել:…
Արմեն Փարսադանյան.
- Բնապահպանական կառավարման պլանի մասին կխոսեք մի փոքր:
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ա. Հարությունյան.
- Մինչ այժմ կազմել ենք բնապահպանական կառավարման պլան: Այժմ կատարվում է վերջնական 22 միլիոնին բավարարող համապատասխան, միջազգային չափանիշների բնապահպանական կառավարման պլան: Այժմ ունենք 2 բնապահպանական կառավարման պլան: Մեկը կարող ենք ներկայացնել, իսկ մյուսը ընթացքի մեջ է և դրա վրա աշխատում են համաշխարհային մասնագետներ: Մենք ունենք ամենամսյա ամսագիր, որտեղ դրա մասին հրապարակված է:
Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչ.
- Մեր պլանը հաստատված է, բայց մենք ամեն տարի վերանայում ենք, և այն աշխատում է շարունակական բարելավման սկզբունքով: Ինչպես նշեցինք, իրականացնում ենք կենսաբազմազանության ուսումնասիրություն, որը կազմել է մոտ 40 միլիոն դրամ: Մոտ 30 հազար դոլլար ներդրում ենք արել օդի և ջրի մոնիտորինգի համար, և սարքավորումների ձեռքբերումը դեռևս սկիզբն է: Մտադրություն ունենք ունենալ մեծ լաբորատորիա, որը հնարավորություն կտա մեր չափումները ինքներս անենք վերհասկողության համար: Մոտ 40 միլիոն դրամ ներդրել ենք ջրի որակաքանակական վերահսկողության համար վերջին 1.5 տարվա ընթացքում և մոտ 10 միլիոն դրամ՝ հողի որակաքանակակն վերլուծության համար: Էլի մի շարք նախագծեր ունենք, որոնք կյանքի են կոչվելու, պայմանագրային, քննարկման ընթացքում են: Աշխատանքներ են տարվում իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Վահե Հակոբյան՝ ԶՊՄԿ վարչական տնօրեն.
-Բացի դրանից ասեմ, որ 2016-17թթ. նախատեսված է մոլիբդենի չորացման արտադրամասի լիովին վերազինումը, որը կախված է շատ շոշափելի գումարների հետ, բայց այդ քայլին ևս գնալու ենք:
Արմեն Փարսադանյան.
- Հարցը ինչու տվեցի բնապահպանական կառավարման պլանի վերաբերյալ, որովհետև պարբերաբար վթարներ են տեղի ունենում, կոնկրետ Նորաշենիկ գետի, պոչամբարի պարզվածքների մասին է խոսքը: Բայց այդպես էլ խնդիրը վերջնական լուծում չի ստանում: Պոչամբարի պարզվածքի թույլատրելի սահմանային կոնցենտրացիան բազմակի անգամ գերազանցվել է: Բնապահպանության տեսչությանը բազմաթիվ անգամ ներկայացրել ենք: Դա անզեն աչքով էլ է տեսանելի է:
Վահե Հակոբյան՝ ԶՊՄԿ վարչական տնօրեն.
- Եթե տվյալներ կունենաք, եկեք ներկայացրեք: Սխալ գիտեք, դա անզեն աչքով տեսանելի չի:…
Արմեն Փարսադամյան.
- Վթարների պարբերականությունը կասեցնելու վերաբերյալ ի՞նչ քայլեր կան:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյան.
- Օրենքով սահմանված է, որ եթե կա գերազանցում, ընկերությունը դրա դիմաց ենթարկվում է տույժի: Եթե առաջարկում եք, որ մենք փորձենք ենթադրել, դա տեղի է ունենում վթարների հետևանքով. պարբերականության մասին մոնիտորինգ և համապատասխան տվյալներ չկան, դուք ուզում եք, որ մենք ենթադրությամբ պատասխանենք ենթադրվող հարցի՞ն:
Արթուր Գրիգորյան.
- Խնդիրը կա և պետք է հասկանալ, որ հանրությունը չունի հնարավորություններ, որպեսզի իրականացնի գնահատում և ապացուցի կոնցենտրացիաների ավելացումը: Կ՞ան փաստաթղթեր, մոնիտորինգի արդյունքներ և այլն, որոնք հիմավորում են, որ Եվրոպական դիրեկտիվի շրջանակներում 1-5 կատեգորիաների համատեքստում իրականացվել են չափումներ և հիմնավորվել է, որ տնտեսական ազդեցություն Նորաշենիկ գետի վրա պոչամբարից ներքև ընկած հատվածում չկա:
Հովիկ Նիկողոսյան.
– Ամբողջը գրված է:… Վթարն այն է, որ ձուկեռը պատռվեց և համազարկային արտահոսք տեղի ունեացավ, իսկ դրա համար մենք ունենք վթարային ավազաններ այդ թափվածքները բռնելու համար:…
…
Արմեն Փարսադանյան.
-Խնդրում եմ մի փոքր ներկայացրեք սոցիալական ծրագրերի մասին:
Վահե Հակոբյան՝ ԶՊՄԿ վարչական տնօրեն.
- Ցավոք, 2015թ-ի ընթացքում մենք կրճատել ենք մեր սոցիալական ծրագրերը, կապված գների անկման հետ: Այսօրվա դրությամբ մեր գերխնդիրն է կատարել երկու խնդիր՝ առաջինը՝ մարդկանց հանկարծ չկրճատելն է, եւ երկրորդը՝ հարկերը ժամանակին մուծել բյուջե: Բոլորդ հասկանում եք՝ կոմբինատը ինչ դեր է կատարում ընդհանրապես բյուջեի գոյացման մեջ: Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, մենք պլանավորել ենք, որ 2017 թվականի ընթացքում մեր սոցիալական ծրագրերի մակարդակը նվազագույնը վերադարձնենք, որը որ կատարվել է 2014թ-ին, 7-8 միլիոն դոլլարի ամեն տարի: Դրա մեջ ընդգրկված են և առողջապահական, և ուսուցողական, և բժշկական ծրագրեր: …Մեր մոտ առողջական ապահովագրության մեջ ընդգրկված են նաև ընտանիքի անդամները: Քաջարանում մեր մոտ 10 հազար մարդ է ապահովագրված:… Կախված է այդ ամենը, իհարկե, գների հետ: Մենք պլանավորում ենք, որ 2017-2018թթ.-ից հետո պղնձի գները աճելու է, ինչը բերելու է իր հետևանքապատճառային իրավիճակին:
Արմեն Փարսադանյան.
- Ընկերությունը նախատեսո՞ւմ է թափանցիկ աշխատել սոցիալական ծրագրերի վերաբերյալ:
Վահե Հակոբյան՝ ԶՊՄԿ վարչական տնօրեն.
- Մենք մեր գովազդով չենք զբաղվում: Մենք լուռ ու մունջ անում ենք մեր գործը: Մեր դռները լրագրողները չեն լքում, որ հրապարակեն: Թող ազդակիր 12 համայնքների ներկայացուցիչներն ասեն, որ մեզանից չէ բառ չեն լսել անգամ այս վիճակում: Մեր մոտ ոչ մի թաքնված բան չկա: Ես նաև բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ և դեմ եմ ինքնագովազդին:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյան.
- Մասնակցության համար բոլորիդ շնորհակալություն: Եթե կան հարցեր, մասնավոր կարգով հետո կարող եք դիմել, շնորհակալություն:
Հուլիս 20, 2016 at 15:23




