

ԷկոԼուր
Գեղանուշ, Սյունիք, Գնդեվազ համայնքները բարձրացնում են հանքարդյունաբերության գործունեության ռիսկերի ապահովագրության խնդիրը: ԷկոԼուրի հետ զրույցում խնդիրը մեկնաբանում է «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:
«Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում կա մի գերխնդիր` ապահովագրության բացակայությունը: Հանքարդյունաբերությունն այնպիսի գործունեության տեսակ է, որը վնաս է պատճառում այլոց, և այս ոլորտը պարտադիր պետք է ունենա ապահովագրություն», - նշեց Արթուր Գրիգորյանը:
«Ապահովագրությունն այս ոլորտում շատ կարևոր է, որպեսզի հաշվարկվի գործունեության վնասակարությունը, սոցիալական, բնապահպանական ռիսկայնությունը: Ենթադրենք ընկերությունը սնանկացավ, հետո ի՞նչ է լինելու այդ պոչամբարը, տեղանքը, որը օգտագործվել է հանքարդյունաբերական գործունեության համար, ի՞նչ պետք է լինի դրանց հետ, հենց այդպես պետք է լքվի՞: Ո՞վ պետք է պատասխան տա դրա համար՝ պետությունը, համայնքը, ո՞վ: Հատկապես հենց սրա համար հանքարդյունաբերության ոլորտը պետք է ապահովագրված լինի հնարավոր բոլոր տեսակի տնտեսական, սոցիալական ռիսկերից», - ասաց Արթուր Գրիգորյանը:
Նա որպես օրինակ բերեց Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի Գեղանուշի պոչամբարի հարցը, որի վերաբերյալ Գեղանուշ գյուղի բնակիչները ներկայացրել էին բողոքներ և պահանջել փոխհատուցում «Dundee Precious Metals Kapan» ընկերությունից իրենց բերքի աղտոտման և առողջությանը հասցվող վնասների դիմաց:
«Կոմբինատի սեփականատերը փոխվեց: «Polymetal International»-ը գնեց «Dundee Precious Metals Kapan» ընկերության բաժնետոմսերը, և, կարծես թե, պարտավորությունները ևս պետք է ստանձներ: Իրավական տեսանկյունից այս դեպքում անհեթեթ իրավիճակ է առաջանում, երբ նախորդ հանքարդյունաբերող ընկերությունը հեռանում է՝ թողնելով իր հետևում ահագին մեծ խնդիրներ: Իմ կարծիքով, հանրային սեկտորը պետք է պարտադրի ընկերություններին ստանձնել պարտավորություններ համայնքների նկատմամբ և ապահովագրել նրանց ռիսկերից», - շեշտեց Արթուր Գրիգորյանը:
Օգոստոս 01, 2016 at 15:01
