Հայաստանում քաղաքացիները հայտնվել են անպաշտպան վիճակում հանքարդյունաբերողների առջև. Վահագն Խաչատրյան

Հայաստանում քաղաքացիները հայտնվել են անպաշտպան վիճակում հանքարդյունաբերողների առջև. Վահագն Խաչատրյան

ԷկոԼուր

Հայաստանում քաղաքացիները հայտնվել են անպաշտպան վիճակում հանքարդյունաբերողների առջև, ԷկոԼուրի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

- Պարոն Խաչատրյան, ձեր գնահատմամբ, ի՞նչ հեռանկարներ ունեն մետաղական հանքավայրերի ազդեցության տակ գտնվող համայնքները տնտեսական և սոցիալական առումով, և Դուք ինչպե՞ս եք տեսնում հանքարդյունաբերող ընկերությունների պատասխանատվությունը համայնքների նկատմամբ:

- Տարիներ առաջ համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի բարձր գներ էին սահմանված: Այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչները և ներդրողները համոզված էին, որ մետաղների գները միշտ պետք է բարձր լինեն: Բայց աշխարհում այդ բնագավառում տեղի ունեցան էական փոփոխություններ: Ընկերությունները, որոնք զբաղվում են մետաղական հանքերի արդյունահանմամբ, կանգնեցին լուրջ խնդիրների առջև: Եթե 10 տարի առաջ այն համայնքները, որոնք ընդգրկված են այդ տարածքում, ինչ-որ առումով օգտվում էին՝ աշխատատեղեր, սոցիալական որոշ աջակցություն, հիմա այդ ընկերությունները գտնվում են սնանկացման եզրին: Եվ քանի որ 10-15 տարի առաջ որևիցե օրինական ձևով պահանջներ չէր դրվել այդ ընկերությունների առջև, քաղաքացիները, փաստորեն, հայտնվել են անպաշտպան վիճակում: Նրանք խոցելի են, և եթե նույնիսկ ինչ-որ հարց բարձրացնեն ընկերության առջև, ընկերությունը կարող է ասել՝ ես ձեր առջև որևէ պարտավորություն չունեմ: Հարկերը տալիս եմ, բնօգտագործման վճարները վճարում եմ, վերջ: Գնացեք, ձեր իշխանության ներկայացուցիչներին պահանջներ ներկայացրեք: Իսկ համաշխարհային միտումները մետաղների գների հետ կապված չեն հուշում, որ դրանք էական փոփոխության կենթարկվեն բարձրանալու առումով: Տեխնոլոգիական նորամուծությունները բերում են նրան, որ իրականում պղնձի կամ մոլիբդենի կարիքն այդ աստիճան չկա:

- Դուք ի՞նչ ռիսկեր եք տեսնում այդ առումով Հայաստանում:

- Չի բացառվում, որ այդ հանքերը փակվեն, ինչը շատ ավելի մեծ վնաս կարող է հասցնել, քան աշխատելու դեպքում, քանի որ վնասազերծել արդեն շահագործված հանքերը բավականին ծախսատար է:

- Իսկ շահագործող ընկերությունները դրա համար պատասխանատվություն կրո՞ւմ են:

- Ոչ, որովհետև որևիցե պայմանագրում որևէ պատասխանատվության հարց չկա: Ինչո՞ւ են այդ ընկերությունները եկել Հայաստան: Կապիտալը ձգտում է դեպի այնպիսի երկրներ, որտեղ կյանքի կենսամակարդակը ցածր է, մարդիկ որևէ պահանջ չեն դնում:

- Ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում:

- Մարդիկ պետք է ոտքի կանգնեն և համայնքների ղեկավարների հետ միասին պահանջներ դնեն կառավարության առջև: Ասեն՝ եկեք այս հարցին լուծում տանք. աշխատատեղերը կրճատվում են, սոցիալական, առողջապահական հարցերի լուծման համար ներդրումներ չեն իրականացվում: Ինչի՞ համար են իրենք աշխատում, միայն իրե՞նց: Իսկ ձեզ որպես հարկ վճարում են կոպեկներ…2015 թվականի պետական բյուջեի հաշվետվության համաձայն, ամբողջ բնօգտագործման և բնապահպանական վճարները 32 միլիարդ դրամից իջել են 28 միլիարդ դրամ:  Ես կարծում եմ, որ դա շարունակական միտում կունենա, որովհետև պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների գների անկման հետ: Եվ մի կարևոր հարց ևս. ընկերությունները իրենց ծախսերի մեջ հաշվի չեն առնում ապագայում թափոնների կամ պոչամբարների վերամշակման կամ կոնսերվացման հարցը:

Օգոստոս 02, 2016 at 14:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր