Գեղիի բնակիչներին աշխատանք է պետք, աղտոտվածությունը չի հետաքրքրում. համայնքապետ (Լուսանկարներ)

Գեղիի բնակիչներին աշխատանք է պետք,  աղտոտվածությունը չի հետաքրքրում. համայնքապետ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Գեղի և Նոր Աստղաբերդ համայնքների բնակիչներն աշխատանք ունենալու հույսեր են կապում «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի կողմից իրենց մոտ բացվող Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի հետ: ԷկոԼուրի հետ զրույցում այս մասին ասացին Գեղի և Նոր Աստղաբերդ համայնքների ղեկավարներ՝ Վասիլ Գրիգորյանն ու Սուրիկ Թևանյանը:

Գեղիի համայնքապետ Վասիլ Գրիգորյանը նշեց, որ իրենց մոտ նախկինում գործած «Լեռեքս» ՍՊԸ-ի պղնձամոլիբդենային հանքի փակվելուց հետո բնակիչները կորցրել են աշխատանքը, իսկ իրենք մինչև հիմա էլ չգիտեն, թե հանքն ինչու է փակվել. «Նորմալ աշխատում էր տեխնիկան, ջրի մաքրությունը երևում էր: Բերեցին, խողովակաշար կառուցեցին, և մինչև դա պետք է հասցնեին հիմնական մագիստրալին՝ գործարանը փակվեց: Բնակիչներին աշխատանք է պետք, աղտոտվածությունը չի հետաքրքրում: Նրանք ասում են՝ թող գան, բացեն, աշխատենք. սենց տանջվելով ենք ապրում»,- ասաց Վասիլ Գրիգորյանը:



Նոր Աստղաբերդի համայնքապետ Սուրիկ Թևանյանի խոսքով այսօրվա դրությամբ իրենց մոտ գործած հին հանքի տեխնիկան տեղափոխում են Քաջարան: Նոր հանքի բացման առիթով ասաց. «Այս գործարանը, որ մեզ մոտ ուզում են հիմել, բոլորը սպասում են մի նորության. այն համայնքներում, որտեղ կա արդյունաբերություն, դրանց զարգացման ծրագրերին պետք է ընդառաջեն, ավելի շատ խնդիրների լուծումներ վերցնեն»,- ասաց Սուրիկ Թևանյանը:



«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության համաձայն, հանքարդյունաբերական համալիրի համար հայցվող հողատարածքի մակերեսը 280,8 հեկտար է: Միայն բացհանքերը եւ լցակույտային տարածքները զբաղեցնելու են 260.1 հեկտար տարածք՝ N1բացահանք՝ 60հա, N2բացահանքը՝ 68հա, հյուսիսային լցակույտ՝ 14.9հա, հարավային լցակույտ՝ 117.2հա: Հանքարդյունաբերական համալիրի համար օգտագործվելու է Լոր ազդակիր համայնքից 46 հեկտար, իսկ մնացածը ազդակիր Գեղի համայնքից: Հայցվող հողերը գյուղատնտեսական նշանակության են, հիմնականում՝ արոտավայրեր: Մյուս ազդակիր համայնքը Նոր Աստղաբերդն է:

Բացահանքում տեխնիկական ջուր նախատեսվում է վերցնել Գեղի գետից, խմելու ջուրը՝ Գեղի գյուղից: Գեղի գետից արտադրական նպատակներով տարեկան վերցվելու է 45287.9 մ3 տեխնիկական ջուր, իսկ ընդհանուր հանքարդյունահանման համալիրի ջրապահանջը՝ տեխնիկական եւ խմելու ջուրը ներառյալ, հաշվարկվել է 180188.1 մ3/տարի:


Այս առիթով Վասիլ Գրիգորյանը հայտնեց, որ իր տեղեկություններով գետի ջուրը ֆիլտրացվելու է և պոմպերով հասցվի ֆաբրիկա. «Ջրամբարը հենց դրա համար են լցնում: Այնտեղ պոմպ կա, այն աշխատում է, որ կոմբինատն աշխատի: Իրենք ասում են՝ այդ ջուրը չի գնալու գետ, նորից մտնելու է պոչամբար: Երբ ձուկ բերեցին ու լցրին գետ, ես դրա համար էի հանգիստ, որ ձկան խաթեր չեն աղտոտի գետը: Ու ես նայել եմ, որ ինչքան խմելու ջրի աղբյուր կա, իրենք դրանից հեռու են»,- ասաց Գեղիի համայնքապետը:

Բացհանքերի ռեկուլտիվացիա չի նախատեսվում: Դա նախագծում բացատրվում է այսպես.«Հնարավոր է նրա պաշարների լրացուցիչ հետազոտությունը և նրա հետագա շահագործումը»:

Օգոստոս 17, 2016 at 14:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր