

Նազելի Վարդանյան, ԵԱՀԿ փորձագետ, www.aarhus.am
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխման համար: Նախատեսվում է արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում եւ թույլտվության ժամկետի երկարաձգում: Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, կարելի է եզրակացնել, որ արդյունահանման նախագծի փոփոխությունները կարող են առաջացնել լուրջ բնապահպանական խնդիրներ եւ խախտել ՀՀ օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների նորմեր:
Մասնավորապես. Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ազդեցության գոտում են գտնվում երկու խոշոր քաղաք` Կապանն/Սյունիքի մարզկենտրոնը/ ու Քաջարանը եւ յոթ գյուղական համայնքներ`Քաջարանը, Լեռնաձորը, Սյունիքը, Աճանանն, Արծվանիկը, Սեւաքարը եւ Չափնին: Գյուղական համայնքներում գյուղատնտեսության հիմնական ուղղություններն են անասնապահությունը, բուսաբուծությունը, այգեգործությունը եւ մեղվաբուծությունը: Միայն կարելի է պատկերացնել, թե ի՞նչ որակի գյուղմթերք կարելի է արտադրել հանքավայրի եւ պոչամբարներիհարեւանությամբ: Սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվության մեջ նշված է, որ «Քաջարան համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը չեն մշակվում, իսկ Կապան համայնքում հողերի մշակման ցուցանիշը կազմում է 14.7 տոկոս:» Շատ գյուղական համայնքներում ընդհանրապես գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, քանի որ այդ համայնքների տարածքում են գտնվում պոչամբարները, ինչպես նաեւ ոռոգման համակարգի բացակայության պատճառով: Փաստորեն, հանքարդյունահանման ծավալների ավելացման պատճառով ավելի կվատթարանա համայնքի անդամների սոցիալական վիճակը եւ նրանք կզրկվեն իրենց հիմնական ապրուստի միջոցներից:
Նշված ծրագիրը բացասական ազդեցություն կունենա նաեւ ազդակիր բնակավայրերի մթնոլորտային օդի վրա: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի եւ լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի եւ մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով եւ գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը»: Նշված հոդվածի պահանջը չի պահպանվում ներկա ծավալներով արդյունահանման դեպքում, իսկ ծավալների ավելացման դեպքում մթնոլորտային օդի աղտոտվածությունը կտրուկ կավելանա: Փորձաքննությանը ներկայացված նյութերում բացակայում են մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու միջոցառումները:
2. Քաջարանի հանքավայրի ողջ տարածքը գտնվում է Սյունիքի սեյսմիկ ակտիվ գոտու մեջ, որը պայմանավորված է ակտիվ խզման խախտումներով: Գործող պոչամբարի տեղադրման տարածքը, համաձայն ՇՄԱԳ հաշվետվության, պատկանում է I գոտուն, որի սեյսմիկության քանակական գնահատականը բնութագրվում է սպասվող առավելագույն արագացմամբ` մինչեւ 8 բալ: Հետեւաբար, ցանկացած ժամանակ կարող են երկրաշարժի արդյունքում վնասվել պոչամբարները, կոմբինատը, ունենալով թունավոր եւ ռադիոակտիվ նյութերի արտահոսք, ինչի արդյունքում տարածաշրջանի ողջ բնակչությունը վտանգված կլինի: Նշելով ՇՄԱԳ հաշվետվության մեջ տարածքի սեյսմովտանգավորության մասին` որեւէ միջոցառում չի նախատեսվել դրա վնասակար ազդեցությունը կանխելու կամ մեղմելու վերաբերյալ:
3. Քաջարանի հանքավայրը եւ պոչամբարները գտնվում են Ողջի գետի ավազանում, որը սելավավտանգ է: Սելավային տարափային վարարումները դիտվում են 5-10 տարի մեկ, իսկ աղետային վարարումները` 20-50 տարին մեկ անգամ: Զանգեզուրի կոմբինատի գործող պոչամբարը տեղադրված է Ողջի գետի ձախափնյա Արծվանիկ վտակի կիրճում, ինչի համար գետի հունը փոփոխված է: Պոչամբարի ազդեցության բացառման նպատակով գետի հոսքը ուղղվում է Ողջի գետ ջրահեռացման ջրանցքի միջոցով: Հանքավայրի գործունեության պատճառով աղտոտվում են գետերը եւ ստորգետնյա ջրի ավազանը: Արտադրության ծավալների մեծացման եւ տարածքների ընդլայնման պատճառով վնասակար ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա կավելանա:
ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդ. համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության: Ջրային ռեսուրսի պահպանության հիմնական պահանջներն են՝
2) ջրային ռեսուրսն էկոհամակարգերի եւ բնական լանդշաֆտների բաղկացուցիչ մասն է, եւ դրա պահպանությունը պայմանավորված է տվյալ էկոհամակարգի հավասարակշռությամբ.
3) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության ինչպես օգտագործման, այնպես էլ չօգտագործման դեպքերում.
6) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության աղտոտումից, աղբոտումից, վարակումից եւ հյուծումից.
7) կեղտաջրերի արտահոսքը ջրային ռեսուրս թույլատրվում է միայն սույն օրենսգրքի պահանջների համաձայն՝ արտահոսքի թույլտվության առկայության դեպքում.
8) ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտու տարածքում արգելվում է կատարել որեւէ տեսակի աշխատանք, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
9) ստորերկրյա ջրերի պահպանման գոտիներում սահմանափակվում կամ արգելվում են գործունեության որոշակի տեսակներ (ներառյալ՝ հողերի ոռոգումը կեղտաջրերով)՝ լուծիչներ կամ քիմիկատներ արտադրող, օգտագործող կամ պահող արդյունաբերական կամ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը, տնտեսական գործունեության ընթացքում առաջացողհումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, այլարտադրանքների եւ մթերքների մնացորդների աղբանոցների տեղադրումը.
10) հետախուզական, օգտագործման համար ոչ պիտանի, ճնշումային, ընդհատված օգտագործմամբ հորատանցքերը ենթակա են կոնսերվացման կամ վերացման.
11) արգելվում է ռադիոակտիվ եւ թունավոր թափոնների արտանետումը, արտահոսքը եւ թաղումը ջրային ռեսուրսում, ինչպես նաեւ պայթեցման աշխատանքների իրականացումը միջուկային եւ այլ տիպի տեխնոլոգիաներով, որոնք ընթանում են ռադիոակտիվ եւ թունավոր նյութերի արտանետմամբ:» Այս հոդվածի բոլոր նորմերը խախտվում են:
Համաձայն ներկայացված ՇՄԱԳ-ի կավելանա նաեւ արտադրական ջրօգտագործման ծավալները: Նշված է, որ կօգտագործվի խմելու ջուր`118375մ3/տարեկան, օգտագործվող ջրի կորուստը կկազմի 4442մ3/տարեկան եւ ջրի անվերադարձ օգտագործումը կկազմի 113933մ3/տարեկան: Անհասկանալի է, թե ինչպես են նշել, որ այս քանակությամբ ջրի օգտագործման դեպքում ջրահեռացումը կազմելու է 0 մ3/տարեկան:
ՇՄԱԳ-ում նշված է. «Արտադրական կեղտաջրերի արտահոսք ջրային ռեսուրսներ տեղի չի ունենում:» Այս քանակությամբ ջրի օգտագործումը կվատթարացնի ազդակիր համայնքների բնակիչների, առանց այդ էլ ծանր, ջրի մատակարարման վիճակը: Այսօր արդեն շատ գյուղեր չունեն խմելու եւ ոռոգման ջուր:
4. Չնայած որ տարիներ շարունակ Ընկերությունը հանքարդյունաբերությամբ է զբաղվել, ավելացնելով ծավալներն ու ստանալով խոշոր չափի շահույթ, վնաս է պատճառել ազդակիր համայնքների շրջակա միջավայրին, անխնա օգտագործել է այդ համայնքների բնակչությանը պատկանող բնական ռեսուրսները, սակայն որեւէ փոխհատուցում բնակչությանը, իրենց կենսապայմանների որեւէ բարելավում չի կատարվել կամ որեւէ սոցիալական խնդիր չի լուծվել: Հակառակը, օր-օրի բնակչության սոցիալական վիճակը վատանում է: Ինչպես նշված է սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունում, Սյունիքի մարզի բնակչության 1.8% ծայրահեղ աղքատ է, իսկ 25.2%` աղքատ: Համայնքների շենքերից շատերը կառուցվել են 50-60-ական թվականներին եւ ժամանակի ընթացքում դարձել են օգտագործման համար ոչ պիտանի: Անմխիթար վիճակում են գտնվում եւ հիմնական վերանորոգման կարիք ունեն այնպիսի կենսական դեր ունեցող շենքեր, ինչպիսին են կեղտաջրերի մաքրման կայանի շենքը, Քաջարանի մանկական արվեստի դպրոցը, երեք գրադարանները եւ խմելու ջրի զտման կայանը, համայնքների մշակույթի տները, գրադարանները եւ ժամանցի կենտրոնները: Համայնքներում քայքայված է խմելու ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը, բնակիչները ստիպված դույլերով ջուր են կրում: Միջհամայնքային ավտոճանապարհները վատ վիճակում են եւ վերանորոգման կարիք ունեն: Սեւաքար, Չափնի եւ Քաջարան համայնքներում չկա ոչ մանկապարտեզ, ոչ էլ դպրոց: Այդ համայնքների երեխաները ստիպված հաճախում են հարեւան համայնքների դպրոցներ: Նշված է, որ «որոշ ծրագրեր ֆինանսավորվում են բարեգործության շրջանակներում համայնքի հարուստ ներկայացուցիչների, սփյուռքահայերի եւ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից:» Անհասկանալի է, թե ինչու Ընկերությունը, հանդիսանալով գերշահութաբեր, որեւէ ծրագիր չի իրականացնում բնակչության սոցիալական վիճակը լավացնելու ուղղությամբ: Հատկանշական է, որ այս պարագայում Սոցիալական ազդեցության հաշվետվության մեջ նշված է. «Նախատեսվող գործունեությունը անմիջական բացասական հետեւանքներ չի ունենա դրա հնարավոր ազդեցությունը կրող համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա, քանի որ ծրագրի շրջանակներում չի նախատեսվում բնակչության որեւէ տարաբնակեցում կամ հանքավայրի տարածքի ընդլայնում:» Իրականում Ընկերությունը դիմել է «արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում եւ թույլտվության ժամկետի երկարաձգում» նախատեսող ծրագրի փորձաքննության համար, հետեւաբար ինչպե՞ս է նշված «հանքավայրի տարածքի ընդլայնում» տեղի չի ունենալու հասկանալի չէ: Երեւի մտածել են, որ սոցիալական վիճակն արդեն ծայրահեղ ծանր է եւ վատանալու տեղ չկա:
5. ՇՄԱԳ-ում անտեսվել են նաեւ ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի նորմերը:
Մասնավորապես, ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն. «1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
1) գերեզմաններ.
2) բնության, պատմությանեւմշակույթիհուշարձաններ.
3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:»
Քաջարանի հանքավայրի տարածքում առկա են նշված բոլոր երեք դեպքերը: Սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվության մեջ նշված է.«բոլոր հետազոտված համայնքները հարուստ են պատմական վայրերով, հուշարձաններով եւ արվեստի ստեղծագործություններով»: Միաժամանակ նշված է. «բոլոր հետազոտված համայնքներում հատուկ պահպանվող տարածքների ամենամեծ մասնաբաժինը գտնվում է Լեռնաձոր համայնքում»:
6. Քաջարանի հանքավայրի տարածքում առկա է հարուստ կենսաբազմազանություն: ՇՄԱԳ-ում նշված է, որ այդ տարածքը հանդիսանում է 241 տեսակն բարձրակարգ բույսերի բնակատեղին: Դրանց մի մասը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության են ենթակա բուսական աշխարհի բոլոր օբյեկտները»:
ՇՄԱԳ-ում նշված է, որ հարստացուցիչ ֆաբրիկայի, բացահանքի եւ պոչամբարների շրջակա տարածքներում բնակվում են անողնաշար կենդանիների 70 կարգերի ներկայացուցիչներ, միջատների` 29 կարգ: Նշված է նաեւ, որ բացահանքի սանիտարապաշտպանական գոտում հայտնաբերվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված Թաղանթաթ եւ երիկարգին պատկանող մեկ տեսակ՝ Մանուշակագույն մեղու-ատաղծագործը, բզեզների կարգից` Ֆալետիիկ ողնջակեր ցայտանայուկը, թիթեռների կարգից` մնեմոզինան:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի բոլոր օբյեկտները ենթակա են իրավական պահպանության:» Չնայած, որ ՇՄԱԳ-ում մանրամասն ներկայացված են տարածքի բուսական եւ կենդանական աշխարհը, սակայն չեն նախատեսված միջոցառումներ այդ տեսակները եւ դրանց բնակատեղին պահպանելու համար: Հակառակը նշված է, որ ծրագրի իրականացմամբ այդ տեսակները չեն վնասվի, ինչը իրականությանը չի կարող համապատասխանել, քանի որ այդ հանքը` բաց հանք է:
7. Խախտվել է նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: Մասնավորապես, չեն ներկայացվել մարդու առողջության վրա ազդեցությունը եւ դրա կանխարգելման միջոցառումները, չեն հրապարակվել ներկայացվող փաստաթղթերը Ընկերության եւ ՀՀ Բնապահպանության կայքում, չեն իրականացվել օրինական լսումներ, նույնիսկ խոչընդոտել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը եւ մասնակցությունը լսումներին:
Ելնելով վերը նշվածից, կարելի եզրակացնել, որ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխման ՇՄԱԳ-ը կատարվել է մակերեսորեն, հաշվի չի առնվել ՀՀ օրենսդրության մի շարք պահանջներ, չի ներկայացվել կանխարգելիչ միջոցառումների ցանկը, չեն նախատեսվել ազդակիր համայնքների բնակչության սոցիալական բարեկեցության բարձրացման եւ առողջության պահպանման միջոցառումներ:
Հոկտեմբեր 27, 2016 at 16:29
