«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը պահանջում է բացասական եզրակացություն տալ Քաջարանի հանքավայրի ընդլայնման ծրագրին

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը պահանջում է բացասական եզրակացություն տալ Քաջարանի հանքավայրի ընդլայնման ծրագրին

ԷկոԼուր

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից պահանջում է բացասական եզրակացություն տալ Քաջարանի հանքավայրի ընդլայնման ծրագրին: Արթուր Գրիգորյանի նամակում ասված է. «Սույնթվականի նոյեմբերի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղի են ունեցել «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում)» նախագծի վերջին հանրային քննարկումները, որից հետո նախագիծը պետք է ենթարկվի պետական բնապահպանական փորձաքննության և ստանա եզրակացություն: Հիշեցնեմ, որ նախագծով սահմանված է շահագործման ծավալների մեծացում՝ մինչև տարեկան 22 մլն. տոննա՝ ներկայիս 12,5 մլն տոննայի փոխարեն՝ 25 տարի ժամկետով: Հարկ է նշել, որ ընկերությունը չի ներկայացրել բավարար տվյալներ շահագործման ժամանակահատվածի համար ընդերքօգտագործման թափոնների կառավարման վերաբերյալ: Ավելին, առկա տվյալների վերլուծությունից հետևում է, որ ընկերությունը չունի այդ ծավալի ընդրքօգտագործման թափոնները տեղավորելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախագծի ՇՄԱԳ հաշվետվությունը թերի է և չի համապատասխանում օրենսդրության իմպերատիվ նորմերով սահմանված լիարժեքության, հավաստիության, բավարարորակյալ, թարմտեղեկատվության, հիմնավորվածության և առավել ևս՝ ամբողջականության պահանջներին, ինչը պետական լիազոր մարմնին թույլ չի տալիս դիտարկել գործունեության համալիր՝ գումարային ազդեցությունը, իրականացնել ՇՄԱԳ լիարժեք փորձաքննություն և պարզել նախատեսվող գործունեության ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա:

Մասնավորապես՝ նախագծի ՇՄԱԳ հաշվետվության համաձայն (115-116-րդ էջեր) ֆլոտացիայից հետո առաջացած պոչերն ուղղվում են պահեստավորման «Արծվանիկ» պոչամբար, որի շահագործման առաջին փուլի հաշվարկային հզորությունը կազմում էր 146 մլն. խորանարդ մետր, իսկ պատնեշի բարձրությունը՝ 170 մետր, ծովի մակերևույթից 886.3 մետր: Նույն փաստաթղթի համաձայն, պոչամբարի առավելագույն հզորությունը ծովի մակերևույթից 1010 մետր բարձրության դեպքում կկազմի 398 մլն. խորանարդ մետր, մինչդեռ ներկայումս տիղմալցված պատնեշի կատարը գտնվում է 900 մետր նիշի վրա, իսկ նրա բարձրությունը առաջնային պատնեշի ստորոտից կազմում է 135 մետր: Չնայած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հստակ պահանջներին՝ ՇՄԱԳ հաշվետվության մեջ նշված չեն պոչամբարի ծավալների, լցվածության չափի և այլ անհրաժեշտ ցուցանիշերի վերաբերյալելակետայինտվյալների բավարար աղբյուրներ, ինչը թույլ չի տալիս ստուգելու դրանց հավաստիությունը, ներկայացված տվյալների թարմությունը և գնահատելու ազդեցության աստիճանը: Ներկայացված հզորություններով պոչամբարը շահագործելու պարագայում գնահատված չէ նաև Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի անվտանգության հարցը, քանի որ այն անցնում է պոչամբարին հարակից տարածքով և որոշ հատվածներում գտնվում է պոչամբարի հայելուց շատ փոքր բարձրության վրա:

Ավելին, 2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պատասխանատուները «Արծվանիկ» պոչամբարի նախագծային ծավալների և լցվածության վերաբերյալ ներկայացրեցին միանգամայն այլ տվյալներ, քան ներկայացված է ՇՄԱԳ հաշվետվությունում: Մասնավորապես նշվեց, որ պոչամբարի նախագծային ծավալներն են 325 մլն. խորանարդ մետր, որից այս պահին լցված է 212 մլն. խորանարդ մետր: Ընկերության պատասխանատուները նշեցին, որ պոչամբարը կարող է շահագործվել ևս 12 տարի, մինչդեռ նախագիծը ներկայացված է 25 տարվա համար (քննարկումն ամբողջությամբ ձայնագրվել է լրատվամիջոցների կողմից): Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, «Փորձաքննականդրականեզրակացությունըտրվումէհիմնադրութայինփաստաթղթիկամնախատեսվողգործունեությանփաստաթղթերումնշվածժամկետով», ինչն արդեն իսկ բավարար է նախագիծը չհաստատելու համար: Անհասկանալի է նաև, թե ինչպիսի՞ փաստաթղթերից են վերցված այդ տվյալները, որքանո՞վ են դրանք հավաստի և որքանո՞ են համընկնում ՇՄԱԳ հաշվետվությամբ ամրագրված՝ պատնեշի բարձրության և պոչամբարի ծավալների վերաբերյալ տվյալների հետ: Հանրային քննարկման արդյունքում պարզ չեղավ, թե արդյո՞ք ընկերությունը պատրաստվում է պոչային տնտեսության հարցը լուծել «Արծվանիկ» պոչամբարի պատնեշը բարձրացնելով, թե՞ պատրաստվում է կառուցել նոր պոչամբար: Այս մասին տեղեկություններ չկան նաև ՇՄԱԳ հաշվետվությունում:

Այսպիսով, «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում)» ՇՄԱԳ հաշվետվությունը չի համապտասխանում այս կատեգորիայի նախատեսվող գործունեության համար ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պահանջներին. այն չի պարունակում համալիր՝ գումարային ազդեցությունը գնահատելու համար բավարար տվյալներ հատկապես ընդերքօգտագործման թափոնների կառավարման հարցում: Նախատեսվող գործունեության պատշաճ իրականացման համար պահանջվում է շահագործման ծավալներին համապատասխանող պոչամբար, որը ընկերությունը չունի, իսկ ՇՄԱԳ հաշվետվությամբ չեն ներկայացվել այդ առանցքային հարցի վեաբերյալ լուծումներ: Ներկայացված չեն օրենսդրությամբ պահանջվող բավարար տվյալներ «Արծվանիկ» պոչամբարի ծավալները նախագծին համապատասխան ավելացնելու կամ նոր պոչամբար կառուցելու վերաբերյալ: Շահագործման ընթացքում առանձին պոչամբարի նախագիծ ներկայացնելը հակասում է գործող օրենսդրության պահանջներին, քանի որ ի թիվս նախագծերի համալիր՝ գումարային գնահատման պահանջին ոչ մի հիմք չկա պնդելու, թե նոր պոչամբարի նախագիծը կհաստատվի լիազոր մարմնի կողմից:

Գտնում ենք, որ նախատեսվող գործունեության՝ ներկայացված ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է ստանա ՇՄԱԳ բացասական եզրակացություն, քանի որ ներկայացված նախագիծն արմատապես հակասում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին և ՀՀ օրենսդրության մաս կազմող այլ իրավական ակտերին: Այդ թերությունները չեն կարող հաղթահարվել որոշակի պայմաններով տրվող դրական եզրակացությամբ: Հիմք ընդունելով ներկայացված հիմնավորումները՝ խնդրում եմ նախագծին տալ բացասական եզրակացություն»:

Դեկտեմբեր 13, 2016 at 15:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր