

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կրկնակի ստուգման արդյունքում «Deno Gold Mining» ընկերությանը հաջողվեց 300 միլիոն դրամից մինչեւ 12 միիլոն դրամ կրճատել տուգանքը, պնդում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նոր պետ Ալեքսանդր Սահակյանին ուղղված գրության մեջ (նամակ թիվ 011, 08.04.2010թ.) հասարակական կազմակերպությունը նշում է տեղի մամուլում 2008թ. Սյունիքի բնապահպանական պետական տեսչության հրապարակային ելույթները: Ելույթներում Սյունիքի բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչները խոսում էին «Deno Gold Mining» ընկերության 2007թ. ստուգումների մասին, որոնց ընթացքում հայտնաբերվել էին հանքօգտագործման մի շարք խախտումներ: Նաեւ տեղեկատվություն եղավ ընկերության տուգանքի չափի մասին` ավելի քան 300 միլիոն դրամ, այսինքն` ապօրինաբար յուրացվել էր 550 կգ ոսկի:
Նամակում նաեւ նշված է ընկերության կրկնակի ստուգման մասին, որն արդեն 2008թ. նշանակել է ՀՀ բնապահպանության նախարարը: Այդ ստուգման արդյունքում 2007թ. սահմանված տուգանքը կրճատվել է ավելի քան 20 անգամ եւ կազմել է 12 միլիոն դրամ:
Գրության մեջ նաեւ նշված է փորձագետ Սամվել Գասպարյանին կրկնակի ստուգումն անցկացնող հանձնաժողովում չընգրկելու մասին: Սամվել Գասպարյանն առաջին ստուգման ժամանակ հայտնաբերել էր վերոնշյալ խախտումները:
Հասարակական կզամակերպությունն ընդգծում է, որ դեռ 2009թ. դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությանը եւ «Deno Gold Mining» ընկերությանը 2007-2008թթ. ստուգումների արդյունքների տրամադրման խնդրանքով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: ««Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի աղմկահարույց գործից հետո հասկացանք, թե ինչու չեն տրամադրում,- նշված է նամակում,- մամուլից հայտնի է, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լադչենկոն եւ նրա տեղակալ Լեւոն Վարդանյանը հրավիրվել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ քննարկման, ինչից հետո ՓԲԸ-ի կողմից կատարված խախտումների առնչությամբ նշանակված տուգանքի չափը մոտ 20 անգամ նվազել է` 202 միլիոնից դառնալով 10 միլիոն 141.6 հազար դրամ»:
Նամակում նաեւ նշված է, որ հասարակական կազմակերպությունը տեղեկատվություն տրամադրելու պահանջով դիմել է դատարան ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության եւ միջնորդել է դատարանին, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությանը ներգրավեն գործընթացի մեջ:
Ապրիլ 09, 2010
