

ԷկոԼուր
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներկայացրած նախագծին տրամադրված ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությանն ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել խախտումների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«...Նախարարության կողմից տրված այս դրական եզրակացության համաձայն Քաջարանի հանքավայրից տարեկան կթույլատրվի արդյունահանել մինչև 22 միլիոն տոննա հանքաքար՝ մինչև այժմ թույլատրված 12,5 միլիոնի փոխարեն։ Տարեկան մինչև 12,5 միլիոն տոննա հանքաքար արդյունահանելու իրավունքն ու փորձաքննական դրական եզրակացությունը ԶՊՄԿ-ին տրվել էր դեռ 2007 թվականին, ինչը վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ հանքը շահագործող ընկերությունն իրավունք չունի արդյունահանել պետական լիազոր մարմինների կողմից թույլատրված ծավալներից ավել հանքաքար։… Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը պետական մարմիններին ուղղված հարցումների արդյունքում ստացված տեղեկություններից պարզել է, որ վերջին յոթ տարների ընթացքում ԶՊՄԿ-ն թույլատրվածից 29,7 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանել ու վերամշակել, ինչի արդյունքում նույն չափով լրացուցիչ հանքահարստացման թափոններ են տեղադրվել Արծվանկի պոչամբարում՝ մեծացնելով տարբեր ճանապարհներով բնական միջավայրի աղտոտման ծավալները։ ...Այս ամենը մինչև 2014 թվականի օգոստոսի 9-ը գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի խախտում է։ Oրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետում հստակ գրված է. «Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչև փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը»: Չի գործել նաև դրանից հետո ուժի մեջ մտած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի հետևյալ պահանջը. «Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով»։ ԶՊՄԿ-ն խախտել է նաև 2012 թվականի հոնվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» 59-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հետևյալ պահանջը. «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան»։
… Դեռ 2014 թվականին ՀԲՃ-ն պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը, որտեղ ի թիվս այլ խնդիրների ահազանգել էր նաև Քաջարանի հանքավայրից թույլատրված ծավալից ավել հանքաքար արդյունահանելու փաստերի մասին։ Սակայն նախարարությունն այն ժամանակ օրենքի պահանջները կիրառելու փոխարեն պատասխանեց, թե ԶՊՄԿ-ն ավելացված՝ տարեկան 22 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման համար մշակում է համապատասխան փաստաթղթերի փաթեթ, ինչը կներկայացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»։
Փետրվար 24, 2017 at 17:33
