

ԷկոԼուր
Հանքարդյունաբերությունը շարունակում է աղտոտել Լոռու և Սյունիքի մարզերի գետերի ջուրը՝ հասցնելով դրանք ամենավատ որակի: Այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գետերի ջրի քիմիական որակի վերաբերյալ վերջին տվյալները:
Այսպես, ջրի ամենավատ որակ (5-րդ դաս) գրանցվել է Լոռու մարզում հոսող Շնող գետի գետաբերանում: ՊՈԱԿ-ի տեղեկանքի համաձայն, ջրի աղտոտման աղբյուրներն են մոլիբդենը, երկաթը և կախված մասնիկները: Նշենք, որ Շնող գետի ջրի որակը սկսեց վատթարանալ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումից հետո: Անցյալ տարի բնապահպանները նկարահանել էին՝ ինչպես են հանքավայրի պոչամբարից դուրս եկող թափոնաջրերը լցվում գետ (http://ecolur.org/hy/news/mining/bitter-consequences-of-teghout-mine/7997/): Հանքավայրի պատճառով գետի աղտոտվածության հարցը բարձրացրել էին նաև Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները (http://ecolur.org/hy/news/mining/right-to-use-water-violated-shnogh-and-teghout-villagers-complaining/8453/): «Թեղուտ» ՓԲԸ-ն չէր հերքել իր մեղավորությունը և դեռ անցյալ տարի խոստացել էր շտկել իրավիճակը: Սակայն, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, Շնող գետի վատ վիճակը չի փոխվել:
Լոռու մարզի հաջորդ աղտոտված գետը Ախթալան է: Այս գետի գետաբերանում ջրի աղտոտվածությունը հասնում է 5-րդ՝ ամենավատ դասին: Ջրի վատ որակը պայմանավորված է ցինկի, պղնձի, կադմիումի, մանգանի, կոբալտի, երկաթի և սուլֆատ իոնի պարունակությամբ: Ախթալա գետ են լցվում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ստորգետնյա հանքից թունավոր նյութերը: Բացի այդ, կոմբինատի Նահատակ և Նազիկ պոչամբարների միջև ընկած տարածքը, որը գտնվում է Ախթալա գետի վերևում, լցված է պոչերով եւ լցակույտերով: Այդ թափոնները ևս թափվում են Ախթալա գետ (տես լուսանկարները՝ http://ecolur.org/hy/news/mining/akhtala-combine-clean-akhtala-area-of-old-tails-before-thinking-of-new-tailing-dump-photos/6978/):
Հանքարդյունաբերության հաջորդ «զոհը» Սյունիքի մարզում հոսող Կարճևան գետն է: Կարճևան գետի գետաբերանում ջրի որակը դասվում է 5-րդ՝ ամենավատ դասին: Աղտոտվածությունն այստեղ պայմանավորված է ԹՔՊ-ով, մոլիբդենով, մանգանով, վանադիումով, կոբալտով, երկաթով, նատրիումով, սուլֆատ իոնով և կախված մասնիկներով: Անցյալ տարվա ամռանը ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսել էր Կարճևան գետի վիճակը (http://ecolur.org/hy/news/mining/whether-there-is-any-bright-future-for-kartchevan-community-photos/8339/): Ջրի փոխարեն գետով հոսում էին պոչեր, որոնք լցվում էին անմիջապես Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքից: Կարճևանը թափվում է անդրսահմանային Արաքս գետ:
Ջրի ամենավատ որակ է գրանցվել նույն մարզի Ողջիի գետավազանի երկու գետերում՝ Ողջիում և Արծվանիկում. Ողջի գետում՝ Քաջարանից ներքև և Կապանից ներքև ընկած հատվածներում, և Արծվանիկի գետաբերանում: Ողջիում աղտոտվածությունը պայմանավորված է ամոնիում իոնի, մանգանի, պղնձի պարունակությամբ, Արծվանիկում՝ մոլիբդենի, մանգանի և վանադիումի: Այս երկու գետերի հիմնական աղտոտիչը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (http://ecolur.org/hy/news/water/12-rivers-and-tributaries-in-syunik-region-have-worst-pollution-class-5-because-of-mining-photos/8388/):
Ապրիլ 05, 2017 at 16:03
